Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԼ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻՑ ՀԱՆԵԼ ՉԿԱ՜

Ապրիլ 22,2006 00:00

ԷԼ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻՑ ՀԱՆԵԼ ՉԿԱ՜ Ծննդատներում ընդամենը 1000 դրամ վճարելով՝ ցանկացած վիրուսակիր կարող է ներս մտնել Մայրաքաղաքի բոլոր ծննդատներում կա հաստատված կարգ. «Այցելուների մուտքը՝ 2000 դրամ»: Միայն թե որոշ ծննդատներում գինն ավելի մեղմ է՝ 1000 դրամ: Սրա հետ առողջապահության նախարարությունը ոչ մի առնչություն չունի, քանի որ Երեւանի բոլոր ծննդատները մասնավորեցված են: Նման տիպի ցանկացած կարգ սահմանում է հիվանդանոցի տնօրինությունը՝ ելնելով բիզնեսի ու մրցակցության կանոններից: Առողջապահության նախարարությունն ասում է. «Թեեւ ծննդաբերության հետ կապված ամեն ինչ անվճար է, բայց ես տեր եմ միայն ծննդկանին մատուցված համեստ ծառայություններին. նա կարող է գալ ու ո՛ր բժիշկն այդ օրը հերթապահ լինի՝ նա էլ կսպասարկի, իսկ ծննդաբերությունից հետո կնոջը կտեղափոխեն սովորական պայմաններով մի սենյակ: Բայց եթե հղի կինը նախօրոք պայմանավորվում է որեւէ պրոֆեսորի հետ, առանձին հարմարություններով սենյակ է ուզում, վարձում է բուժքույր, այդ ծառայությունների համար պետք է հիվանդանոցին վճարի: Այցելությունների հետ կապված ծախսերը նույնպես հիվանդանոցի առաջարկած մասնավոր ծառայություններից են, որոնց համար վերջիններս պետք է վճարեն այնքան, որքան հիվանդանոցի տնօրինությունը սահմանել է»: Այդ կարգի մասին մանրամասն տեղեկությունները փակցված են ծննդատների ընդունարանի դռներին, որը սահմանում է նաեւ այցելության ժամանակը՝ առավոտյան 10-ից 22-ը եւ տեւողությունը՝ առավելագույնը 20 րոպե: Սակայն հերթապահները պարտաճանաչորեն հետեւում են միայն կարգի առաջին կետին՝ գումարին, իսկ թե այցելուները քանիսին կգան, քանիսին կգնան՝ բաժնի ավագ քույրի հետ բարիշելու հարց է: Ընդգծենք, որ սա կատարվում է հանրապետության բոլոր ծննդատներում եւ կոնկրետ որեւէ հիվանդանոցի անուն չենք տալիս, քանի որ նախարարությունն ու հիվանդանոցի սեփականատերը հիմա էլ կսկսեն հետաքրքրվել, թե «Առավոտի» թղթակիցն այդ ո՞ր ծննդատուն է այցելել ու ո՞ր քույրի հետ է բարիշել՝ հետագայում նրան պատժելու համար: Խնդիրն այն է, որ սխալը սկսում է ոչ թե հերթապահի՝ այցելուին թողնել-չթողնելուց, այլ ընդհանրապես այդ կարգի հաստատումից: Նախկինում երեխայի հայրը ստիպված էր լինում ժամերով պատուհանի տակ սպասել, մինչեւ ծննդկանը կնայեր ու տեղեկություններ կտար երեխայի քաշի, հասակի ու առողջության հետ կապված: Մինչդեռ հիմա ցանկացած մարդ կարող է ներկա լինել ծննդաբերության ողջ պրոցեսին: Ծնվելուց ընդամենը 2 ժամ հետո քույրերը կռիվ են տալիս՝ երեխային տատիկ-պապիկների, քեռի-հորեղբայրների գիրկը տալու համար ու ամեն անգամ ում տալիս են՝ սկսում են հավատացնել, որ երեխան իրեն է նման՝ ակնկալելով առնվազն 500 դրամանոց աչքալուսանքը: Նոր ծնված երեխայի մաշկն այնքան նուրբ է, որ կարող է ընդունել ցանկացած ալերգիա: Այդ իսկ պատճառով նախկինում երբեւէ թույլ չէին տա ծաղիկներ բերել կամ սուր հոտով օծանելիք օգտագործել՝ երեխայի կամ մոր ներկայությամբ: Իսկ հիմա դրանց համար արգելքներ չկան: Կարելի է կարծել՝ ժամանակակից երեխաների օրգանիզմը հիվանդություններից պաշտպանվելու նոր իմունիտետ է ձեռք բերել: Ցանկացած վիրուսակիր կարող է վճարել պահանջվող գումարն ու հանգիստ ներս մտնել: Ընդ որում, գումարը վերցնելու համար կա հստակ մեխանիզմ. յուրաքանչյուր այցելուի հասնում է մեկ կտրոն, որը վճարելուց հետո նոր միայն այցը թույլատրվում է: Օրվա վերջում հիվանդանոցի տնօրինությունը կտրոնների քանակից դատելով՝ իմանում է, թե քանի մարդ է ելումուտ արել: Մեր տեղեկություններով՝ որպես կանոն, ծննդատների օրական միջին այցելությունների թիվը չի գերազանցում 15-ը: Սա՝ ըստ կտրոնների: Իրականում այդ թիվը գրեթե կրկնակի է, որովհետեւ հերթապահը գրում է այնքան կտրոն, ինչքան ուզում է, երբեմն էլ այցելուն ինքն է առեւտուրի մեջ մտնում նրա հետ ու առաջարկում 5 հոգու համար տալ 2 կտրոն, բայց ստանալ 3 հոգու վճար, իսկ 2000 դրամն էլ դնել սեփական գրպանը: Այս դեպքում արդեն այցելուին զգուշացվում է՝ «միջանցքներում շատ չքայլեք, արագ մտեք պալատ, իսկ եթե հարցնեն՝ չեկ ունե՞ք, վստահ կասեք՝ հա, որ չկասկածեն»: Եվս մի կարեւոր հանգամանք՝ դռան մոտ, ներս մտնելուց առաջ հիվանդանոցներում այցելուին պետք է հագցնեն հատուկ խալաթներ՝ դրսի օդը ներս չտանելու, երեխային հնարավոր վարակներից պաշտպանելու համար: Դրանք միանգամյա օգտագործման են, եւ հիվանդանոցի պահեստարաններում այդ խալաթները նախատեսված են այնքան, որ բոլորին կբավականացնեն: Մինչդեռ հերթապահները 2-3 այցելուին 1 խալաթ էլ չեն տալիս, տվածներն էլ այնքան կեղտոտ ու հակահիգիենիկ են լինում, որ այցելուները չեն էլ վերցնում: Փող վերցնողը լավագույն դեպքում խալաթները գցում է այցելուների ուսերին, մինչդեռ դրանց թեւքերին հատուկ ռեզիններ են կարվել, որ վիրուսների թափանցումը քիչ թե շատ կանխվի: Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ռուսլաննա Գեւորգյանն այս առնչությամբ պարզաբանեց, որ «եթե համաճարակ է լինում, նախարարի հրամանով մենք զգուշացնում ենք բոլոր ծննդատներին, որ այցելություններն արգելեն, իսկ մնացած դեպքերում հիվանդանոցն ինքն է որոշում՝ ում եւ ինչպես թողնել»: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել