Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿԻՆՈ «ՆԱԻՐԻԻ» ՎԵՐՋԻՆ ՄՈՀԻԿԱՆԸ

Ապրիլ 22,2006 00:00

Դիմանկարի
եւ հրաժեշտի փորձ «Նաիրի» հրատարակչության տնօրենի ընդունարանում լսեցի, որ
երեկոյան տանը վատացել եւ հիվանդանոց գնալով՝ այնտեղ առավոտյան իր մահկանացուն է
կնքել Արա Վահունին: Հիշեցի Մոսկվան, Գրողների միության ինստիտուտի հանրակացարանը՝
Դոբրոլյուբովի փողոցի 11/ 9 հասցեում եւ հիշեցի հանրակացարանի յոթ հարկերի տակ կքած
ԳՄ հյուրանոցի կիսանկուղային բարը: Հիշեցի մոսկվացի կանանց մեջ իրեն բավականին հաջողակ
համարող՝ 37 թվից եւ Թենգիզ Աբուլաձեի «Կառափնարան» ֆիլմում տուժած հերոսների ընտանիքից
մի կերպ ճողոպրած կինոռեժիսոր Վախթանգ Միքելաձեին, որը թողնելով կոմունիստների համագումարի
մասին ֆիլմի կապակցությամբ ասվող բաժակաճառը, թեքվելով դեպի մեր սեղանը, վրացավարի
հարցրեց. «Արա Վահունուն ճանաչու՞մ եք»: Ճանաչում էի հեռակա, էկրանից: Ասացի՝ այո,
մոտ ընկերս է, ինչո՞ւ ես հարցնում, դու ի՞նչ կապ ունես նրա հետ, հո նա էլ քո ֆիլմերի
պես ֆիլմ չի՞ նկարում: – Վա, տո, զարմանալի մարդիկ են էս հայերը, ինչո՞ւ զայրացար,
ես էլ եմ ճանաչում, հինգ տարի սովորել ենք կինոյի ինստիտուտում, կուրսայինը մինչեւ
Վահունին չնկարեր՝ մեզանից ոչ մեկը ռիսկ չէր անում նկարել: Մի ուրիշ բան էլ կար,
եթե մի աչքի ընկնող աղջիկ էր հայտնվում մեր տարածքում, մինչեւ Վահունին չտնտղեր,
ոչ ոք նրան չէր մոտենա,- այս ամենն ասաց համարյա մի շնչով, հետո կանգ առավ, շունչ
քաշեց ու շարունակեց,- ի՞նչ է անում, ի՞նչ չի անում, վերջին անգամ երեք տարի առաջ
եմ տեսել՝ Կինոյի տանը ու ոնց որ քսան տարի առաջ: Նորից ցիլոյով էր, մորուքով ու
ժուժուով (փողկապով), մարմինս փշաքաղվեց, էդ երեկո կանանց վախով էի նայում, հիշում
էի Արայի խիստ հայացքը ու էդ երեկո հասկացա, որ հենց այդ հայացքն է նրա Դոն Ժուանի
զենքը, իսկ ցիլոն, մորուքն ու փողկապը լրացումներն են… Այդ անձրեւային օրվա
վրա եւս նույնքան եւ ավելի անձրեւներ են մաղվել, Վահունուն ծանոթացել, մի քիչ ճանաչել
եմ, ո՛չ Վախթանգի նման: Երբ Ղրիմի թաթարների անհաջող ինքնասպանությունից հետո մեր
վզին փաթաթեցին Ղարաբաղյան շարժման պարանը ու հայ ժողովրդի անմեղ ոգին նախավերջին
հազարամյակի հզոր պոռթկման պիկը հաղթահարեց (Օպերայի հրապարակ, մեկ միլիոն մարդ)՝
ահա հենց այդ պիկն ու թիվը պահել էր պետք, հույսով, որ ահա, ահա, ահա Մոսկվան կկոտրվի
եւ ԼՂՀ-ն կկպցնի ՀԽՍՀ-ին: Ահա այդ ժամանակ հասկացանք, որ մասսայական կոչվող «միտինգային»
(Ե.Չ) արվեստներից շատ չենք ուժեղ ու բնավ չէր օգնում այն, ինչը ստեղծվել էր 70 տարում:
Նույնիսկ Է. Քյոսայանի ու Ս. Խանզադյանի «Հուսո աստղը»: Ահա այդ ժամանակ Ֆրունզե
Դովլաթյանի «Ծնունդը», «Սարոյան եղբայրները» եւ Արտո Փելեշյանի «Սկիզբը» եւ ամեն
ինչը դես-դեն տալով, ժողովրդի հիշողությունը բորբոքելով, պիկը պահում էին ոնց որ
մեկ՝ լավ, մեկ՝ վատ: Ի՞նչ անեին, դասական օրենք է, հրապարակ մտար՝ պիտի պարես…
Ու մեկ էլ էդ օրերին էկրան բարձրացավ «Մուսա լեռ-88-Վիշապի տարին»: Վախթանգի
պատմած կանանց մոգի՝ Արա Վահունու ֆիլմը բարձրացավ ու սկսվեց նրա երթը, որը հետո
վերածվեց շքերթի: Գալիք դարերից եկող պատմահայրը գուցե արձանագրի, որ «Ղարաբաղկոմիտեին»
հաջողվեց ինքնասպանությամբ կախաղանից ճոճվող անտեր, անխելք, չիշխանասեր, բայց հանճարեղ
ժողովրդին փրկել նաեւ Արա Վահունի նվիրյալի վերը նշված ֆիլմով եւ մենք՝ հայերս վերածվեցինք
լացկաններից՝ պահանջատիրոջ: Ա՜յ քեզ փորձանք, «Տո դուք ո՞վ եք, ա՛յ Վահունի,
որ զառամյալ մի կուսակցության հեչ եք անում, այսպես կոչված, ձեր «Ղարաբաղկոմիտեով»
ու մեր կյանքի գործը տալիս ժողովրդին… հըբը մեր կյանքը իզուր անցա՞վ… պատմությունը
մեր բանը չէ, որովհետեւ երբեք ոչինչ մեզ դաս չեղավ, բայց որ Վահունին ոգի տվեց, աշխատավորի
ու մտավորականի կուռքն էր, որ ծափերի ու դափնիների մեջ էր, դրա վկան ես եմ եղել,
մայրաքաղաքում, թե շրջաններում: Փառքը եկել, պարուրել էր նրան, առել իր մեջ, իսկ
նա չէր փոխվել զարմանալիորեն, նույն Արան էր՝ ցիլոյով, մորուքով, փողկապով ու դրսից
միշտ խիստ եւ նայած՝ ում հանդեպ ու որ հարցում, իսկ ներսից՝ փխրուն եւ անսահման բարի:
Հրապարակավ գնահատում եւ հարգում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, պաշտպանում եւ պաշտում
էր Վանոյին, իսկ հակառակն անողներին՝ պարզապես խղճում էր: Գալիս էր տնից կեսօրի
կողմերը, հատում խաչմերուկը դեպի կինո «Նաիրի», հարգանքով, գլխի թեթեւ շարժումով
բարեւում էր պարկեշտ մարդկանց, ժպտում, խոնարհումով բարեւում էր կանանց, ծերերին
ու երեխեքին, բոլորին տեսնում էր եւ ամեն ինչ: Արհամարհում, մահվան չափ ատում էր
չարը, ասելու տեղն ասում էր ու հայհոյում, ու որպես օրենք՝ չարը խուսափում էր ռաստ
գալ նրան, որովհետեւ երեսին ասող էր, ճակատին՝ խփող, որովհետեւ թալանչի չէր ու քծնող,
ու վաղամեռիկ աղջկա ցավը մեջը՝ մտածում էր էս երկրի երեխեքի վաղվա օրվա մասին…
Հա, ուրեմն հատում էր խաչմերուկը կեսօրին մոտ ու գնում էր դեպի Տերյան, դեպի Աբովյան,
դեպի Մաշտոց: Գնում էր Արան, եթե դեռ ցուրտ էր՝ վերարկուն վարդագույն էր եւ ցիլոն՝
նույնպես, բարություն էր վրայից ցայտում, այս տարածքն իրենն էր ու ինքը տերն էր այդ
տարածքի ու մեջը լիքը հուշեր ուներ, հին հայերից, Էրիվանից եւ այդ ամենը նրա համար
բիզնես չէր, կյանք էր ու ավելի թանկ էր, քան որեւէ չհարկված բիզնես, նրա մեջ միշտ
ապրում էր Նկարչի տան կաֆեն, Փափազը, Հրաչը, Մհերը, Քոչարը, Մինասն ու Սեւակը, Փելեշը,
Մանսուրյան Տիկոն ու էլի երեկվա, էսօրվա ու վաղվա հանճարն ու անճարը հայերի… Վերջերս
գրում էր, նկարելն արդեն քչերին է տրվում, գրում էր իբր շների մասին, բայց իրականում
գրում էր համատարած ինքնասպանությունից մի կերպ պրծած եւ առանձին-առանձին փոշիացող
փախուստի եւ ինքնագլխատման դատապարտված հայերիս մասին… եւ այսպես, գալիք դարերի
պատմիչը նրա մասին կասի. ծնվեց այսինչ թվին Սուրենի որդի եւ Վահեի հայր եւ հայ ժողովրդի
արդար զավակ Արա Վահունին, ապրեց, արարեց, օրինակ եղավ ազնիվ եւ օրինավոր վարքի,
պարտքեր տվեց բազում, ոչ մեկին պարտք չմնաց, ու ոգի՜, ոգի՜, ոգի՜ տվեց՝ երբ ոգին
մեր զառամյալ, բզկտված ու վիրավորված, հոգեվարք էր ապրում նորից: Տվեց, տվեց՝ ինչ
որ ուներ, տվեց՝ ինչ որ չուներ եւ մեր երկրի սոդոմ-գոմոր դարդով դաղված ու վաղամեռ
իր դստրիկի ցավը սրտում, լու՜ռ, լուռումու՜նջ, ոչինչ չասաց, բազում, բազում պատմության
ու մեր օրերի բյուր դավերը արհամարհած եւ մեր աբսուրդ ապաստանին սիրահարված՝ եւ Խաստուրին
իր Վարուժան անգամ չասած մնաս բարով՝ թողեց-գնաց: Ընկերների
եւ ճանաչողների անունից՝ ՎԱՆՈՒՇ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել