Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԵՐԱԿԱ

Ապրիլ 22,2006 00:00

«ԳԵՐԱԿԱ ՃՅՈՒՂԸ» ԲԱՐՁԻԹՈՂԻ ՎԻՃԱԿՈՒՄ Է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու համար միլիոնավոր դոլարներ են ծախսվել, բայց ոչ մի գործ, ըստ էության, չի արվել: «Էլեկտրոնային Հայաստան» ծրագիրը կառավարության իրականացրած ամենաանիրատեսական ու ամենաանհեռանկարային ծրագրերից է՝ սկսած «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության» մասին օրենքի կիրառումից մինչեւ պետական կառավարման թափանցիկության ապահովումը: Օրենքի 18 հոդվածներից բաղկացած 6 գլուխները հայաստանյան իրականության մեջ պարզապես ոչինչ չասող անհեթեթ ինչ-որ մտքեր են, որոնք կամ երբեւէ չեն իրականանա, կամ կիրականանան 10-15 տարի հետո, երբ ողջ օրենսդրական դաշտը փոխելու անհրաժեշտություն կլինի: Օրենքը խոսում է մի փաստաթղթի մասին, որն առանց ստորագրության, իրավաբանական լեզվով ասած՝ առոչինչ է, ինչ վերաբերում է թվային ստորագրությանը՝ դրա մասին մենք ընդհանրապես չենք կարող մտածել, քանի որ չունենք հավաստագրման կենտրոններ, որոնք կստեղծեն նման ստորագրություններ եւ բացի այդ, դրանց ստուգման հստակ մեխանիզմներ կունենան: Մեր տեղեկություններով՝ այդ կենտրոնների ստեղծման հարցը ձգձգվում է, քանի որ ամեն անգամ վարչապետին կից տեղեկատվական տեխնոլոգիաների խորհրդում այդ մասին քննարկումը կռվով է ավարտվում: Բանն այն է, որ կենտրոնների բիզնեսը բավականին եկամտաբեր է լինելու, եւ այս տարիների ընթացքում գործին խառնված առեւտրի եւ տնտեսական զարգացման, տրանսպորտի եւ կապի, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություններից ոչ մեկը չի ուզում բիզնեսի մենաշնորհը զիջել մյուսին: Առայժմ խորհուրդը հակված է բիզնեսի վերահսկումը տալ առեւտրի նախարարությանը: Բայց եթե նույնիսկ հավաստագրման կենտրոններն էլ ստեղծվեն, միեւնույն է, դրանով Հայաստանում էլեկտրոնային համակարգը չի ձեւավորվի: Իրավաբան-փորձագետ Դավիթ Սանդուխչյանը «am» ամսագրին տված հարցազրույցում դժգոհել էր, որ մերոնք չեն էլ հասկանում՝ ինչ ասել է էլեկտրոնային կառավարում եւ էլեկտրոնային կառավարություն, իսկ դրանք խիստ տարբեր բաներ են. «Վարչապետին ճիշտ չեն ներկայացրել ծրագիրը. ոչ վարչապետը, ոչ որեւէ նախարար պարտավոր չէ իմանալ բոլոր նրբությունները, դրա համար կան մասնագետներ եւ խորհրդատուներ: Քանի որ շատ տեխնիկական փաստաթուղթ էր, այդ պատճառով էլ սխալ ընկալվեց կառավարության կողմից»: Հիշեցնենք, որ վարչապետին կից խորհուրդը ձեւավորվել է դեռեւս 2001-ին, այս ընթացքում խորհուրդն անընդհատ նիստեր է հրավիրում ու ՏՏ ոլորտի վերաբերյալ հարցեր քննարկում: Խորհրդի մեր աղբյուրների վկայությամբ՝ իրականում ոչ մի գործ այնտեղ չի արվում, պարզապես կառավարության, մասնավոր հատվածի, միջազգային դոնոր կազմակերպությունների մի քանի ներկայացուցիչներ հավաքվում են, ֆանտաստիկայի ժանրից մտքեր են արտահայտում, նստում մի դավթար թղթեր ու ծրագրեր են մշակում, հսկայական ռեսուրսներ ծախսում ու վերջ: Միջազգային դոնոր կազմակերպությունների մասնակցությունը խորհրդի նիստերին պատահական չէ. մերոնք նրանց ոգեւորում են իրենց «էս կանենք-էն կանենք» ծրագրերով, դրամաշնորհների տեսքով հսկայական գումարներ պոկում, բայց այդպես էլ ոչինչ չի արվում: «Քյարը», որ մնում է այդ նիստերից, այս կամ այն երկրում ցուցահանդեսներին մասնակցելն է: Թունիսի գագաթաժողովը 2005-ի վերջին է եղել, բայց մինչ օրս ՏՏ դաշտում աշխատող ընկերություններն անընդհատ ասուլիսներ են հրավիրում, որ ասեն, թե ինչ լավ ներկայացրին մեր երկիրը, ինչ տպավորություն ենք կարողացել թողնել եւ այլն: Հայաստանում էլեկտրոնային կառավարման «հաջողություններն» ավելի լավ պատկերացնելու համար բավական է որեւէ թաղապետարանից արխիվի փաստաթուղթ պահանջես. մի բաժնից մի բաժին են ուղարկում, անընդհատ տանում-բերում ու եթե փաստաթուղթը կորցրած չեն լինում՝ հարցումից 1-2 ամիս հետո նոր գտնում-տալիս են: Նույնիսկ նախարարություններում ներքին ցանցը չի գործում, ինտերնետը ճոխություն է թվում, իսկ ունենալու դեպքում էլ վիրուսներն այնքան են խեղդում, որ ստիպված են լինում ցանցն անջատել: Թաղապետարաններում ընդհանրապես ներքին ցանցի մասին խոսք չկա: Մեր հարցմանն ի պատասխան՝ Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի լրատվականից ասացին, որ թեեւ ներքին ցանց, ինտերնետ չունեն, համակարգիչներ մի քանի հատ կա, այն էլ՝ հատուկենտ բաժիններում, բայց գոհունակությամբ հայտնեցին, որ «հեռախոս ունենք»: Այսինքն, ստացվում է, որ հեռախոսը նույնպես մեր թաղապետարանների համար էլկառավարման շքեղություններից է: Միայն Շենգավիթի թաղապետարանից պատասխանեցին, որ արդեն 4-5 տարի է՝ ներքին ցանցը նորմալ գործում է, 10-ից ավելի համակարգիչներ ունեն, դեռ 2 հատն էլ նվիրել են «Փարոսին» ու իրենց համայնքի զինկոմիսարիատին: Ինչ վերաբերում է ինտերնետին՝ այն չկա. «Ասինք լավ վիճակում ենք՝ չասինք հասել ենք էն մակարդակին, որ ինտերնետ էլ ունենանք»: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել