Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական

Ապրիլ 22,2006 00:00

«Քաղաքական բանդիտիզմի զուտ հայկական տարբերակ» Այսպես է գնահատում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը երեկ իր հետ պատահածը: 12:55-ին ավտոմատներով եւ ատրճանակներով զինված 12 մարդ՝ ութը դիմակավոր, Էրեբունի համայնքի ոստիկանության մատույցներում կտրուկ կանգնեցրել են Արամ Կարապետյանի եւ նրան ուղեկցող մեքենաները եւ «բոլորը գոռում էին՝ իջեք մեքենայից, կկրակեմ»: Ոչ ոք դիմադրություն ցույց չի տվել, այնուհանդերձ, ըստ ՆԺԿ ղեկավարի, «վարորդին եւ պահակազորի ղեկավարին շատ բռնի կերպով դուրս քաշեցին, այնքան բռնի, որ վարորդի ոտքը վնասվեց»: Հետո Արամ Կարապետյանին ուղեկցող չորս անձանց եւ վարորդին ձեռնաշղթաներ են հագցրել եւ տարել անհայտ ուղղությամբ: Արամ Կարապետյանին ոչինչ չեն ասել՝ «ասացին միայն, որ մեքենաները պիտի տանենք»: Այս ամենը նկարահանվել է չորս տեսախցիկով, նկարում էին քաղաքացիական հագուստով մարդիկ: Փողոցի սույն հատված այլ մեքենաների մուտքը արգելելու գործը վստահված է եղել ոստիկանության մի գնդապետի, սակայն ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Վարյանը Արամ Կարապետյանին տեղեկացրել է, որ ՀՀ ոստիկանությունը օպերացիայի հետ կապ չունի: ՀՀ ԱԱԾ-ն տեղեկատվություն է տարածել, որում ՆԺԿ ղեկավարին անվանել է «նորաթուխ հեղափոխական»։ Այդ գերատեսչությունը հայտարարել է, որ ստուգում էր «Արամ Կարապետյանի թիկնապահների մոտ զենքի առկայության մասին օպերատիվ տվյալները, բերման են ենթարկել նրանցից հինգին։ Թիկնապահներից երկուսը փորձել են ցուցաբերել դիմադրություն։ Հայտնաբերված զենքերի կրման օրինականությունը ստուգվում է»։ Իսկ պարոն Կարապետյանը պնդում է, որ նա եւ իր թիկնազորը կրում են գազային ատրճանակներ՝ նույն Հովհաննես Վարյանի ստորագրությամբ թույլտվության վկայականով: Արամ Կարապետյանի կարծիքով՝ օպերացիան իրականացվել է երեք նպատակով. «Առաջին. ահաբեկել ինձ եւ շրջապատիս, երկրորդ՝ ԱԱԾ-ն ուզում է ցույց տալ, թե երկրում ով է տերը, որ իրենք էլ կարող են ինչ-որ բան անել, երրորդ՝ պրոֆեսիոնալիզմի պակասը հստակ ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք, երբ ուզում էինք ԱԱԾ շենքի առջեւ ցույց անել եւ պահանջել Գորիկ Հակոբյանի հրաժարականը: ԱԱԾ-ն, ոստիկանությունը, մյուս ուժային կառույցները իրավունք չունեն մասնակցելու քաղաքական պրոցեսներին, եթե այնտեղ չկան ապօրինի գործողությունների հստակ տեղեկություններ»: ՆԺԿ ղեկավարը համոզված է, որ օպերացիան արվել է նվազագույնը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանի հրամանով եւ իմացությամբ։ «ՆԺ» ղեկավարը կարծում է, որ Գորիկ Հակոբյանը կարող էր նյարդայնանալ իր խոստացած բաց նամակից: «Պիտի 12-20 հարց տայինք: Արդյոք գործակալներ ներդրվե՞լ են «ՆԺ», արդյոք ԱԱԾ-ն միջամտե՞լ է իմ անձնական կյանքին, եւ այլն»: Արամ Կարապետյանի վրա դեպքը չի ազդել, եւ նա չի մտքափոխվել. հարցերը հրապարակավ կտա Գորիկ Հակոբյանին եւ կշարունակի իր քաղաքական գործունեությունը՝ հանրահավաքներ կանի եւ այլն: «Նման ստոր գործելակերպով հնարավոր չէ կոտրել ոչ «ՆԺ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի, ոչ էլ ՆԺԿ-ականների հեղափոխական ոգին: Համոզված ենք, որ սա պարզապես ՀՀ իշխանությունների հոգեվարքի նշանն է»,- հայտարարում է ՆԺԿ-ն: Քաղաքական պրոցեսի մեջ ավտոմատավոր մարդը շատ վատ է միշտ, հայտարարում է ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը: Ըստ Արամ Կարապետյանի, իր կուսակցությունում կա ուժային կառույցների 14 գործակալ: Երկուսը հեռացվել են վատ պահվածքի համար, իսկ մյուսների հարցերը կլուծվեն ըստ ժամանակի: Միջադեպը դատապարտող հայտարարությամբ հանդես է եկել ուժային կառույցի նախկին ներկայացուցիչ՝ Գառնիկ Մարգարյանի ղեկավարած «Հայրենիք եւ պատիվ» կուսակցությունը։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել