Կարապետյանի
ընտանիքին հիշում են ընտրությունից ընտրություն Արարատի մարզի Մասիսի շրջանի
Հովտաշատ գյուղի 65-ամյա բնակիչ Արեւհատ Կարապետյանը 15 տարիների ընթացքում չինովնիկներին
հղված նամակների պատասխանները ոչ թե քանակով, այլ կիլոգրամներով է չափում: Տասը
տարուց ավելի է՝ Ա. Կարապետյանն ու իր դուստր Գայանե Պողոսյանը տարբեր «տրամաչափի»
պաշտոնյաների դռներն են թակում, որպեսզի պատմեն իրենց գլխով անցածի մասին, ինչի հետեւանքով
այսօր հայտնվել են սոցիալապես անմխիթար վիճակում: Բայց պաշտոնյաներից որեւէ մեկը
նրանց չի ընդունում եւ միայն «ցրողական» պատասխաններ է տալիս: Պարտքերի պատճառով
Ա. Կարապետյանը վաճառել է Հոկտեմբերյանի բնակարանը եւ մինչ նոր տուն կգնի՝ գումարը
հանձնել է Հոկտեմբերյանի պետական դրամարկղ: Դրամի արժեզրկման հետեւանքով բնակիչը
նոր տուն գնելու հնարավորությունից զրկվել է եւ մնացել փողոցում. «Ում դիմում ես՝
ասում են բոլորի փողն էլ արժեզրկվել է, ես այս երկրի քաղաքացի եմ, բա ո՞ւմ դիմեմ,
որ կարողանամ մի տանիք ձեռք բերել»,- հարցնում է թոշակառու կինը: Մինչ այսօր մայր
ու աղջիկ ապրում են կիսականգուն մի կացարանում, որտեղ անմարդկային պայմաններ են:
Բացակայում են կոմունալ բոլոր հարմարությունները, տանիքը վնասված է, պատերը գաջված
չեն, հատակը հողածածկ է: Տնամերձ փոքրիկ հողակտորն էլ աղուտ է եւ մշակելու համար
կնոջից մեծ ջանքեր է պահանջում: Այս բոլոր հոգսերի հետ նաեւ տարիներով ոչ ոռոգման,
ոչ էլ խմելու ջուր ունեն, ամեն օր եւ հողը ջրելու, եւ խմելու համար դույլերով կրում
են հարեւաններից. «մեր գյուղի ջրմուղը պատճառաբանում է, թե մեզ չի կարող ջրով ապահովել,
քանի որ խողովակներ անցկացնելը շատ թանկ է: Էս տասը տարի է ջուր ենք կրում»: Այսքան
տարիների ընթացքում պետությունը ոչ միայն ինչ-որ չափով իր քաղաքացու հոգսը չի թեթեւացրել,
այլեւ դեռ մի բան էլ նպաստից է զրկել: Չնայած մեր ձեռքի տակ աշխատանքի եւ սոցիալական
հարցերի նախարարության աջակցության վարչության տեսուչների եզրակացությունն է, որը
կազմվել է Ա. Կարապետյանին այցելելուց հետո. «Ա. Կարապետյանի տունը իրենից ներկայացնում
է մեկ սենյականոց քարե տուն, որի պատերը եւ առաստաղը գաջված չեն, հատակը բետոնից
է եւ ոչնչով ծածկված չէ: Տան կահավորումը ընդամենը երկու հնոտի մահճակալ է, շատ հին
պահարան եւ մի սեղան: Կոմունալ պայմանները բացակայում են: Ա. Կարապետյանն ապրում
է սոցիալապես ծանր վիճակում»: Ընտանիքի միակ եկամուտը կնոջ 7 հազար դրամ թոշակն է
եւ 6 հազար դրամ աղքատության նպաստը: Բնակարանի միակ առաջարկը եղել է Արմավիրի մարզպետից՝
Բաղրամյան գյուղում, սակայն Ա. Կարապետյանի խոսքերով՝ «այնտեղի բնակիչներն են իրենց
գյուղը լքում, մենք գնանք ինչ անենք»: Ժամանակ առ ժամանակ այս ընտանիքի անմխիթար
վիճակը շոշափվում է նախագահական, խորհրդարանական ու տեղական ինքնակառավարման մարմինների
ընտրությունների ժամանակ. «Թեկնածուները սարեր են խոստանում, բայց ընտրվելուց հետո
մեր վիճակն ավելի է վատթարանում»,- պատմում է Ա. Կարապետյանը: ԼՈՒՍԻՆԵ
ԲՈՒԴԱՂՅԱՆ