Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԹԱՂԱՊԵՏԻ ԽՆՋՈՒՅՔԻՑ ՀԵՏՈ

Ապրիլ 22,2006 00:00

Ուրախ թիմակիցները սպանություն են գործել

«2005թ. հոկտեմբերի 1-ին Քանաքեռ-Զեյթուն համայնքների նորընծա թաղապետ Ա. Քոթանջյանի կողմից կազմակերպված խնջույքից (Զեյթունի հանրակացարանի սրահ) հետո, նստելու տեղ չլինելու պատճառով, ամուսինս եւ նրա աշխատանքային ընկերները գնացել են մոտակայքում գտնվող «Հացատուն» խորտկարանը: Այնտեղ վիճաբանություն է սկսվել ամուսնուս՝ Հայկազ Դադյանի աշխատանքային ընկեր Հայրիկ Պողոսյանի եւ ոմն Արմեն Եփրեմյանի միջեւ: Ամուսինս երկու անգամ սաստել է այդ վեճը եւ Հայրիկ Պողոսյանին մյուս ընկերոջ՝ Միքայել Ավագյանի հետ ուղարկել է տուն: Վեճից ոգեւորված՝ Արմեն եւ Անդրանիկ Եփրեմյան եղբայրները բութ առարկաների օգտագործմամբ ամուսնուս գլխին հասցրել են ծանր, մահացու բազմաթիվ վնասվածքներ»,- երեկ «Առավոտին» հայտնեց Սուսաննա Թաթոսյանը:

Զգալով, որ Դադյանը մահամերձ է եւ սպանությունը կբացահայտվի, թաղապետի «վստահված անձինք» իրենց հետքերը թաքցնելու նպատակով Դադյանին տեղափոխում են Միքայել Ավագյանի տուն: «Ավագյանի բնակարանը հարմար է եղել մահամերձին թաքցնելու համար, քանզի նա մենակ է բնակվում եւ ոչ ոք ամուսնուս այդ վիճակում չէր տեսնի»,- շարունակում է այրին: Եփրեմյան եղբայրները, Վահե Մարտիրոսյանը, Հայրիկ Պողոսյանը եւ Միքայել Ավագյանը չեն զանգում շտապօգնություն, անգամ՝ կնոջը: Ըստ գործի նյութերի, դեպքից անմիջապես հետո անջատվել է Դադյանի բջջային հեռախոսը: Հ. Պողոսյանի ցուցմունքով նշված է, որ իր ծանոթը, երբ տեսել է ծեծվածի վիճակը, «վախեցել է եւ փախել այդ տնից»: Մահամերձի մոտ բժիշկ է հրավիրվել, որը խորհուրդ է տվել նրան շտապ տեղափոխել հիվանդանոց: «Եվ քանի որ նրանք արդեն գիտեին, որ ամուսնուս առեւանգման մասին հայտնի է, վախենալով բացահայտումից՝ հաջորդ օրը, հոկտեմբերի 2-ին, ժ.13:30-ին ամուսնուս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով՝ դեպքից երեք օր հետո՝ հոկտեմբերի 5-ին մահացել է»,- պատմում է Սուսաննա Թաթոսյանը:

Նախաքննությունը ընթացել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազությունում: Վեց ամսվա ընթացքում հարցաքննվել է 12 վկա:

Ըստ տուժողի իրավահաջորդի, նախաքննության փուլում ավագ քննիչ Ա. Աղայանը խմբի կողմից կատարած հանցանքը «բարդել» է միայն մեկի՝ Անդրանիկ Եփրեմյանի վրա. «դիտավորյալ սպանություն հոդվածի փոխարեն կիրառել է «դիտավորյալ ծանր մարմնական վնաս հասցնելով անզգուշությամբ վրա հասած մահ» հոդվածը»,- ուշադրություն է հրավիրում Սուսաննա Թաթոսյանը:

Դեպքից երկու ամիս անց կինը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ: Այդպիսով, սահմանափակվել էին նրա իրավունքները, մասնավորապես՝ գործի նյութերին ծանոթանալու: «Փետրվարի 2-ից մինչեւ մարտի 8-ը դատախազության գրասենյակ եմ հանձնել 4 միջնորդություն, սակայն քննիչը զգալով իմ միջնորդություններում առաջ քաշած հարցերի վտանգավորությունը, չի քննարկել դրանք, որոշում չի կայացրել եւ մի քանիսն էլ չի կցել գործին, քանի որ դրանք կխափանեին գործի հորինված ընթացքը»,- նշում է զրուցակիցս: Հասկանալի է, որ այս գործը ի սկզբանե դատապարտված էր ձախողման, քանի որ սպանվածը «հասարակական-քաղաքական» հայտնի դեմք չէր, ընտանիքն էլ «մուծվելու» գումարներ չուներ:

Մեղադրական եզրակացությունը ուղարկվել է դատարան: Համաձայն Քր. դատավարության օրենքի՝ տուժողին գործը պետք է հանձնվի ամբողջությամբ կարված, համարակալված եւ ներառված փաստաթղթերի ցանկով, սակայն գործի նյութերը տուժողը ստացել է մաս-մաս՝ մարտի 25-ից մինչեւ ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում, առանց ներառված փաստաթղթերի ցանկի: Գործում առկա էին մաքուր թերթեր՝ համարակալված: «Միջնորդություններումս ես բազմիցս ներկայացրել եմ սպանության մասնակից Վահե Մարտիրոսյանին եւ Միքայել Ավագյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առաջադրելու «հանցագործությունը պարտակելու» հոդվածով, որը, սակայն, չի քննարկվել դատախազությունում եւ քննիչը այդ հարցին պատասխանել է լռությամբ»,- ասում է տուժողը:

Ըստ մեղադրական եզրակացության, հոդվածը նախատեսում է ընդամենը 5-10 տարի ազատազրկում, մինչդեռ, ըստ տուժողի իրավահաջորդի, պետք է առաջադրվեր մեղադրանք ՀՀ Քրօրի 104 (սպանություն) հոդվածի 3-րդ (զուգորդված մարդու առեւանգում), 5-րդ (առանձնակի դաժանությամբ), 7-րդ (մի խումբ անձանց կողմից), 10-րդ (խուլիգանական դրդումով) եւ 11-րդ (այլ հանցանք թաքցնելու նպատակով) կետերով, ՀՀ Քրօրի 334 (հանցագործությունը պարտակելու) հոդվածով:

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել