Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՅՐԵՆԻՔԻ

Ապրիլ 21,2006 00:00

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԱՀՄԱՆԸ ԳԾՈՒՄ Է ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ «Արցախի բանակը հարված հասցնելով մի շարք ուղղություններով, կարողացել է տեղ-տեղ մխրճվել հակառակորդի առաջին դիրքի խորությամբ, հասցնել գլխավոր հարվածը եւ ետ շպրտել հակառակորդին: Պաշտպանության բանակը անցնում է հակահարձակողական գործողությունների, խնդիր ունենալով ջախջախել հակառակորդին, ամբողջությամբ կատարելով բանակի առջեւ դրված խնդիրները»,- այսպես կամ մոտավորապես այսպես սկսվեցին Արցախի պաշտպանության բանակի զորավարժությունները, որոնք տեւեցին մոտ մեկ շաբաթ: Արցախում զիջումների մասին չեն խոսում Արցախում չեն մտածում զիջումների մասին: Արցախում մարդիկ փորձում են շենացնել իրենց հայրենիքը եւ մտքներով էլ չի անցնում, որ իրենք ինչ-որ մեկին ինչ-որ բան են պարտք: Արցախցին ապրում է վաղվա լավ օրվա հեռանկարով: Սակայն Արցախում պատրաստվում են պատերազմի, քանի որ այստեղ ամենօրյա կյանքով են հասկանում՝ «Եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի» խոսքերի իմաստը: Այստեղ մարդիկ սիրում են իրենց զինվորներին, զինվորին համարում են իրենց թիվ մեկ պահապանը, ցավոք, միշտ չէ, որ հաջողվում է զինվորին լավ պահել, բայց այդ մասին՝ հետո: Օրեր շարունակ տեւած զորավարժություններին Արցախի պաշտպանության բանակը պատրաստվել էր ամբողջ ծառայության ընթացքում եւ զորավարժությունների ընթացքում երեւաց, որ վատ չէին պատրաստվել: Զորքը մարտունակ վիճակում էր, տղաները՝ արդեն փորձառու զինվորներ, ում կարելի է վստահել ցանկացած դժվարին առաջադրանք: Ակնհայտ էր, որ պաշտպանության բանակը արցախցու հպարտությունն է: Ապրիլի 18-20-ը զորավարժություններին մասնակցում էին նաեւ հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, բանակի հրամանատարներ, ՀՀ պաշտպանության նախարարը: Ի դեպ, Սերժ Սարգսյանն ինքը հետաքրքրվեց, թե մեր կարծիքով ինչպիսի՞ն է բանակը: Երբ պատասխանեցինք, որ կարծես լավ բանակ է, ավելացրեց. «Դե, ուրեմն, սրանից հետո ով բանակի մասին վատ կգրի՝ կոտրիր նրա գրիչը»: Սերժ Սարգսյանը երբեք դիտորդ չի եղել Ապրիլի 18-ին Ստեփանակերտում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ պաշպանության բանակի հրամանատար Սեյրան Օհանյանը տեղեկացրեց, որ զորավարժություններին մասնակցելու են հայաստանյան զինված ուժերի հրամանատարներ, նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը՝ «Այսպես ասած, դիտորդի կարգավիճակով, ինչո՞ւ չէ, նաեւ խորհուրդներ տալու եւ օգնելու համար»: Եվ երբ զորավարժությունների ավարտին «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչպե՞ս անցավ Սերժ Սարգսյանի դիտորդական առաքելությունը, վերջինս պատասխանեց. «Ես երբեք դիտորդ չեմ եղել»: Ակնհայտորեն այդպես էր, քանի որ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարներին եւ զինվորներին հաջողված զորավարժությունների համար պարգեւներ հանձնեց հենց ինքը՝ ՀՀ պաշտպանության նախարարը: Ադրբեջանի մասով ասաց. «Տպավորությունն այն է, որ նրանք ցանկանում են շատ բան պոկել, ցանկանում են ի նպաստ իրենց նոր առաջարկություններ անել, ինչը մեզ համար ընդունելի չէ: Եթե մեզնից յուրաքանչյուրը փորձի իր համար շատ ավելի բան պոկել այդպես ակնհայտ եղանակներով, ապա դժվար թե մենք կարողանանք ընդհանուր հայտարարի գալ»: Իսկ Ադրբեջանի ռազմատենչ ելույթները, ըստ նախարարի. «Երեւի քարոզչական նպատակներ են հետապնդում, որովհետեւ մենք երբեք առաջինը չենք խախտում հրադադարի պայմանները, մենք ընդամենը պատասխանում ենք, որ ճնշենք եւ կրակոցները լինեն քիչ»: Իսկ ադրբեջանական կողմից այս օրերին հնչող աղմուկը՝ նույն զորավարժությունների հետ կապված, Սերժ Սարգսյանը գնահատեց «Անտեղի, նույնիսկ տարօրինակ: Եթե իրենք երկու շաբաթ առաջ զորավարժություններ են անցկացրել մեզ շատ մոտ տարածքում, ապա արդյո՞ք մենք պիտի աղմուկ բարձրացնենք եւ ասենք, որ ադրբեջանական բանակը զորավարժություններ է անցկացնում: Նորմալ բանակային պրոցես է եւ անկախ նրանից, որ մենք մշտապես եղել ենք եւ կանք խնդրի լուծման խաղաղ ձեւի կողմնակից, մեր բանակը պիտի մարզվի, հակառակ դեպքում այդ բանակը ո՞ւմ է պետք, եթե չի մարզվելու: Ընդհակառակը, եթե մենք զորավարժություններ չանցկացնենք, եթե չավելացնենք մեր մարտունակության մակարդակը, ապա մեր ժողովուրդը, առաջին հերթին դո՛ւք պետք է բողոքեք»: Սերժ Սարգսյանը չի կարծում, որ մոտ ապագայում բանակցային ձեւաչափի փոփոխություն կլինի, եւ Արցախը կմասնակցի բանակցություններին. «Իհարկե, ցանկալի է, բայց ամեն ինչ չէ, որ մեր ցանկությամբ է ընթանում եւ այստեղ ես մեծ պրոբլեմ չեմ տեսնում»: Վաշինգթոն՝ Իլհամ Ալիեւի առաջիկա այցի մասին հարցին ի պատասխան ասվեց, որ ԱՄՆ նախագահի հետ հանդիպումը կարեւոր է ցանկացած երկրի համար. «Վստահ եմ, որ Միացյալ Նահանգների նախագահը հորդորելու է Ալիեւին՝ խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով»: Արցախի նախագահը երրորդ կողմի մասին չի մտածում Խաղաղապահ ուժերի տեղակայման մասին խոսելը Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանը դեռ վաղ է համարում. «Դա այսօրվա հարց չէ, կարծում եմ, առայժմ պետք է կողմերը համաձայնության գան»: Իսկ Արցախի բանակցություններին մասնակցելու ժամկետների մասին մեր հարցին ի պատասխան՝ նախագահը նկատեց. «Դուք հասկանում եք, որ առանց Ղարաբաղի հնարավոր չէ այս հարցը լուծել եւ ես ենթադրում եմ, որ դա հասկանում են բոլորը, ընդհուպ՝ նաեւ Ադրբեջանը: Ինչքան շուտ Ղարաբաղը մասնակցի բանակցություններին, այնքան ավելի արդյունավետ կլինեն բանակցությունները»: Փոխզիջումների մասին ԼՂՀ նախագահը եւս չի սիրում խոսել, հարցին՝ իսկ ի՞նչ է պատրաստ զիջել արցախցին, Արկադի Ղուկասյանը պատասխանեց. «Չեմ գտնում, որ ճիշտ է բանակցություններից շուտ բացել մեր բոլոր քարտերը, կարծում եմ, դա կպարզվի բանակցային սեղանի շուրջ: Մեր զիջումները կախված են Ադրբեջանի զիջումներից, միակողմանի զիջումներ չեն լինելու, եւ դա հասկանալի է»: Նախագահը կարծում է, որ Ադրբեջանն այսօր պատրաստ չէ հարցի կարգավորման եւ ձգձգում է. «Բայց սա այն դեպքն է, երբ ես ցանկանում եմ սխալվել»: Մենք կերանք զինվորի հացը Զորավարժությունները լուսաբանելու հրավիրված հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները երկու անգամ ճաշեցին զինվորական ճաշարանում: Անզեն աչքով էլ երեւում էր, որ լրագրողների համար հատուկ էին պատրաստվել: Հնդկաձավարի փլավը նույնիսկ ավելի համով թվաց, քան տանը պատրաստածը, իսկ ժինգյալով հացը պարզապես անբացատրելի համ ու հոտ ուներ: Մենք չենք ուզում ասել, որ զինվորների համար ուտելիքն այդքան համով, յուղալի, իսկ թեյն այդքան քաղցր չեն պատրաստում, ինչպես հյուրերի համար էին ջանացել, դրանից ոչինչ չի փոխվի: Հրամանատարներից մեկը բացատրեց, որ Ղարաբաղի կանաչին ղարաբաղցիների պես ուրիշ է, նմանը չկա, եւ իր ասելով՝ «Պետք էլ չի, որ ամեն տեղ լինի»: Ուրեմն, Երեւանում կարգին արցախյան ժինգյալով հաց ուտելու համար հարկավոր է Ղարաբաղի սարերի կանաչին ներմուծել, գուցե եկամտաբեր բիզնե՞ս դառնա: Այս անվճար առաջարկը հատուկ նրանց համար, ովքեր Արցախը թողել են եւ այստեղ են գործարար դարձել: Զինվորի կարոտը Զինվորը իր ծառայության ավարտին սպասում է սրտատրոփ, բառի ամենաուղղակի իմաստով, նրանցից մեկը հարցիս՝ ինչքա՞ն է մնացել ծառայության ավարտին, ասաց՝ 76 ու կես օր: Լրագրողների առաջարկը Երեւան-Ստեփանակերտ երկաթգիծ կառուցելը պարզապես անհրաժեշտություն է, ռազմավարական նշանակության հարց: Հարկավոր է Արցախն ավելի մոտեցնել մեզ: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Ստեփանակերտ-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել