Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՆԴԻԿՆԵՐԻ

Ապրիլ 22,2006 00:00

ՀՆԴԻԿՆԵՐԻ ԱՐՅՈՒՆՆ ՈՒՐԻՇ Է Մի միջնամատի պատմություն Զեյթունի հանրակացարանի 7-րդ մասնաշենքի 6-րդ հարկից մեկ օր առաջ վայր էր ընկել Երեւանի պետական բժշկական համալսարանի 3-րդ կուրսի հնդիկ ուսանող Պրաշան Անչալյան: Երեկ մենք եղանք բուհում՝ պարզելու որոշ մանրամասներ: Բուհի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի եւ ավելի ուշ՝ ռեկտոր Գոհար Քյալյանի պատմելով, ուսանողը նախորդ գիշեր շատ ուշ, հարբած վիճակում գիշերային ակումբից եկել է հանրակացարան, իսկ առավոտյան ընկերը նրան տարել է պարետի մոտ եւ ասել, որ Պրաշանին կասկածում է գողության մեջ, որ, իբր, իր գրպանից գումար է անհետացել, իսկ Պրաշանը վերջին օրերին փող չի ունեցել, հետեւաբար մտածել է, որ գիշերային ակումբ է գնացել հենց իր փողերով: Պարետը փորձել է հանգստացնել տղաներին: 15 րոպեից Պրաշանը վայր է ընկել 6-րդ հարկից: Ընկերն ասում է, որ ինքն այդ պահին եղել է զուգարանում եւ ոչնչից տեղյակ չէ: Հնդիկ ուսանողները դեպքի օրը բողոքի ցույցով դուրս էին եկել Բաղրամյան պողոտա. նրանք ասում էին, որ շտապօգնությունը 50 րոպե ուշացումով է եկել, իրենց դեկանը գետնին ընկած իրենց ընկերոջը օգնություն ցույց չի տվել եւ այլն: Ինչ վերաբերում է դեկանի՝ Աննա Սարգսյանի պահվածքին, ապա բուհի ղեկավարներն ասում են, որ նման դեպքերում մարմինը շարժել չի կարելի. «Հիմա ես ինձ թույլ կտամ ասել, որ երբ նրանք շարժել են գլուխը եւ բարձ են դրել գլխի տակ, վնասվել են երկարավուն ուղեղը, որտեղ եւ գտնվում է շնչառության եւ այլ կարեւոր կենտրոնները: Երեւի լավ չենք սովորեցնում իրենց, որ դա էլ չգիտեն…»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասում էր ռեկտոր Գոհար Քյալյանը: «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Արտյոմ Պետրոսյանը երեկ մեզ ասաց, որ բոլոր կանչերը ձայնագրվել են, եւ որ 50 րոպե ուշացում չի եղել, ինչպես պնդում են հնդիկները. «Առաջին կանչը եղել է 13.30-ին, իսկ երկրորդը՝ 7 րոպե անց, երբ հարցրել են՝ ի՞նչ եղաք: Կանչը ստանալուն պես հաղորդվել է Արաբկիրի ենթակայան, որեւէ խոչընդոտ չի եղել, եւ բժիշկները տեղ են հասել 13.57-ին»: Ցույց է տրվել անհրաժեշտ օգնություն: Հիվանդի մոտ արձանագրել են մահամերձ վիճակ, «կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ»: Բայց այս հարցում մեղավորներ չփնտրենք: Կենցաղային հողի վրա ծագած այս ողբերգական վախճանով պատմությունը մի տեսակ երկրորդ պլան է մղվել եւ վերածվել է հնդիկ ուսանողների ու բուհի ղեկավարության միջեւ հակամարտության: Պրոռեկտոր Ե. Սահակյանը պատմում է, որ դեպքի օրը հանկարծ, անհասկանալի կերպով, ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանության քարտուղար պարոն Բալին հայտարարել է, որ այս ամեն ինչի պատասխանատվությունը պետք է կրի համալսարանը, եւ ուսանողները պետք է բավարարվեն, պետք է ռեկտորը գա՝ այսպիսով բոլորովին այլ ուղղություն տալով դեպքերին: Հետո, ռեկտորի մատուցմամբ, ուսանողներին հրահրել են դեպքի վայրից գալ համալսարան, եւ հրահրողներից մեկն էլ, ըստ Գ. Քյալյանի, եղել է հենց պրն Բալին: «Չգիտեմ՝ ինչ նպատակներ է հետապնդում այդ մարդը, բայց նա հրահրում էր, նա երբեք չի կարող մեզ թելադրել, թե ինչ կանոններով պետք է վարվենք մեր ուսանողների հետ,- ասում է տիկին Քյալյանը՝ նշելով, որ շատ ուսանողներ վատ վարքի եւ չհանձնած քննությունների համար կհեռացվեն համալսարանից:- Երբ մեր տեղացիներին մեկ զաչոտի համար հեռացրել են, հնդիկներին 5-4 պոչերով (չհանձնած քննություններով- Հ. Բ.) տեղափոխել են կուրսից կուրս: Չգիտեմ ինչու, նրանք եղել են արտոնյալ պայմաններում. ես չեմ գտնում, որ հնդիկ ուսանողը պետք է ավելի արտոնյալ վիճակում լինի, քանի որ վճարում են գրեթե նույնքան, երկրորդ՝ պետական համալսարանի կանոնները բոլորի համար նույնն են: Առաջ կարող էին գալ մի քանի ամիս, հետո ասել՝ գնում ենք ԱՄՆ՝ փող աշխատելու: Այսքան տարի նրանք այդ արտոնությունները ունեցել են, իսկ իմ գալուն պես ես ասել եմ, որ այսպիսի արտոնություններ չեն լինելու: Այս պատմության մեջ աղմուկ-աղաղակ բարձրացնողներն ու հրահրողներն այն 15 հոգին են, որոնց ժամանակ էինք տվել մինչեւ մայիս հանձնել պոչերը, այլապես վիզա կստանան մի ծայր, կգնան՝ հետ չեն գա: Այսինքն՝ այն մարդիկ են, ովքեր գիտեն, որ մենք նրանց պոչը Հայաստանից խուզելու ենք, որպեսզի այդ խուլիգաններն այստեղ այլեւս չմնան: Իսկ դեսպանատունը մի կողմ է քաշվել, ասում է՝ ձեր ուսանողն է (կարելի է մտածել՝ մեր ուսանողին մենք ենք էստեղ ծննդաբերել), դուք էլ հոգացեք նրանց հոգսերը: Ես չգիտեմ՝ ինչն է պատճառը, նրանք տեսան, որ ես իրենց ուսանողության առաջ ծնկի չեմ գալիս, իրենք էլ իրենց պազիցիան են պահում, իսկ ես գտնում եմ, որ հնդիկները լավ ժողովուրդ են, բայց հայերից ոչ մի բանով լավը չեն: Մենք ուզում ենք մեր դիպլոմի ռեյտինգը վերականգնել»,- ասում է տիկին Քյալյանը: Ըստ նրա, այս ամենից վատ հոտ է գալիս 2 կողմից: Նախ՝ «փոխանակ դեսպանատունն զբաղվի իր քաղաքացիների ճիշտ ապրելակերպով, փաստորեն հրահրում է ազգամիջյան ինչ-որ բաներ, ուզում են ապացուցել, որ մենք հնդիկներին վատ ենք վերաբերվում: Իրականում մենք շատ հարգում ենք, բայց այն, որ մի քանի այլանդակներ հեռացվելու են, հաստատ է՝ եթե կունենան վատ վարք ու պոչեր»: Մյուս կողմից՝ «այս ամեն ինչի հետեւում ինչ-որ մարդկանց, ինչ-որ ուժեր եմ տեսնում, որոնք ուզում են բուհի վարկանիշը գցել, ուսանողները միայն գործիք են: Ես կարող եմ նրանց վստահորեն ասել, որ ապարդյուն են այս ամենը անում: Շատերը զգում են, որ համալսարանը շուտով բավական լավ վարկանիշ կունենա»: Բողոքի ակցիայի ժամանակ ուսանողները նաեւ ասում էին, թե ռեկտորը իրենց հայհոյել է՝ ցույց տալով միջնամատը: Պարզվում է՝ ուսանողների ամբոխը, որ ներխուժել է բուհի բակ, պահանջել է ռեկտորին, եւ երբ վերջինս երեւացել է, ուսանողներն իրենք են նախ մատ ցույց տվել: Պրոռեկտորը պատմում է. «Մի քանի ուսանողներ մատ ցույց տվեցին ռեկտորին, այսպես՝ միջնամատ (ու ցույց է տալիս մեզ- Հ. Բ.), ռեկտորն ասաց՝ կարելի՞ է ռեկտորին, այն էլ՝ կնոջը մատ ցույց տալ ու կրկնեց՝ փաստորեն օգտագործեցին ռեկտորի շարժումը, որ ռեկտորն էլ իրենց է ցույց տվել»: Հետո ռեկտորը ներողություն է խնդրել ուսանողներից՝ ըստ պրն Սահակյանի, 3 անգամ: 5-րդ կուրսի ուսանող Ջոն Մաթյուն մեզ ասաց, որ ինքը չի տեսել, գուցեեւ հնդիկներն էլ են մատ ցույց տվել, բայց վստահեցնում էր, որ, ի պատասխան, ռեկտորն էլ իր հերթին 2 ձեռքով է դա արել: Ուսանողական խորհրդարանի նախագահ Կարեն Ավագյանը դեպքի վայրում չի եղել, սակայն մեզ հետ զրույցում ասում էր, որ իր լսելով, ռեկտորը համարժեք պատասխան է տվել ուսանողներին, որովհետեւ «անկառավարելի մասսա էր, նրանք պարտավոր են ենթարկվել մեր աշխատակարգին, մարդուն վիրավորել են, նա էլ համապատասխան պատասխան է տվել, այդ րոպեին այլ բան չի մնացել, ապակիներ են կոտրել, ծառեր են ջարդել. այս ամեն ինչը պրովոկացիա է»: Ռեկտոր Գոհար Քյալյանը մատի պատմության մասին ասում է հետեւյալը. «Ներքեւում ահավոր վայնասուն լսեցի, պահանջում էին, որ ես իջնեմ, ջարդում էին պատուհաններ, հենց իջա, նրանք սկսեցին գոռալ եւ ինձ այս մատը ցույց տալ (մեզ ցույց տվեց միջնամատը-Հ. Բ.), ես էլ ասացի՝ եթե դուք այս մատը ցույց եք տալիս ռեկտորին (կրկին միջնամատը- Հ. Բ.), ես ձեզ հետ խոսելու բան չունեմ, շուռ եմ եկել եւ գնացել եմ»: Հարցին, թե արդյոք դա պատասխան-հայհոյանք չի՞ եղել, ինչպես պնդում են հնդիկները, տիկին Քյալյանը ասաց. «Նրանք շատ բան են ասում»: Հնդիկ ազգի գենետիկական տվյալների մասին տիկին Քյալյանն ավելին ասաց. «Նրանք այնպիսի ազգ են, երբ մի քիչ խմում են, դառնում են գրեթե անկառավարելի, նրանց արյան մեջ բացակայում է այն ֆերմենտը, որ ալկոհոլին դիմակայում է, բավական է խմեն մի բաժակ գինի, հարբում են եւ անկառավարելի դառնում»: Այսուամենայնիվ, բուհի ղեկավարությունը վստահ է, որ այս դեպքից հետո հնդիկ ուսանողների արտահոսք չի լինի, որովհետեւ նախ՝ այս պատմության մեջ խառնված են այն մարդիկ, ովքեր, ինչպես ասացինք, դեռ վաղուց խնդիրներ ունեն իրենց ուսման հարցում, եւ հետո՝ իրենց երկրում նմանատիպ ուսումը տասնապատիկ թանկ է, չհաշված, որ բուհերում էլ սահմանափակ թվով տեղեր են հատկացվում այս մասնագիտությանը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել