Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ

Ապրիլ 22,2006 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք առաջին Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդԳլուխ իններորդԳլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներկուերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ ¶ÉáõË ï³ëÝí»ó»ñáñ¹ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ քսանվեցերորդԳլուխ քսանյոթերորդ Գլուխ քսանութերորդ Գլուխ քսանիններորդ Գլուխ երեսուներորդ Գլուխ երեսունմեկերորդ Գլուխ երեսուներկուերորդ Գլուխ երեսուներեքերորդԳիրք երկրորդ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ ¶ÉáõË »ññáñ¹ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդԳլուխ իններորդ Գլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներկուերորդԳլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ Գլուխ տասնվեցերորդ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ քսանվեցերորդ Գլուխ քսանյոթերորդ Գլուխ քսանութերորդԳլուխ քսանիններորդ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ – Պահո՜,- բաժակիս մեջ նայելով՝ զարմացավ Լիզան.- ա՜յ քեզ բաժա՜կ: Հազար ու մի բաժակ եմ նայել, բայց էս տեսակ բաժակ կյանքումս առաջին անգամ եմ տեսնում: – Կարող ա՞ լավ չի չորացել,- ասացի ես՝ բաժակիս մեջ նայելով ու տեսնելով, որ սուրճիս մնացորդը տեղ-տեղ ծորում է: – Չորանալը կապ չունի,- ասաց Լիզան:- Մեր գյուղում է՛լ եմ բաժակ նայել, կուրսեցիներիս բաժակներն է՛լ եմ հազար անգամ նայել, բայց էս տեսակ բաժակ կյանքումս տեսած չկամ: – Երեւի լավ չեմ խմել,- ասացի ես:- Վռազացրի՛ր. մեջն ահագին կոֆե մնաց: – Դա ոչ մի կապ չունի,- սարսափահար ինձ նայեց Լիզան:- Ծայրեծայր գիշեր է: – Ի՞նչ գիշեր,- զարմացա ես: – Սովորական գիշեր, բայց՝ շատ մութ: – Լրիվ մո՞ւթ: – Լրիվ. լույսի ո՛չ մի ծվեն չկա: – Ի՞նչ ծվեն: – Լույսի ո՛չ մի նշույլ գրեթե չի նշմարվում. անծայրածիր գիշեր է: – Էդ ի՞նչ ա նշանակում: – Չգիտեմ,- իր վերջին կում սուրճը խմելով եւ իր բաժակն իր ափսեի մեջ շրջելով՝ ասաց Լիզան: – Քո գուշակությունները կատարվո՞ւմ են,- վախեցած հարցրի ես: – Թարսի պես՝ հա՛,- մեղավոր ասաց Լիզան: – Բա էդ գիշերն ի՞նչ ա նշանակում: – Գիշերը գիշեր է. գիշերը ո՞նց կարող է լավ բանի նշան լինել: – Այսինքն, վատ բանի նշան ա՞: – Երեւի: – Կոնկրետ բան ասա: – Կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել: Ես հո մասնագետ չե՞մ. ուղղակի մեր կուրսի էրեխեքը մեկ-մեկ որ խնդրում են՝ իրենց բաժակներն է՛լ եմ էսպես թեթեւակի նայում: – Էս թեթեւակի նայել ե՞ս համարում: – Սրտիդ շատ մոտ մի՛ ընդունիր. շատ լուրջ ես ընդունում: – Դո՛ւ լրջացրիր: Ես էս բաներին լուրջ չեմ վերաբերվում, բայց գույնդ ընե՛նց գցեցիր, որ ես է՛լ վախեցա: – Հաստա՞տ: Ասում ես՝ գույնս գցեցի՞: – Հա: Հենց բաժակիս նայեցիր՝ գույնդ փոխվեց: – Հիմա փոխվա՞ծ է: – Չէ. արդեն տեղն ընկավ: – Ես է՛լ էս բաներին շատ չեմ հավատում,- ասաց Լիզան՝ իր բաժակը վերցնելով եւ մեջը զննելով: – Հը՞, ի՞նչ կա,- իր դեմքի արտահայտությունից վախեցած՝ ասացի ես: – Իմը քոնից բեթար է,- ցնցվեց Լիզան: – Ի՞նչ իմաստով: – Ամեն իմաստով: Իմն է՛լ է ծայրեծայր գիշեր, բայց քոնի մեջ գոնե տեղ-տեղ սպիտակ բծեր կան՝ աստղերի պես ինչ-որ բաներ: Իմի մեջ էդ բծերն է՛լ չկան: – Քոնը լրիվ ա՞ մութ: – Լրիվ: Փաստորեն, ոչ մի լուսավոր բան չկա: – Շատ լուրջ ես ընդունում: Ես լսել եմ, որ բաժակ նայողն իրա սեփական բաժակը նայելու իրավունք չունի: – Ես է՛լ եմ էդ տեսակ բան լսել, բայց բաժակը մնում է բաժակ: Փաստ է, որ շատ անհաջող բաժակ է: – Էրկուսիս բաժակներն էլ, փաստորեն, անհաջող են: – Համեմատելու բաներ չեն. քոնի համեմատ՝ իմը շատ ավելի վատն է: – Լուրջ մի՛ ընդունի: Ժամը քանի՞սն էղավ: – Վեց անց կես,- ժամացույցին նայելով՝ ասաց Լիզան: – Վեր կենանք,- ասացի ես.- արդեն ժամանակն ա: – Ինչի՞ ժամանակն է: – Ռեստորանի՛: Ռեստորանում մի քիչ կցրվենք: – Ի՞նչ իմաստով: – Էս բաժակների իմաստով: – Էս բաժակները դատարկ բաներ են,- ասաց Լիզան:- Ասում ես՝ իմ ռեստորան գալը հարմար է՞: – Շատ: Դու որ չգաս՝ ես է՛լ չեմ գնա: – Եթե դու իմ բաժակ նայելուն լուրջ չվերաբերվես, ես է՛լ լուրջ չեմ վերաբերվի: – Դատարկ բան ա,- ասացի ես.- անցած ըլնի: – Անցած լինի,- ասաց Լիզան: – Համ էլ՝ միշտ չի, որ գիշերը վատ բանի նշան ա,- ասացի ես.- շատ հաճելի գիշերներ է՛լ են ըլնում: Ասում ա, չէ՞, գիշերն անուշ է, գիշերն հեշտագին: – Լավ էլ գրական հայերեն ես խոսում,- ասաց Լիզան: – Գրական արեւմտահայերե՛ն,- ասացի ես: – Վեր կենանք. շատ թթվեցինք,- ասաց Լիզան: – Հաշիվը փակեմ՝ գնանք,- ասացի ես՝ մոտենալով Էֆենդու դախլին: – Արդեն գնո՞ւմ եք,- հարցրեց Էֆենդին: – Հա. շատ նստեցինք,- ասացի ես: – Էկել էիք՝ մի էրկու օր մնայիք,- ժպտաց Էֆենդին: – Էլի՛ կերեւանք,- ասացի ես:- Շատ հաճելի տեղ ա: – Փորձում եմ էս կազյոննի տեղը հաճելի դարձնեմ,- հայացքով դատախազության պատը ցույց տվեց Էֆենդին.- կաշվիցս դուրս եմ գալի, որ մարդիկ իրանց լավ զգան: – Ի՞նչ պիտի վճարեմ, Էֆենդի՛,- հարցրի ես: – Ինչի՞ համար,- զարմացավ Էֆենդին: – Կոֆեների համար,- ասացի ես. կոֆեների ու լիմոնադների: – Ես էլ մտածում էի՝ ե՛ս պիտի քյաբաբի համար քեզ վճարեմ,- ասաց Էֆենդին: – Վիրավորում ես, Էֆենդի՛,- ասացի ես: – Չեմ վիրավորում,- ասաց Էֆենդին.- ընդամենը քո վիրավորանքին եմ պատասխանում: Ավելի լավ ա մարդուն սպանեն, քան վիրավորեն: – Շատ ուժեղ միտք է,- ասաց Լիզան, որ արդեն մոտեցել էր մեզ: – Էդ միտքն իմ միտքը չի,- ասաց Էֆենդին.- Շեքսպի՛րն ա էդ խոսքն ասել: – Շատ ուժեղ է ասել,- ասաց Լիզան: – Ուժեղ ա, թուլ ա՝ ի՛նքն ա ասել,- ասաց Էֆենդին.- ես ոչ մի կապ չունեմ: – Որ ըտենց ա՝ մենք գնանք,- ասացի ես:- Մերսի, Էֆենդի՛: – Որ ըտենց ա՝ գնացեք,- ասաց Էֆենդին:- Մերսի, Արմենակ ջան: – Շնորհակալություն, Էֆենդի՛,- ասաց Լիզան: – Նորեն համեցեք,- ասաց Էֆենդին: – Հաջողություն,- ասացի ես: – Հաջողություն,- ասաց Էֆենդին: – Էդ կոֆեի բաժակների բովանդակության մասին մոռանանք,- ասացի Լիզային, երբ արդեն սրճարանից դուրս էինք եկել: – Մոռանանք,- ասաց Լիզան.- առանձնապես հիշելու բան է՛լ չի: – Գիշերն էդքան էլ սարսափելի բան չի,- ասացի ես: – Գիշերը մնում է գիշեր,- ասաց Լիզան.- լավ բանի սիմվոլ չի: – Սիմվոլիստ ե՞ս,- ծիծաղեցի ես: – Բոլոր բաժակ նայողներն էլ սիմվոլիստներ են,- ժպտաց Լիզան: – Ասում ես՝ գուշակություններդ կատարվո՞ւմ են: – Թարսի պես՝ հա. կուրսի էրեխե՛քն են ասում: – Գիշերը լավ բանի սիմվոլ է՛լ կարա ըլնի,- ասացի ես.- նայած թե՝ քեզ ոնց ես տրամադրում: – Ես ինձ արդեն տրամադրել եմ, որ էսօր Լեւոն Ներսիսյանի հետ ռեստորանում քեֆ եմ անելու: Ասում ես՝ անկոչ հյուր չե՞մ: – Քեզ որ տենան՝ շատ կուրախանան: – Մյուսները չգիտեմ, բայց Լեւոն Ներսիսյանը հաստա՛տ չի տխրի,- ասաց Լիզան: Երբ հասանք «Արարատ» ռեստորանի շենքին ու երբ նայեցի հրապարակի ժամացույցին՝ յոթից դեռեւս տասնհինգ էր պակաս, այսինքն՝ մեր ժամադրությանը դեռ տասնհինգ րոպե կար, եւ որպեսզի տեղում տասնհինգ րոպե անիմաստ չսպասեինք, Աբովյանով անիմաստ բարձրացանք, ու էդ ընթացքում մտածում էի, որ ընդամենը հինգ ժամ առաջ Լիզան ու ես էդ նույն փողոցով իրարից անտեղյակ իջնում էինք, ու հիմա՝ ընդամենը հինգ ժամ անց, միմյանց համար արդեն հարազատ մարդիկ էինք, եւ իսկապես՝ եթե Լիզան չհամաձայնվեր հետս ռեստորան գալ, ես հաստատ իրեն չէի լքի ու մենակ չէի գնա: Ահա էս բաներն էի մտածում կինո «Մոսկվայի» եւ յոթանասունվեց թվականի օգոստոսի յոթի երեկոյան ժամը յոթի մատույցներում, ու էս բաները մտածելով՝ ես ինձ շատ լավ էի զգում, որովհետեւ շատ ջահել ու շատ տպավորվող տղա էի, եւ, ի տարբերություն հիմիկվա, ամեն նոր ծանոթություն մեջս կյանք էր լցնում ու մեջս եղած կյանքն ավելացնում էր, ու հակառակ սեռի պարագայում էդ պրոցեսն անհամեմատ ցնծուն ու բուռն էր, ու Լիզայի պարագայում՝ հատկապե՛ս, որովհետեւ Լիզան ոտից գլուխ էդ ժամանակվա իմ ճաշակով ու էդ ժամանակվա իմ սրտով էր ու ոչ միայն մեջս լրացուցիչ կյանք էր հորդեցնում, այլեւ՝ ինքնավստահություն, մանավանդ որ՝ արդեն իր կողքով քայլելիս տեսնում էի, որ աժդահա Լիզան, չնայած բարձրակրունկ էր հագած, ամենեւին էլ ինձանից բոյով չի: Երբ Աբովյան փողոցի աջ մայթով բարձրանալով՝ արդեն հասել էինք նկարիչների սրճարան, ես աջ նայեցի ու տեսա Շերենցին, որ նկարիչների սրճարանի իր մշտական սեղանի մոտ ինչ-որ մեկի հետ նստած էր, եւ երբ իրեն տեսա, մտածեցի՝ «բիձեն երեւի ռեստորանի մասին մոռացել ա», ու էդպես մտածելով՝ Լիզային խնդրեցի, որ «Երեւան» հյուրանոցի մոտ ինձ սպասի, եւ երբ մոտեցա Շերենցին, ինքն ինձ տեսնելով՝ ասաց. – Ինչ լավ ա՝ քեզ տեսա, Արմո՛ ջան: – Ռեստորան չենք գնո՞ւմ,- հարցրի ես: – Ի՞նչ ռեստորան, ա՛յ բալա,- ասաց Շերենցը:- Լավ էր՝ քեզ տեսա, թե չէ՝ էս հոգնած հալիս պիտի գայի հասնեի հրապարակ, որ քեզ զգուշացնեի: – Ի՞նչ պիտի զգուշացնեիր: – Պլանները փոխվել են,- տխուր ասաց Շերենցը: – Ո՞նց են փոխվել,- զարմացա ես.- թոռդ չի ընդունվե՞լ: – Չէ. կակռազ թոռս ընդունվել ա, բայց Ֆրո՛ւնզն ա վատ: – Ի՞նչ ա էղել,- վախեցած հարցրի ես: – Հեչ,- ասաց Շերենցը.- իրա մշտական ցավերն են: – Ի՞նչ մշտական ցավեր: – Հաստատ չգիտեմ. վայ թե ստամոքսն ա կամ էլ՝ լյարդը: Որ մի քիչ խմիչքը չարաշահում ա՝ իրա էդ ցավերն էլի սկսվում են: Էրեկ քեզ որ տուն ճամփեցինք՝ իրանց տան ճամփին վատացավ. արդեն ավտոն է՛լ չէր կարում քշեր: Մի կերպ իրանց տուն հասանք, հետո զանգեցինք շտապօգնություն, իրա հիմնական բժիշկն էկավ՝ սրսկեց: – Ի՞նչ հիմնական բժիշկ: – Էս առաջին դեպքը չի. մի քանի անգամ որ Ֆրունզն էդ ձեւով վատացել ա, արդեն ինքն ու շտապօգնության էդ բժշկուհին իրար ճանաչում են: Շատ էլ սիրունիկ կնիկ ա: Որ Ֆրունզին սրսկեց՝ ցավերը մեկից մեղմվեցին: Հետո որ շտապօգնությունն ու էդ բժշկուհին գնացին, ես մի քիչ էլ իրա մոտ մնացի, ու հետո ինքն ինձ տաքսու փող տվեց՝ էկա տուն, բայց սաղ գիշեր աչք չեմ կպցրել. մի կողմից իրա՛ մասին էի մտածում, մյուս կողմից՝ թոռանս էդ քննության մասին: – Շնորհավորում եմ: – Ի՞նչն ես շնորհավորում: – Ասում ես՝ թոռդ ընդունվել ա: – Հա: – Փաստորեն, Ֆրունզի ասածն անցել ա: – Էն էլ ո՜նց ա անցել. երեք էլ չէ՝ չո՛րս են նշանակել: – Բա հիմա ինքը ո՞նց ա: – Ո՞վ ա ոնց: – Ֆրունզը: – Մի ժամ առաջ զանգեցի. արդեն ոնց որ դզվել ա: Բժիշկն ասեց, որ ամենաքիչը մի ամիս մի կաթիլ խմիչք չպիտի՛ օգտագործի: – Պարզ ա,- ասացի ես: – Բայց Ֆրունզին ի՞նչ կա. հես ա մի քանի օրից էլի կսկսի: Էս հո առաջին դեպքը չի՞: – Բա Լեւոն Ներսիսյանը գիտի՞, որ ռեստորան չենք գնալու: – Հա. իմաց ենք արել: Էս մեր քանդակագործ Ռուբոն իրա հեռախոսի համարն ուներ, զանգեցինք՝ զգուշացրինք: Քեզ է՛լ էինք ուզում իմաց անեինք, բայց հեռախոսիդ համարը չգիտեինք: Լավ ա, որ էկար, թե չէ՝ էս ջարդված հալիս պիտի գայի՝ հասնեի հրապարակ: – Գոնե շուտ լավանա,- ասացի ես: – Հա: Հենց լավացավ թե չէ՝ թոռանս հարցը նույն տեղում ու նույն սաստավով նշելու ենք. Ֆրունզի ասա՛ծն եմ ասում: – Կարեւորն իրա առողջությունն ա: – Իրան ի՞նչ կա. հես ա մի շաբաթից ոտի կկանգնի ու էլի կսկսի իրա էդ ուտուշխմուշները: – Հիմա, ասում ես, պառկած ա՞: – Չէ. ի՞նչ պառկած: Ուղղակի պիտի խմելը թարգ տա ու որոշ ժամանակ տանը բուժում ընդունի: Էդ բժշկուհին օրը մի քանի անգամ պիտի գա՝ սրսկի: – Էդ սիրունը՞: – Հա: Աչքիս անմարդ էլ կնիկ ա, ու իրա աչքն էլ ոնց որ մեր Ֆրունզի վրա շատ ա տաք: Հենց որ իմանում ա՝ Ֆրունզի ցավերն էլի սկսվել են, ուրախությունից գժվում ա: – Փաստորեն, Ֆրունզն է՛լ ա մենակ: – Մենակ ա, բա ի՞նչ ա: Արդեն քանի տարի ա՝ Դոնարն էն քամբախ տեղն ա: – Ասում ես՝ սիրուն ա՞: – Դոնարը՞: – Չէ. էդ բժշկուհին: – Սիրունն էն խոսքը չի: Մեկ-մեկ ինձ թվում ա՝ Ֆրունզը դիտմամբ ա շատ խմում, որ իրա էդ ցավերն սկսվեն, ու էդ բժշկուհին իրան սրսկի: Էս միտքս մի անգամ իրանց մոտ որ ասեցի՝ էրկուսն էլ շատ ծիծաղեցին ու շատ ուրախացան: Էդ աղջկան որ մնար՝ վայ թե էս գիշեր մնար Ֆրունզի մոտ, բայց քանի որ ինքը սմենի էր, ու շտապօգնության էդ բրիգադն էլ հետն էր, չէր կարա մնար, չնայած, ինչքան որ հնարավոր էր, ոտը կախ գցեց: – Ջահել ա՞: – Հա: Ֆրունզից շատ ա ջահել: Ոչ էն ա՝ կնիկ ա, ոչ էն ա՝ աղջիկ: Ինձ-ինձ մտածում էի՝ ո՞նց ա սրա սիրտը Ֆրունզին կպել. ինքը՝ էդքան շարմաղ ու սիրուն, Ֆրունզն՝ էդքան գեշ: – Բայց Ֆրունզիկը սովորական մարդ չի: – Սովորական մարդը թոռանս հարցը մի րոպեում ո՞նց կլուծեր: – Շատ լավ ա, որ թոռանդ հարցը լուծվել ա,- ասացի ես.- նորի՛ց եմ շնորհավորում: – Մերսի, Արմո՛ ջան: Աստված թող քո էրեխեքի ինիստուտի հարցերն էլ բարով խերով լուծի: – Ես էրեխա չունեմ: – Հետագայի իմաստով եմ ասում,- ասաց Շերենցը: – Դե լավ, ես գնամ,- ասացի ես: – Գնա՛, Արմո՛ ջան,- ասաց Շերենցն ու ավելացրեց.- Ֆրունզը որ լրիվ լավանա՝ թոռանս մաղարիչի հարցն էդ նույն սաստավով հորով-մորով կանենք: Փաստորեն, թոռանս հաշվով դուք է՛լ հետս հավասար տանջվեցիք: – Հաջողություն,- ասացի ես: – Հաջո՛ղ, Արմո՛ ջան,- ասաց Շերենցը: – Շա՜տ անշնորհքն ես,- ինձ տեսնելով՝ ասաց Լիզան, որ «Երեւան» հյուրանոցի պատի տակ ինձ էր սպասում: – Ինչի՞ եմ անշնորհք,- զարմացա ես: – Մի ժամ է՝ էդ բիձու հետ խոսում ես. չես էլ մտածում, որ քեզ աղջիկ է սպասում: – Կարեւոր բան էինք խոսում: Էդ բիձուն չճանաչեցի՞ր: – Ճանաչեցի. Շերե՛նցն էր: Շերենցի հետ ի՞նչ կարեւոր բան պիտի խոսեիր: – Մեր ընկերներից մեկը հիվանդացել ա: – Իմ մասին չէիր մտածում՝ հասկացանք. բա չես մտածո՞ւմ, որ մարդիկ հիմա ռեստորանի մոտ քեզ են սպասում: Արդեն յոթն անց է,- ժամացույցին նայելով՝ ասաց Լիզան: – Իրավիճակը փոխվել ա,- ասացի ես: – Ի՞նչ իրավիճակ,- զարմացավ Լիզան: – Էդ հիվանդացո՛ղն էր մեզ ռեստորան հրավիրել: Փաստորեն, էդ ռեստորանի հարցը հետաձգվեց: – Սիրտս վկայում էր,- հոգոց հանեց Լիզան: – Ի՞նչ էր վկայում: – Մեր էդ սուրճի բաժակներից հետո ի՞նչ պիտի վկայեր. հո լավ բան չէ՞ր վկայի: – Ռեստորան չգնալը մեծ դժբախտություն չի,- ասացի ես: – Նայած՝ ում համար,- ասաց Լիզան:- Արդեն ինձ տրամադրել էի, որ ամենասիրածս մարդու հետ էսօր ռեստորանում քեֆ եմ անելու: – Ամենասիրածդ մարդն ո՞վ ա: – Լեւոն Ներսիսյա՛նը: – Ինձ էլ թվաց՝ իմ հաշվո՛վ ես ասում: – Չէ մի չէ՜,- քմծիծաղեց Լիզան:- Մի ժամ պատի տակ կանգնացրել էիր: Անցնող-դարձողները զարմացած ինձ էին նայում. երեւի մտածում էին՝ էս անտեր շունն ո՞վ ա: – Շա՜տ ես չափազանցնում. Շերենցի հետ շատ-շատ հինգ րոպե խոսացի: – Ուղիղ տասնհինգ րոպե,- ասաց Լիզան.- ժամացույցիս նայե՛լ եմ: Որ մտար էդ սրճարան՝ յոթից հինգ էր պակաս: – Հիմա քանի՞սն ա: – Արդեն համարյա անց տաս է,- ժամացույցին նայելով՝ ասաց Լիզան: – Կներես,- ասացի ես: – Ներելու կամ չներելու հարց չկա,- ասաց Լիզան.- շնորհքի՛ հարց է: – Անշնորհք եմ,- ասացի ես: – Երեւի ե՛ս եմ անշնորհք, որ զոռով իմ հանդեպ հարգալից վերաբերմունք եմ պահանջում,- ասաց Լիզան: – Շատ էլ ճիշտ ես անում: – Ռոմանտիկ մաքսիմալիստ եմ,- ասաց Լիզան.- արդեն պատկերացնում էի, թե ինչպես եմ Լեւոն Ներսիսյանի հետ ռեստորանում քեֆ անում: – Բա որ իմանաս՝ երրո՞րդն ով էր: – Ի՞նչ երրորդ: – Մեր էդ երրորդ ընկերը, որ մեզ ռեստորան էր հրավիրել: – Էդ հիվանդացողը՞: – Հա՝ հիվանդացո՛ղը: – Ես միայն Լեւոն Ներսիսյանի համար եմ ափսոսում,- ասաց Լիզան:- Արդեն լրիվ տրամադրվել էի: – Որ իմանաս՝ էդ հիվանդացողն ով ա, իրա համար է՛լ շատ կափսոսաս: – Դժվար թե: Համենայնդեպս ասա՝ ո՞վ է: – Ֆրունզիկ Մկրտչյանը: – Կատակ ես անում,- գունատվեց Լիզան:- Հերիք չի՝ տասնհինգ րոպե սպասեցրիր, հիմա էլ ձեռ ես առնում: – Երդվում եմ,- ասացի ես: – Հավատում եմ,- ասաց Լիզան:- Հիմա որ մտածում եմ՝ հասկանում եմ, որ Լեւոն Ներսիսյանն ամեն պատահական մարդու հրավերով դժվար թե ռեստորան գնար: Մենք խոսելով արդեն հասել էինք հրապարակ եւ «Արարատ» ռեստորանի մոտով լռելյայն անցնելով՝ շարունակեցինք արդեն անիմաստ մեր ընթացքը դեպի ցած, եւ ամենատարօրինակն այն էր, որ Լիզան մեր չկայացած ռեստորանային երեկոյի համար ավելի՛ էր ափսոսում, քան՝ ես: – Իմ բախտն ինձ հետ է,- երկար լռությունից հետո ասաց Լիզան, երբ արդեն դատախազության շենքի ու Էֆենդու սրճարանի մոտով էինք անցնում: – Ես իմ բախտից առանձնապես դժգոհ չեմ,- ասացի ես: – Ի՞նչ առումով: – Հատկապես՝ էսօրվա՛ առումով: – Քյաբա՞բը նկատի ունես: – Քե՛զ նկատի ունեմ. էսօր, փաստորեն, քե՛զ գտա: – Համոզվա՞ծ ես, որ ինձ գտել ես: – Համոզված եմ: – Համոզվա՞ծ ես, որ լավ բան ես գտել: – Լավն է՛ն խոսքը չի: Դու ուղղակի գյուտ ես: – Ի՞նչ իմաստով եմ գյուտ: – Ավելի ճիշտ՝ հրա՛շք ես: – Այսինքն, գո՞հ ես, որ ինձ գտար: – Գոհն է՛ն խոսքը չի. բախտավո՛ր եմ: – Բանասիրական ես ավարտել, բայց բառերի նրբերանգներն իրարից չես տարբերում: Էսպիսի դեպքերում ո՛չ թե բախտավոր են ասում, այլ՝ երջանիկ: – Ես միանգամայն երջանիկ եմ, որ ձեզ գտա: – Բա չես վախենո՞ւմ, որ կարող ես կորցնել: – Երջանիկները վախի զգացում չունեն: – Ճիշտ ես ասում,- ասաց Լիզան.- որ վախենայիր՝ տասնհինգ րոպե հյուրանոցի պատի տակ չէիր սպասեցնի: – Երջանկությունից գլուխս կորցրել էի,- ասացի ես.- խելքս գլխիցս թռել էր: – Ես էլ կուզեի ինձ երջանիկ զգալ, բայց, չգիտես ինչու, տրամադրությունս կտրուկ ընկավ: – Երեւի կոֆեի էն բաժակնե՛րն էին պատճառը. շան տեղ մի՛ դիր: – Չե՛մ դնում: Էդ բաժակներից դժվար թե տրամադրությունս էսպես կտրուկ ընկներ: – Կարող ա՞, որ հինգ րոպե սպասեցիր, դրանի՛ց տրամադրությունդ ընկավ: – Տասնհի՛նգ րոպե: Չէ. դժվար թե դրանից տրամադրությունս էսպես կտրուկ փոխվեր: Երեւի որ իմացա՝ ռեստորան չենք գնալու, դրանի՛ց ընկճվեցի: – Բայց մինչեւ էդ՝ դո՛ւ էիր դեմ ռեստորան գնալուն. ասում էիր՝ անկոչ հյուր եմ: – Էդ սկզբում էր, բայց հետո որ իմացա՝ Լեւոն Ներսիսյանն է՛լ է հետներդ լինելու, սկսեցի տրամադրվել: Արդեն լրիվ տրամադրվել էի: Հետո որ ասացիր՝ Ֆրունզիկն է՛լ էր լինելու, տրամադրությունս ավելի՛ փչացավ: Փաստորեն, հրաշքի պես բան էր լինելու: – Վատ ա,- ասացի ես: – Ի՞նչն է վատ,- հարցրեց Լիզան: – Շատ վատ ա, որ չես կարում տրամադրությանդ վրա իշխես: – Ավելի՛ն. տրամադրությո՛ւնս է ինձ վրա իշխում: – Հենց հուզվում ես, սկսում ես գրական լեզվով խոսալ: – Ես միշտ էլ գրական լեզվով եմ խոսում, բայց որ շատ եմ հուզվում, սկսում եմ մեր գյուղի բարբառով խոսել: – Ուրեմն, հիմա շատ հուզված չես: – Ամեն ինչ նորմալ է,- ասաց Լիզան: Մենք քայլելով հասել էինք Կոմայգի, եւ քայլերս ինձ ու Լիզային առաջնորդում էին դեպի «Կրկնվող ֆիլմեր» կինոթատրոնը, որն իմ ամենասիրած կինոթատրոնն էր, որովհետեւ ես սիրում էի սիրածս ֆիլմերը նորից ու նորից նայել ու էդ կրկնվող ֆիլմերում էնպիսի մանրուքներ ու նրբին դրվագներ էի հայտնաբերում, որ երեւի իրենք՝ էդ ֆիլմերի ռեժիսորներն ու դերասաններն է՛լ նկատած չէին լինի: Ինձ շատ են մեղադրում մեր գրական լեզվի դեմ ոտնձգություններ կատարելու իմաստով, բայց դուք վկա եք, որ իմ հեղինակային խոսքում գրական լեզվի դեմ մեղանչումներ համարյա չկան, բայց ես մեղավոր չեմ, որ էս գրքի հեղինակն ու գլխավոր հերոսը չնայած նույն մարդն են, բայց միանգամայն տարբեր լեզուներով են խոսում ու գրում, ու ես, որպես հեղինակ, աշխատում եմ հնարավորինս հավատարիմ մնալ բոլորիս կողմից սիրված ու բոլորիս կողմից հազվադեպ օգտագործվող մեր կուսական գրականին, եւ դուք վկա եք, որ միանգամայն գրական բառերով եմ հեղինակային ասելիքս ասում ու «Կրկնվող ֆիլմեր» կինոյին էլ կինոթատրո՛ն եմ ասում, չնայած է՛ն գլխից չեմ հասկացել ու հիմա էլ համառորեն շարունակում եմ չհասկանալ, թե ինչո՞ւ ենք կինոթատրոն անվանում է՛ն տարածքը, որտեղ միմիայն կինո են ցուցադրում եւ ոչ թե՝ թատրոն: Ես Լիզային առաջարկեցի կինո գնալ, ու Լիզան անմիջապես համաձայնվեց, որովհետեւ ես շատ գովեցի «Սուրբ Յանուարի օպերացիան», որը մի քանի անգամ արդեն տեսել էի եւ էդ ֆիլմի գրեթե բոլոր տեքստերն ու պատկերներն էլ անգիր գիտեի, ու Տոտոյի մասնակցությամբ էդ կոմեդիան հատկապե՛ս էի հավանում, եւ երբ մի ֆիլմ շատ էի հավանում, շատ էի ուզում, որ հարազատներս ու մտերիմներս է՛լ անպայման տեսնեին էդ, ուրեմն, հավանածս ֆիլմը, ու, փաստորեն, Լիզայի պարագայում է՛լ էր էդպես, այսինքն, ուզում եմ ասել, որ Լիզան ինձ համար արդեն մտերիմ ու հարազատ էր, եւ ես իր ներկայությամբ ինձ չափազանց ազատ ու անկաշկանդ էի զգում, ու մտքինս է՛ն էր, որ «Կրկնվող ֆիլմերի» մութ ու ինտիմ դահլիճում ձեռքերս է՛լ լիուլի ազատություն կստանային, չնայած էդ պահին մենք արդեն թեւանցուկ էինք, ավելի ճիշտ՝ ե՛ս էի իր թեւը մտած, եւ, ըստ ամենայնի, էդ հանգամանքն իր համար է՛լ էր հաճելի, որովհետեւ ինքը որեւէ ձեւով չդիմադրեց՝ երբ թեւը մտա, եւ դա իր կողմից շատ էլ տրամաբանական էր, որովհետեւ էդ օրվա մեր հարաբերություններն ու տպավորություններն արդեն մեզ փակուղի էին տանում, եւ Լիզայի հետ թեւանցուկ էդ փակուղուց դուրս գալը միակ տրամաբանական քայլն էր: Գլուխ երեսուներորդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել