Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍԿ Ի՞ՆՉ Է ԵՂԵԼ, ՈՐ

Ապրիլ 22,2006 00:00

Մեծ հաշվով՝ գրեթե ոչինչ էլ չի եղել: Մի քիչ
մեր պատմական հիշողությունն ենք կորցրել (եթե երբեւէ ունեցել էլ ենք), մի քիչ շուրջներս
սկսել ենք քիչ նայել (դե, մենք մեզ ոչ միայն լրիվ հերիք ենք, այլեւ՝ մի բան էլ ավելի),
մի քիչ… Էլ ոչ մի «մի քիչ»: Ամեն ինչն էլ իր տեղն է: Ե՞րբ է օրենք, կարգուկանոն
եղել, որ հիմա լինի: Հա, մի-երկու տարի, էդ իննսունականների կեսերին, ու վերջ: Իսկ
դրանից առաջն ու հետոն: Ճիշտ ու ճիշտ ազգային բնավորություն, հոգեկերտվածք, մի խոսքով՝
գաղափարախոսություն: Ազգային: Դարձյալ էդ երրորդ տառով սկսվող: Գաղափարախոսության
պես: …Չէ, ձեր ասածը նկատի չունեմ. մի քիչ էլ մտածեք: Ու երեւի
թե մի նորմալ օրենք ու կարգ չէինք էլ կարող ունենալ. էն ազգը չենք (ծառերը նկատի
չունեմ): Ու ոչ մի տեղ չես գտնի հավաստիացումը, բայց բանը հենց դրանով էլ լավ է,
որ չես էլ գտնի նաեւ ժխտումը, որ օրենքը, սովորաբար, ուժեղի մոտ է առաջանում ու գործում:
Նրա, ով, ենթադրենք, ինչ-որ մի ժողովրդի գոնե տիրել է: Որովհետեւ օրենքը, կարգուկանոնը
նախ հպատակների վրա (ներսի եւ դրսի) պետք է տարածես՝ էդպես հեշտ է իշխելը, նոր միայն,
երբ համոզվում ես, որ կանոնակարգված կյանքն առավել հանգիստ, իմաստալից ու լավ է՝
ինքդ եւս սկսես կիրառել: Իսկ մենք ինչ: Մենք հո չե՞նք իշխել: Մեզ են… իշխել: Մենք
ենք ոտով-գլխով հպատակ եղել: Ու դրա համար էլ միակ բանը, որ սովորել ենք՝ հարմարվելն
է եղել: Հպատակվելը: Իշխվելը: Որ քիչ ցավոտ լինի: Մեկ-մեկ էլ հաճելի: Օգտակար էլ:
Ու՝ ըտենց: Հերթով սկսել ենք հարմարվել: Թուրքին էլ, պարսիկին էլ, ռուսին էլ: Մոնղոլին:
Թաթարին: Էլի եղած կլինեն: Իսկ քանի որ ամեն մեկին մի կերպ էր պետք հարմարվել ու
դիմանալ՝ մենք դիմանալու ու հարմարվելու բոլոր տեսակներն էլ խառնեցինք իրար, ու դուրս
եկավ էն, ինչ կա: Հարմարվում ենք՝ ամեն ձեւի ու տիպի: Ու հենց այդ պատճառով է, որ
Ջավախքից ջավախքցին գալիս է Երեւան ու էստեղից մատ թափ տալիս հայտնի չէ, թե ինչ ուղղությամբ
ու ողբում Ջավախքի հայաթափումը: Նախիջեւանցին՝ նույնը: Ղարաբաղցին էլ: Երեւանից պարզապես
շատ ավելի ապահով է մատ թափ տալը: Ողբալն էլ: Միշտ: Էգուց էլ Լոսից են գալու ու Բուշի
(հաջորդ) վրա մատ թափ տան, որ Լոսը… հայաթափվում է: Գալու են: Ու հաստատ կանեն:
Ուսուցիչները՝ տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած եւ ոչ Աստծուց
կոչված, փողով ընտրված եւ ոչ Սուրբ Հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը,
որի մեջ Աստված է բնակվում, եւ գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը: Կրոնավորները՝
կեղծամոլ, ցուցամոլ, սնափառ, պատվասեր, քան Աստվածասեր: Վիճակավորները՝ հպարտ,
դատեր սիրող, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող,
առեւտուր անող եւ կատակերգություններ սիրող: Աշակերտները՝ սովորելու մեջ ծույլ,
սովորեցնելու մեջ՝ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ Աստվածաբան են: Ժողովրդականները՝
ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասագործ, ժառանգությունից
փախչող: Զինվորականները՝ անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ,
կողոպտիչ, գինեմոլ, ելուզակ, ավազակների բնութենակից: Իշխանները՝ ապստամբ,
գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, աշխարհ ավերող, աղտեղասեր…
Դատավորները՝ տմարդի, սուտ, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անհաստատ,
հակառակող: Եվ, առհասարակ, սերն ու ամոթը ամենքից վերացած: Սա, բնականաբար,
ես չեմ ասում: Սա Խորենացին է: Մի տասնհինգ դար առաջ է ասել: Ոսկեդարում: Իսկ հիմա
մոտավորապես, դրա համեմատությամբ ու ընդհանրապես, ժեշտի դար է մեզանում: Բայց հետընթացը՝
ոսկեդարից շատ չի, ընդամենը մի քայլ է: Էնպես որ՝ ի՞նչ է պատահել, որ… Ի՞նչ
եք իրար խառնվել: Էս եղել ենք, էս կանք, ու էս էլ լինելու ենք: «Կանք, պիտի
լինենք, ու դեռ՝ շատանանք»: Բայց էսպես՝ ոնց որ կանք: Էնպես որ՝ Աստված էլ
բեթարից ազատի: ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել