Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ում Հայաստանի Տարին ինտենսիվ որակվեց

Ապրիլ 22,2006 00:00

Երեկ
«Երեւան» հյուրանոցում կազմակերպված մամլո ասուլիսը նվիրված էր Ռուսաստանի Դաշնությունում
Հայաստանի Տարվա շրջանակներում տեղի ունեցած վերջին միջոցառումներին: «Թող
տպավորություն չստեղծվի, թե Տարվա անցկացումը համագործակցության տարածված ձեւ է:
Իրականում այն բացառիկ երեւույթ է եւ բնորոշ այն երկրներին, որոնց միջեւ հարաբերությունների
զարգացած ծավալ ու փոխադարձ մեծ հետաքրքրություն կա: Դա պետությունների միջեւ փոխադարձ
վերաբերմունքի ամենաբարձր արտահայտման ձեւերից է»,- շտապեց հայտարարել ՀՀ նախագահի
օգնական, Ռուսաստանում Հայաստանի Տարվա կազմկոմիտեի փոխնախագահ Վիգեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Ուֆայի արվեստի ուսումնարանում
կայացել էր Բաշկորտոստանի սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ հայաստանցի մենակատարների
մասնակցությամբ, Ռոստովի մարզում անցկացվել էին Հայաստանի օրեր, Մոսկվայի Պուշկինյան
թանգարանում ներկայացվել էին «Սուրբ Էջմիածնի գանձերը» ցուցահանդեսը, սանկտպետերբուրգցի
հայ նկարիչների աշխատանքները, եւս 2 ցուցահանդես Աստրախանում՝ «Հայտնի աստրախանցի
հայեր» եւ «Աստրախանում հայկական սփյուռքի պատմությունից»: Նաեւ Մոսկվայում հանդիպումներ
են կայացել հայ եւ ռուս մտավորականների միջեւ: Այնպես որ, Վ. Սարգսյանի գնահատմամբ,
«բավականին ինտենսիվ է ընթանում տարին»: Առաջիկայում էլ Երեւանի եւ Մոսկվայի քույր
դպրոցները կունենան փոխայցելություններ, իսկ հունիսին կկայանա գործարար հավաք Մոսկվայում:
«Տարվա անցկացումը Հայաստանի ներսում մշակութային կազմակերպությունների վրա
դրական ազդեցություն է ունենում այն առումով, որ վերջիններս մտածում են ավելի մրցունակ
ծրագրեր ներկայացնելու մասին, կարողանում են գրագետ ձեւակերպել իրենց ծրագրերի նկարագրությունները
եւ ճիշտ կազմել նախահաշիվները»,- ավելացրեց ՀՀ նախագահի օգնականը: ՀՀ ԱԳ փոխնախարար
Գեղամ Ղարիբջանյանը ներկայացրեց Հայաստանի օրերը Ռոստովի մարզում. «3 օրվա ընթացքում
մենք կարողացանք ողջ մարզով մեկ տարածվել, ներկայացնել հայ մշակույթը: Միջոցառումները
դրսում ապրող մեր հայրենակիցների համար բարոյական աջակցության նշանակություն ունեին:
ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը նահանգապետ Վլադիմիր Չուբի հետ
քաղաքական որոշում կայացրին՝ Ռոստովի Սուրբ Խաչ եկեղեցին (այն վերածվել էր հայ-ռուսական
բարեկամության «Սուրբ խաչ» թանգարանի- Գ. Հ.) վերադարձրին, ու փոխարենը Նոր Նախիջեւանում
առանձին տարածք տրվեց թանգարանին»: Ըստ արվեստաբան Հենրիկ Իգիթյանի, կարոտ կա նախկին
կապերը վերականգնելու առումով: «Դա կարոտ է, ոչ թե նոստալգիա: Խոսքը ոչ թե Սովետմիության
վերականգնման մասին է, այլ այն լայն դաշտի, որտեղ ապրել ենք… Ծիծաղելի կլիներ,
եթե ուզենային այն սիստեմը վերականգնվեր, որը կար՝ կուլակներով, Ստալինով եւ պոլիտբյուրոյի
ծերակույտով… Սա լավ առիթ էր, որ կարողանանք ցույց տալ մեր ունեցածը, որովհետեւ
մեր դաշտը փոքր է, պոտենցիալը՝ մեծ: Պատկերացրեք, Արտեմ Միկոյանը միայն Հայաստանով
կդառնա՞ր Միկոյան, կամ Արամ Խաչատրյանը՝ Խաչատրյան: Հրանտ Մաթեւոսյանին էլ սկզբից
Մոսկվայում ճանաչեցին, Մինասի գիրքը նախ Մոսկվայում տպագրեցին: Պետք է վերջ դնել
այն թշնամությանը, որ չգիտես ինչու է ստեղծվել»,- ասաց հայ-ռուսական բարեկամության
ջերմեռանդ պաշտպան Հենրիկ Իգիթյանը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել