Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցական կրքեր Ողջիի դպրոցում

Ապրիլ 22,2006 00:00

Կուսակցական կրքեր Ողջիի դպրոցում Ուսուցիչների մեծ մասը աշխատանքից հեռացվել է դաշնակցական տնօրենի դաշնակցական ամուսնուն գյուղապետ չընտրելու պատճառով: Ողջիի կուսակցական կռիվներին մեր օրաթերթը անդրադարձել էր դեռեւս անցած տարի, երբ ավագանու որոշ անդամներ ու գյուղացիներ կրքոտ բողոք էին ներկայացրել գյուղապետ Սարգիս Ավագյանի դեմ՝ նրան համեմատելով Զիմզիմովի հետ, Շիրակի դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանն էլ դիմել էր կառավարություն՝ գյուղապետին անվստահություն հայտնելու նպատակով: Սակայն այս տարի նույն անձնակազմը՝ աննշան փոփոխություններով, լարվեց դպրոցի 4 տարվա տնօրեն Գոհար Պետրոսյանի դեմ, որը գյուղապետի ընտրությունների ժամանակ, կանգնելով ամուսնու «թասիբին», աննկարագրելի կռիվներ էր սարքել թե՛ կոլեկտիվի անդամների, թե՛ ծնողների հետ: Ու չնայած մի քանի օր առաջ, սեփական դիմումի համաձայն (ըստ մեր հավաստի տվյալների՝ կրթության նախարարության միջնորդությամբ), աշխատանքից հեռացվեց նաեւ տնօրենը, սակայն նրա դեմ բողոքները դեռ շարունակվում են: Ինչպես մեր օրաթերթին ներկայացրին «անհիմն կրճատման տակ ընկած» դպրոցի երկու ուսմասվարներն ու արհկոմի նախագահը, դպրոցի տնօրենի «անհավասարակշիռ, քմահաճ» վերաբերմունքի պատճառով իրենք չեն պրծնում դատ ու դատաստանից: Ըստ բողոքավորների, Ողջիի դպրոցի տնօրենը սկսել է «օրական վեճեր», ինտրիգներ սարքել, երբ կոլեկտիվի որոշ անդամներ ազնվորեն խոստովանել են, որ ընտրություններին չեն քվեարկել իր ամուսնու՝ Վարդան Պետրոսյանի օգտին: Ըստ արհկոմի նախագահ Նորայր Մկրտչյանի, առաջին զոհը եղել է «խեղճ ու կրակ», բազմազավակ, միայնակ մայր հավաքարարը: Կոլեկտիվի նախատինքներին, թե ինչո՞ւ է ազատում վերջինիս, Գոհար Պետրոսյանը պատասխանել է. «Լավ եմ արել, ում որ ձեն է տվել, թող նա էլ իրան աշխատանքի տեղավորի»: Նույն սցենարով նա շարունակել է ազատել մյուսներին, ընդ որում՝ քաղվածքները գրելով հետին ամսաթվով: Արհկոմի նախագահի հավաստմամբ, Գոհար Պետրոսյանը նպատակահարմար է գտել իրեն աշխատանքից ազատել հենց դասի կեսից՝ աշակերտների ներկայությամբ: «Աշակերտներից մեկին դաս էի հարցնում, տնօրենը բացեց դուռը ու հայտարարեց՝ դու ազատված ես, դուրս արի, ու իմ փոխարեն դասի մտավ նոր ուսուցիչ»,- պատմում է Նորայր Մկրտչյանը: Մեկ ժամվա տարբերությամբ տնօրենն աշխատանքից ազատել էր նաեւ դաստիարակչական գծով փոխտնօրեն Հրաչ Եղոյանին, քանի որ վերջինս հակամանկավարժական է համարել տնօրենի այս պահվածքը: Բողոքավորների ներկայացնելով՝ Ողջիում ընդհատվել էին նաեւ դպրոցի դասերը, ծնողներից շատերը հրաժարվել էին երեխաներին դպրոց ուղարկել, քանի որ «կատաղած» տնօրենը որոշել էր վրեժ լուծել նաեւ իր ամուսնուն ձայն չտված աշակերտների ծնողներից: Գոհար Պետրոսյանը, ըստ կոլեկտիվի անդամների, լինելով դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհին երբեք դաս չի պարապել, դասերը «պռավալ» է տվել, լավագույն դեպքում՝ դասարան է մտել 5 րոպեով: Ընտրություններից հետո էլ՝ դեկտեմբերին ստուգողական թելադրություն է տվել սեպտեմբերի ամիս-ամսաթվով, հաջորդ օրը «երկուսներն ու մեկերը շարելով՝ տետրերը բերել-շպրտել է երեխաների երեսներին՝ ասելով. դե հմի տարեք-տվեք ձեր էշ ծնողներին»: Ուսումնական ու դաստիարակչական գծով փոխտնօրեններ Աշոտ Պողոսյանի ու Հրաչ Եղոյանի ներկայացմամբ, բնականաբար, ծնողներն ու կոլեկտիվի 7-8 անդամներ բողոքով դիմել են կառավարություն, Գոհար Պետրոսյանն էլ ճշտելով բողոքողների անուն-ազգանունները, ընկել է դռնեդուռ եւ կնոջը ոչ վայել «գողական» բառապաշարով հաշվեհարդար տեսել բոլորի հետ: Մենք այս հարցի շուրջ պարզաբանումներ ստացանք նաեւ Ողջիի գյուղապետից, քանի որ կան կարծիքներ, թե սկանդալների պատճառը հենց վերջինս է: Սարգիս Ավագյանը տեղեկացրեց, որ դպրոցի տնօրենի ու վիճաբանության պատճառը միմիայն եղել է գյուղաբնակ 6 ուսուցիչներին կրճատելն ու Գյումրիից ուսուցիչներ բերելը: Գյուղապետին մշտապես բողոքել են նաեւ այն մասին, որ դպրոցի տնօրենը «ժամանում» է 11-ից ոչ շուտ: Բացի այս, գյուղապետի ասելով, տնօրենը իր տները վաճառել է եւ ապօրինի բնակվում է գյուղապետարանին հատկացրած շենքում: Այս պատմության մեջ ամենազարմանալին այն է, որ, ուսմասվարների ասելով, տնօրենը ծեծել էր մաթեմատիկայի ուսուցչուհուն, որը հրաժարվել էր կիսատ- պռատ տված իր աշխատավարձի դիմաց ստորագրելուց: Մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանի պարզաբանմամբ, փոխտնօրենները ազատվել են աշխատանքից բավարար հիմքերով՝ ուսումնադաստիարակչական աշխատանքները ձախողելու համար, իսկ տնօրենը դիմել է մարզպետին՝ պատճառաբանելով, որ գյուղապետի կողմից դպրոցում ստեղծվել է այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ, որ աշխատանքը շարունակել չի կարող: Ներկա պահին Ողջիի դպրոցի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել վարչական աշխատանքի փորձ ունեցող գյումրեցի մանկավարժներից մեկը՝ Արմեն Պետրոսյանը: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել