«ԱՅՍՏԵՂ ՎԵՐՋԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՍԿՍՎՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻՔԸ» Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու վրա ղարաբաղցի պապիկ-տատիկի հայտնի արձանիկների մոտավոր նմանությամբ մի հուշարձան կա, որը կարծես խորհրդանշում է, որ այդտեղ վերջացավ Հայաստանը եւ սկսվեց Արցախը: Երբ մեր ավտոբուսը հասավ ճանապարհի այդ հատվածին, Ղարաբաղի ճանապարհներին «կռված» լրագրողներից մեկը հայտարարեց՝ «Այստեղ վերջանում է Հայաստանը եւ սկսվում է հայրենիքը»: Աշխատատեղեր՝ լաչինցու համար Լաչինը դեպի Արցախ տանող կամուրջ է, մինչեւ չանցնես Լաչինով՝ Արցախ չես հասնի: Ընդհանրապես, Քելբաջարի շրջանը փրկօղակի պես գրավում է անվերջանալի թվացող ամբողջ ճանապարհը՝ Երեւանից Ստեփանակերտ: Լաչինի բնակիչները, սակայն, իրենց կյանքի պայմաններից դժգոհ են, շատ դժգոհ: Եվ բոլոր հիմքերն ունեն դժգոհելու: Այստեղ, ճիշտ է, թոշակն ու նպաստը չեն ուշանում, բայց դրանք այնքան քիչ են օրվա կարիքները հոգալու համար, իսկ աշխատատեղերը չեն բավարարում: Այ, եթե երեւանաբնակ ղարաբաղցի գործարարներից մեկն ու մեկի մտքով անցներ այս տարածքում մի քառասուն հազար աշխատատեղ ստեղծել, ապա ոչ միայն Լաչինի եւ ամբողջ Քելբաջարի, այլեւ Գորիսի հարցն էլ ինքնըստինքյան լուծված կլիներ: Եկեղեցին՝ քաղաքականացրա՞ծ Սուրբ Համբարձման եկեղեցին Լաչինի միակ ճարտարապետական հուշարձանն է, եւ երեւում է ճանապարհի ոլորանների միջից: Սիրուն եկեղեցի է, բայց տեր հայր Աթանեսի կարծիքով, չի ծառայում իր նպատակին, քանի որ կառուցվել է քաղաքական նկատառումներով: Իր միտքը տեր հայրն ավելի մանրամասնեց՝ եկեղեցին կառուցվել է բնակավայրից հեռու, որ «էն կողմից եկողները տեսնեն», թերեւս նկատի ունի հնարավոր հարձակվողներին: Մարդիկ եկեղեցի գալու համար պետք է բավական երկար ճանապարհ անցնեն, իսկ տրանսպորտի հարցերը լուծված չեն: Թերեւս այստեղ «գծի տեր» լինել կամ «գիծ բացել» արտահայտությունները դեռեւս ամբողջությամբ չեն արմատացել, թե չէ կարող էր, չէ՞, մի նոր հարստացած լաչինցի սեփական բիզնես դնել: Լաչինում կնունք եւ ծնունդ հազվադեպ է լինում, մարդիկ պսակվելու համար անգամ եկեղեցի չեն գնում: Ըստ տեր հոր, պատճառը ոչ թե անհավատությունն է, այլ՝ եկեղեցու հեռավորությունը: Ի դեպ, հայր Աթանեսը այն առաջին հայ հոգեւորականներից է, ով սկսեց պայքարը սոցիալական քարտերի ներդրման դեմ: Խանութում պարտքի ցուցակներ կան Լաչինի մթերային խանութները շատ չեն, մեկ-երկու տաղավար, բայց բոլորն էլ ունեն իրենց «պարտքի ցուցակները»: Այստեղ աշխատավարձ լինի, թոշակ կամ նպաստ՝ ստանում են ամեն ամսվա տասներորդ օրը եւ այդ օրն էլ խանութների հաճախորդները գալիս են հացի, ալյուրի կամ շաքարավազի՝ նախորդ ամիսների պարտքը մի փոքր թեթեւացնելու: Այս տխուր պատկերի ակամա մասնակիցը եղա, երբ մանկավարժ մի կին դասերից հետո շտապել էր խանութ ոչ թե գնումների, այլ՝ պարտքը վերադարձնելու: Խանութի աշխատողը, երիտասարդ մի աղջիկ՝ Անահիտը, նկատեց, որ իրենց համար այդ ցուցակները սովորական են եւ Լաչինում գրեթե ընտանիք չկա, որ «նիսյա» առեւտուր չանի: Ես ո՞ւմ եմ պետք Շահումյանցի Մարգարիտ տատը, որին տանը Ռիտա են ասում, Լաչին էր եկել աղջկա մոտ: Մի տեսակ մոլորված էր, ինքն արդեն 17 տարի տունուտեղից կտրված է: Իր մասին այս կարծիքին է. «Ես ո՞ւմ եմ պետք, ամուսինս մահացավ՝ աչքը կարոտ Շահումյանի մեր տանը, մեր այգուն եւ մեր եղած-չեղածին: Դռնեդուռ ընկած ապրում ենք, բա մեր կյանքը ո՞ւմ ա պետք»: Բայց նույնիսկ այսպես հուսահատ, լսել անգամ չի ուզում ադրբեջանցիներին ինչ-որ բաներ զիջելու մասին. «Էդ որ խոսում են վերադարձնելու կամ զիջելու մասին, բա մեզ հարցրե՞լ են, ուրեմն իմ տղան իզո՞ւր զոհվեց, ուրեմն մենք իզո՞ւր դարձանք փախստական, ուրեմն իզո՞ւր ենք էսքան տանջվում»: Գետաշենցի փախստական Վլադիկ պապը փոխզիջումների մասին լսելով, եւս բարկացավ. «Ի՞նչ ես խոսում, ո՞ւմ ենք «փոխզիջելու», ըտենց բաներ պատմության մեջ չեն լինում, մենք հաղթել ենք, մենք ազատագրվել ենք, հիմա ի՞նչը փոխզիջենք, բա աշխարհը չի՞ ասի, այ ախմախ հայեր, էդ կռվով ետ բերածը ո՞վ է ետ տալիս: Փոխզիջում-մոխզիջում գյուդում չեմ»,- վերջակետ դրեց մեր զրուցակիցը: Ոչ պատերազմ Արցախի պաշտպանության բանակի անցկացրած զորավարժությունները բավականին ակտիվ արձագանք են ստացել Ադրբեջանում եւ Թուրքիայում: Թուրքական անհայտ ԶԼՄ-ներից մեկն էլ տարածեց տեղեկություն այն մասին, որ իբր Ադրբեջանը վերսկսելու է ռազմական գործողությունները: Դրան հաջորդեց հերքումների շարքը: Մասնավորապես, «Արմինֆոյի» երեկվա հաղորդագրության մեջ տեղեկացվում է, որ Ադրբեջանում հերքում են թուրքական ԶԼՄ-ներով տարածված տեղեկությունն այն մասին, որ Բաքուն պատրաստվում է մոտ ժամանակներս ռազմական գործողություններ սկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Ադրբեջանի ՊՆ մամլո հաղորդագրության մեջ ասված է. «Մենք պատրաստ ենք մարտական գործողությունների, եթե բանակցային գործընթացը չհանգեցնի մեր ակնկալած արդյունքին: Դա մեր դիրքորոշումն է»: Թուրքական մամուլում հրապարակված տեղեկության հերքումների շարքը իրար հետեւից լրացնում են ադրբեջանական այլ պաշտոնյաներ, մասնավորապես նշելով. «Ես չեմ հավատում պատերազմի վերսկսման հնարավորությանը: Սթիվեն Մանը եւ Դենիել Ֆրիդը բազմիցս հայտարարել են, որ նման գործողություններ սկսելը կործանարար ազդեցություն կգործի թե Ադրբեջանի, թե Հայաստանի վրա: Ուստի այն գնահատում եմ որպես անհայտ թուրքական ԶԼՄ-ի ապատեղեկատվություն, որը այդպիսով ձգտում է իր վրա սեւեռել ադրբեջանական եւ հայկական հասարակության ուշադրությունը»: Ի տարբերություն նման շողոքորթությունների, հայկական կողմը սեփական կյանքով է հասկանում, որ պատերազմի վերսկսումը կարող է անկանխատեսելի հետեւանքների հանգեցնել եւ ամեն ինչ անում է հարցի խաղաղ կարգավորման համար: Ամաչեցինք մաքուր Ստեփանակերտից Երեւանի համայնքապետերը կարծես իրար «ինադու», գովազդի վրա փող չխնայելով ցուցադրական ելույթներ են ունեում, հայտարարություններ են անում մաքուր համայնք, մաքուր քաղաք ունենալու, շաբաթօրյակներ կազմակերպելու եւ նման բաների մասին: Բայց, արդյունքում մեր Երեւանը դառնում է շատ ավելի կեղտոտ, քան՝ մինչ շաբաթօրյակները: Ոմանք էլ խոսում են միասնական ծառատունկերի մասին, տեսախցիկների առաջ համապատասխան ձեւով պպզելով ծառ են տնկում եւ ջրում: Մինչդեռ այսքան ձեւ թափելու փոխարեն պետք է ընդամենը գնալ Ստեփանակերտ եւ մաքրության տարրական կանոններ սովորել ղարաբաղցիներից: Ստեփանակերտում նախանձելի մաքրություն է, նույնիսկ եվրոպական լավագույն քաղաքներից մաքուր եւ սա ամենեւին չափազանցություն չէ: Իսկ ծառերն այստեղ, ի տարբերություն Երեւանի, պահպանվում են պետության կողմից եւ ոչ թե հակառակը: Ստեփանակերտում ոչ մի կտրված ծառ չես գտնի, ճիշտ է, բնությունը այստեղ եւս դրա օգտին է աշխատում, եւ Շվեյցարիայից էլ Արցախը քիչ է տարբերվում, բայց Երեւանն էլ նախքան անխղճաբար գլխատվելը պակաս ծառաշատ չէր, իսկ ի՞նչ ունենք այսօր: Տարբերություն Վերջում՝ հետգրության պես՝ Ղարաբաղի ղարաբաղցին շատ է տարբերվում Երեւանի ղարաբաղցուց, այնպես՝ ինչպես այնտեղ պատրաստած ժինգյալով հացը՝ այստեղ պատրաստածից: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Ստեփանակերտ-Երեւան