Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՅՈԼԱ՞ ԳՆԱԼ, ՎԱ՞ՐԿ ՎԵՐՑՆԵԼ, ԹԵ՞ ՎԱՃԱՌԵԼ

Ապրիլ 22,2006 00:00

Ընտրությունը
ՀՀ հաջորդ իշխանություններինն է «Գազպրոմի» հետ կնքած «գույք՝ գազի դիմաց»
համաձայնագրով սահմանված ժամկետը, անշուշտ, մի օր լրանալու է: Այդ օրը լինելու է
2009-ի հունվարի 1-ը՝ ընդամենը 3 տարի անց: Այն Հայաստանի տնտեսական պատմության մեջ
ամենահիշվող օրերից է լինելու: Թե այս տարիների ընթացքում ինչքան է կրճատվելու աղքատության
շեմը, ինչ քամիներ ենք անելու «Հազարամյակի մարտահրավերների» փողերով, եռացատկ թե
քառացատկ թռիչքներով է զարգանալու Հայաստանի տնտեսությունը՝ արդեն կարեւոր չէ, որովհետեւ
կգա հունվարի 1-ը, եւ շարքային քաղաքացին ավելի մեծ տագնապի մեջ կընկնի, քան այն
օրերին, երբ ռուսական ընկերությունը հայտարարեց, որ Հայաստանը ԱՊՀ մյուս երկրների
պես պետք է ռուսական գազի 1000 խմ-ի համար վճարի 110 դոլար: Հնարավոր է, որ Հրազդանի
5-րդ էներգաբլոկը եւ Իրան-Հայաստան գազամուղը տալու գործարքը արդարացնելու համար
մերոնք արտահանման, տնտեսական աճի աղյուսակներում թվեր կրակեն, բայց դա չի նշանակի,
թե սովորական քաղաքացին պատրաստ կլինի դիմակայել «Գազպրոմի» ցանկացած խաղին: Արդյունքում՝
ընդամենը 2008-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, երբ Ռուսաստանը կսկսի քննարկել նոր
սակագինը, հանրապետությունում իսկական խուճապ կլինի, իսկ դրանից հետո արդեն ովքե՞ր
ասուլիսներ կհրավիրեն, ինչքա՞ն ժամանակ գազի գնի մասին «ցրողական» պատասխաններ կտան
եւ ի՞նչ կառույցներ «նկուղի» կարգավիճակ կստանան՝ կարելի է հանգիստ պատկերացնել.
Սցենար թիվ 1. Երբ պետք է անցնել էներգախնայման «Գազպրոմի» ինտերնետային
կայքում զետեղված հաղորդագրության համաձայն, ընկերությունը մտադիր է հաջորդ տարվանից
գազի սակագինը Հայաստանի համար սահմանել 250 դոլար: Մինչ այդ, «Գազպրոմի» վարչության
փոխնախագահ Ալեքսանդր Ռյազանովն էլ հաղորդել էր, որ Ռուսաստանը ԱՊՀ բոլոր երկրների
նկատմամբ դեռեւս 2006-ից անցել է շուկայական հարաբերությունների. «Այն ժամանակ Հայաստանի
կառավարության հետ կնքած համաձայնագրի շրջանակներում գազի սակագինը մնաց 110 դոլար:
Սակայն ՀՀ կառավարությունը պետք է գիտակցի, որ նման գին միջազգային շուկայում գոյություն
չունի»: Թեեւ ռուսական ընկերության ներկայացուցչի այս հայտարարությունը սպասելի էր,
քանի որ արդեն ավարտվել է ընկերության հետ 3 տարի առաջ կնքած պայմանագրի ժամկետը,
բայց կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետը, պատասխանելով ռուսական գազի 250
դոլար սակագնի հետ կապված լրագրողների հարցերին, ասաց, որ դա անակնկալ էր իր համար.
«Մենք սպասում էինք, որ գազի գինը կթանկանա, բայց ենթադրվում էր, որ այն կլինի 110-120
դոլարի սահմաններում: Եթե Ռուսաստանը գնա գազի գների կտրուկ բարձրացման, ապա անհրաժեշտություն
կծագի ճշտելու «ռազմավարական գործընկեր» հասկացությունը եւ վերանայելու հարաբերությունների
ձեւաչափը»: Այնուամենայնիվ, վարչապետը վստահեցրեց, որ «գազի գների աճը չի անդրադառնա
բնակչության վրա, քանի որ իշխանությունները կփորձեն այդ խնդիրը լուծել սեփական պաշարների
հաշվին»: Այս օրերին «Գազպրոմի» ներկայացուցիչները ռուսական «ԿՀՁ» հեռուստաալիքին
տված հարցազրույցներում անդրադառնալով Հայաստանին մատակարարվող գազի սակագնին, միշտ
նշում են 250 դոլար գինը՝ 1000 խմ-ի դիմաց, սակայն մերոնք հասարակությանը վստահեցնում
են, որ այդ հայտարարությունները չափազանցված են, «Գազպրոմը» չի կարող Վրաստանին գազ
առաքել 110 դոլարով, մեզ՝ ռազմավարական գործընկերոջը, կրկնակի թանկ: Գազային կոնցեռնի
վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը դեռ 1 ամիս առաջ հաղորդել էր, որ հունվարից իրենք
Հայաստանի համար նոր սակագին են հաստատելու. «գները կարող են բարձրանալ, կարող են
եւ նվազել՝ դա շուկա է»: Չնայած այս բացեիբաց հայտարարություններին, ըստ էներգետիկայի
նախարարի (կարեւոր չէ՝ Արմեն Մովսիսյանը կլինի, թե Պողոս Պողոսյանը), իրենք 250 դոլար
սակագինը հաստատող ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չունեն, ուստի դրա մասին խոսելը վաղ
է. «Այս տարիներին գազի գները հաջողվում էր ցածր մակարդակում պահպանել միայն Հայաստանի
եւ Ռուսաստանի նախագահների անձնական շփումների եւ «գույք՝ գազի դիմաց» գործարքի շնորհիվ,
սակայն էներգակիրների համաշխարհային գների բարձրացման պայմաններում դա չի կարող երկար
շարունակվել: Վաղ թե ուշ գազի գինը Հայաստանում պետք է բարձրանա: Ամեն դեպքում, մեր
տնտեսությունը պատրաստ է դիմակայել ցանկացած սակագնին, այն ցնցումներ չի ապրի»: Նախարարի
այս հավաստիացումները գալիս են տաք տեղից: Բանն այն է, որ նախարարի վրա մեծ տպավորություն
է թողել առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Գագիկ Վարդանյանի ուղերձը՝ «օրը
ցերեկով վարագույրները մի փակեք ու լույսերը վառեք, ես խորհուրդ կտայի ընդհանրապես
վարագույր չկախել կամ ավելի ճիշտ՝ լույս չվառել, միայն այս տարբերակով հնարավոր կլինի
քիչ ծախսել, մինչեւ տեսնենք՝ ինչ նախագծեր կարելի է իրականացնել՝ էներգախնայման համար»:
Նախագծերից մեկը հետեւյալն է. կառավարությունը կորոշի, որ աղքատության նպաստ չեն
ստանա այն ընտանիքները, որոնք անիմաստ տեղը, ասենք՝ զուգարան մտնելիս լույսը կվառեն.
հեչ պարտադիր չէ այդ փոքր տարածքի համար մի ամբողջ լամպ միացվի, կարելի է դուռը կիսաբաց
անել, գիշերներն էլ անցնել մոմի: Սցենար թիվ 2.Ռուսական վարկը՝ ամենափրկիչ
Հունվարի կեսերին ՀՀ նախագահը պատրաստվում է հանդիպում ունենալ ՌԴ նախագահի
հետ: Ինչ խոսք, այդ հանդիպման ընթացքում քննարկման գլխավոր թեման գազի սակագինը կլինի:
Նախագահը մտադիր է բանակցությունների արդյունքում գազի գինը մեղմել մինչեւ 230 դոլար:
Այս առնչությամբ նախագահի մամուլի ծառայությունից չհերքեցին, որ նախագահը պատրաստվում
է Մոսկվա այցելության, բայց պաշտոնական պատասխանի համաձայն, դա նախագահի հերթական
աշխատանքային այցելություններից է: Այս օրերին տարբեր քաղաքական գործիչներ նախագահի
այցի հետ կապված սկսել են տարաբնույթ ու հակասական կարծիքներ հայտնել՝ բանակցությունների
ելքի հետ կապված: Ոմանց կարծիքով՝ փորձը փորձանք չէ, 10-20 դոլար էլ իջեցնի՝ «քյար»
է, ոմանք էլ 2006-ի Քոչարյան-Պուտին հանդիպման դառը փորձը հաշվի առնելով՝ որոշ լուրջ
անհանգստություններ ունեն. հնարավոր է, որ նախագահը սակագինը իջեցնի ոչ թե 10-20
դոլարով, այլ՝ կիսով չափ, բայց թե ինչ տված կլինենք այս անգամ՝ «ժողովրդին խուճապից
փրկելու, արտահանմանը զարկ տալու եւ գազի գինը մեղմելու» համար, կիմացվի միայն մարտ-ապրիլ
ամիսներին, երբ բանը բանից անցած կլինի: Խնդիրն այն է, որ Ռուսաստանը մեր կառավարությանը
հստակ առաջարկություն է արել՝ վերցրեք ինձնից վարկ եւ սակագնի բարձրացման դեմն առեք:
Երեք տարի առաջ մեր առջեւ դրված էր 3 նման տարբերակ՝ 5-րդ էներգաբլոկի վաճառքը, Իրան-Հայաստան
գազամուղի շինարարությանը մասնակցելը եւ ռուսական վարկի ընդունում: Առաջին երկուսը
տվեցինք, մնաց վերջին շանսը՝ վարկը: Թեեւ մենք կարող ենք արտոնյալ պայմաններով նույն
վարկը ստանալ արեւմուտքից կամ միջազգային այլ կազմակերպություններից, բայց չի բացառվում,
որ Ռուսաստանին չնեղացնելու, ավելի ճիշտ՝ չբարկացնելու համար ՀՀ կառավարությունը
ստիպված ընդունի Ռուսաստանի առաջարկը՝ եւս 1-2 տարի ձգելու համար: Բնականաբար, իշխանություններն
այդ քայլը չեն համարի հարկադրական, պարզապես հարցը կձեւակերպեն այսպես. «Երկար բանակցությունների
արդյունքում մեզ հաջողվեց ռուսներին համոզել, որ այդպիսի պայմաններով վարկ տան: Մենք
պիտի աշխատենք ամեն ինչ անել, որ ՌԴ կառավարությանը հուսախաբ չանենք»: Սցենար
թիվ 3.Ավելի լավ չի՞ վաճառենք, քան մղկտանք ՀՀ պաշտպանության նախարարը սովորականից
ուրախ է, այդ ուրախությունն այնքան անկեղծ է, այնքան անբռնազբոս, որ հիշեցնում է
նրա գոհունակությունը՝ 2006-ի ապրիլի 11-ին ՋԷԿ-ի 5-րդ բլոկի վաճառքի մասին հայտարարելիս:
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը հո վստահ է, որ բոլոր այն դեպքերում, երբ մեր պաշտպանության
նախարարն ուրախ է՝ նշանակում է հայ ժողովրդի համար վատ է: Ավելի ուշ պարզվում է,
որ ուրախանալու առիթը իրականում մեծ է՝ եւս մի հաջողված գործարք. թեեւ ասում են՝
պապն ամեն անգամ փլավ չի ուտի, բայց ռուսներին կարողացել ենք եւս մեկ անգամ «հարիֆացնել»
ու այս անգամ տալ ոչ թե երեք հարկանի տան նկուղը, այլ մի քնձռոտ չուլան, որտեղ տարին
մեկ մի «զակատ» էլ չէր մտնում: Խոսքը Երեւանի ՋԷԿ-ի մասին է: Պաշտպանության նախարարի
տվյալներով՝ «այդ ՋԷԿ-ը չէր գործում, եւ այն վերագործարկելու համար ստիպված պիտի
լինեինք ներդնել առնվազն 180-200 միլիոն դոլար, ընդ որում, ոչ ոք չէր կարող ասել՝
մինչեւ 2020 թվականը կփոխհատուցվե՞ր այդ ծախսերը, մինչդեռ հայտնվեց մի գնորդ, որը
խիստ նպաստավոր պայմաններով վերցրեց այն. մենք մինչեւ այս տարվա վերջ կունենանք հզոր
ՋԷԿ, որը կլինի Ռուսաստանի սեփականությունը, բայց կաշխատի մեր օգտին»: Մոտավորապես
նույնկերպ արտահայտվեց նաեւ ՀՀ նախագահը՝ բնակչությանը գիշերը անկողնում նոր մտածելու
թեմա տալով. «Ո՞րն է ավելի լավ. ունենալ գերզարգացած, վերանորոգված ու հրաշալի գործող
ՋԷԿ՝ Ռուսաստանի կազմում, թե՞ ընդհանրապես ոչ մի օգուտ չտվող, միայն անընդհատ ներդրումների
տեսքով ուշադրություն պահանջող մի անկապ կառույց, բայց՝ Հայաստանի սեփականություն,
դե գնացեք ու մտածեք: Կարեւորը՝ ես ձեզ այսօր էլ կարող եմ վստահեցնել, որ գազի գինը
բնակչության համար 15-20 տոկոսից ավելի չի թանկանալու: Կառավարությունը գտավ ճանապարհը,
որով կարող է մեղմել այդ սակագինը»: Հասարակությունը չէր հասցրել հաշտվել այն մտքին,
որ էլ Երեւանի ՋԷԿ չունենք, «Գազպրոմի» մամուլի ծառայությունն ընկերության կայքում
զետեղեց մի հաղորդագրություն, որը բառացիորեն մեջբերում ենք. «Երեկ «ՀայՌուսգազարդը»
Հայաստանի կառավարության հետ կնքել է համաձայնագիր, ըստ որի Հայաստանը ընկերությանն
է հանձնում Երեւանի ՋԷԿ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը, իսկ ավելի ուշ՝ 2009-ի դեկտեմբերին,
հանրապետության տարբեր մարզերում գործող թվով 13 փոքր ՀԷԿ-եր եւ հողմային էլեկտրակայաններ:
Դրա դիմաց «ՀայՌուսգազարդը» ատոմակայանում պետք է իրականացնի մոտ 200 միլիոն դոլարի
ներդրում: 2009-2010 թվականներին Հայաստանի համար սահմանված գազի սակագինը 250 դոլար
է՝ 1000 խորանարդ մետրի դիմաց»: Պարզվում է՝ Երեւանի ՋԷԿ-ից բացի, կառավարությունը
նախնական համաձայնագիր է կնքել նաեւ այն հիդրո եւ հողմակայանների մասով, որոնք դեռ
կառուցման փուլում են: Իրավաբանական տեսակետից՝ դրանց վաճառքը չէր կարող իրականանալ.
ռուսները պիտի սպասեն, որ դրանց շինարարությունն ավարտին մոտենա: Թեեւ դեռ հստակ
պարզ չէ, թե որ կայաններն են վաճառված, բայց հաշվի առնելով, որ այն 40 սուբյեկտները,
որոնք լիցենզիա են ստացել ՀԷԿ-եր կառուցելու եւ արդեն 4-րդ տարին է՝ կառուցել են
ընդամենը 4-ը, կարելի է ենթադրել, որ Ռուսաստանին են հանձնվել այն ՀԷԿ-երը, որոնց
կառուցման համար ՀՀ կառավարությունը երկար բանակցություններ էր վարում Համաշխարհային
բանկի հետ: Այնուամենայնիվ, «ՀայՌուսգազարդի» հետ կնքած այս գործարքը «ամենահաջողվածներից»
է, քանի որ, ըստ պայմանագրի, Ռուսաստանը նաեւ համաձայնել է սակագինը 250 դոլար դարձնել
ոչ թե հունվարի 1-ից, այլ փետրվարի 15-ից, իսկ դա չափազանց կարեւոր է այն առումով,
որ գոնե ձմեռվա կեսը հանած կլինենք: Վերը նկարագրվածը ընդամենը կանխատեսում
է՝ 2009 թվականից: Իրականում այդ թվականը մեզ վրա ավելի թանկ է նստելու, քան գազի
գնի եռակի-քառակի բարձրացումը, չի բացառվում, որ հրապարակի մեջտեղում Նոր տարվա օրերին
ռուսական ընտիր եղեւնիներից տեղադրելու պայմանով ռուսներին հանձնենք նաեւ հրապարակը՝
«Արմենիա Մարիոթը» հանած, բացի այդ, նվիրենք քաղաքապետարանի նոր շենքը, Սեւանա լիճը
եւ էլի մի քանի «տանը մնացած» օբյեկտներ: Վերը նշված 3 հնարավոր տարբերակներում էլ
Հայաստանի էներգետիկ անկախության մասին խոսելը ծիծաղելի է, քանի որ Հայաստանը, հրաժարվելով
տարածաշրջանում էներգետիկ ոլորտի երկրորդ «խաղացողից»՝ Իրանից, արդեն էներգետիկ համակարգի
գրեթե 100%-ը ռուսներին է զիջել: Եթե այժմ Հայաստանը ստացել է Ռուսաստանի
մարզի կարգավիճակ եւ ֆորպոստից վերածվել կցորդի, ապա 2009 թվականից կստանանք ՌԴ-ի
փոքր թաղամասի կարգավիճակ, որովհետեւ Ռուսաստանը մեր նկատմամբ շարունակելու է վարել
նույն «ճնշողական», գաղութատիրական քաղաքականությունը: Եթե «Գազպրոմը» մեզ համար
250 դոլար գազի սակագին առաջարկի, մենք պիտի գոհ ու շնորհակալ լինենք ու սուսուփուս
համաձայնենք այդ առաջարկին, որովհետեւ, ըստ էության, այլընտրանք չունենք: Ըստ անկախ
տնտեսագետների, գազի սակագնի 250 դոլար բարձրացումը կբերի տարեկան միջինը 22-24 տոկոս
գնաճի, իսկ Կենտրոնական բանկը չի կարողանա կարգավորել այդ խնդիրը: Այն կհանգեցնի
նաեւ էլեկտրաէներգիայի ահռելի թանկացման, ինչը ոչ մրցունակ կդարձնի Հայաստանի տնտեսությունը:
Առանց այդ էլ, ըստ տնտեսագետ Էդուարդ Աղաջանովի, այսօր հանրապետությունում էլեկտրաէներգիայի
գները ամենաբարձրն են աշխարհում: Ըստ նրա, միայն դոլարի կուրսի արհեստական տատանումներն
արդեն մեր երկիրը դարձնում են ոչ մրցունակ, ու իր կառուցվածքով 4-5-րդ կարգի երկիր:
Բացի այդ, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության հաշվարկներով՝ ներմուծված
գազի 130 դոլար գնի դեպքում ՀՀ-ում արդյունաբերական արտադրանքի ինքնարժեքը 20-22
տոկոսով կաճի, ըստ այդմ, 250 դոլար սակագնի դեպքում աճը կկազմի մոտ 40 տոկոս, ինչը
տնտեսության համար սարսափելի է անգամ պատկերացնել: Այս համատեքստում մեծանում է երրորդ
գազամուղն ունենալու հավանականությունը՝ Ադրբեջանից, ինչը տնտեսագետները բոլորովին
չեն բացառում: Սա՝ անվտանգության տեսակետից, իսկ գազի գինը մեղմելու համար կա մասնավոր
հատվածին «սեղմելու» տարբերակը, թեեւ այս պահին ոչ մի խթանող մեխանիզմներ չկան, որ
մասնավոր հատվածը, արտադրողները էներգախնայման գնան: ՀՌԻՓՍԻՄԵ
ՋԵԲԵՋՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930