Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ապրիլ 21,2006 00:00

ԺԱԿ-Ի ՆԱԽԱԳԱՀ ՍՊԱՐՏԱԿ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ II ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ Մեծարգո հյուրեր, համագումարի պատվիրակներ, «Ժողովրդավարություն եւ Աշխատանք» կուսակցության երկրորդ համագումարի ամբիոնից նախ ցանկանում եմ ողջունել եւ շնորհավորել բոլորիս՝ մաղթելով հայրենանպաստ եւ բեղմնավոր աշխատանք։ Հենց ելույթիս սկզբում պետք է խոստովանեմ, որ այս համագումարը մեր ողջ կուսակցության եւ անձամբ ինձ համար խիստ կարեւորվում է երկու առումով։ Նախ՝ գնահատելով մեր անցած երկամյա ուղին եւ նայելով այս լեփ-լեցուն դահլիճին, մենք կարող ենք անվերապահորեն արձանագրել, որ «Ժողովրդավարություն եւ Աշխատանք» կուսակցությունը կայացել է որպես քաղաքական ուժ։ Դա այլեւս անհերքելի փաստ է։ Հաջորդը՝ մեր համագումարը տեղի է ունենում այն պահին, երբ փաստորեն Հայաստանում արդեն ոչ պաշտոնապես մեկնարկել է 2007թ. խորհրդարանական ընտրությունների գործընթացը։ Գալիք ընտրապայքարից, բնականաբար, անմասն չի մնալու նաեւ «Ժողովրդավարություն եւ Աշխատանք» կուսակցությունը։ Հետեւապես, այս ամբիոնից պետք է նաեւ մեր հստակ դիրքորոշումը արտահայտենք երկրում տիրող հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակի, ինչպես նաեւ՝ գալիք նախընտրական գործընթացների վերաբերյալ: Խոսելով ԺԱԿ-ի անցած ուղու մասին, տեղին է հատուկ շեշտել, որ 2004թ. ապրիլյան հիմնադիր համագումարին հաջորդած երկու տարիները իսկապես լուրջ փորձաշրջան են եղել մեր նորաստեղծ կուսակցության համար։ Փաստորեն, առաջին համագումարի նախօրերին, 2003թ. Ազգային ժողովի խայտառակ ընտրություններից մեկ տարի անց, Հայաստանի ներքաղաքական դաշտում դեռեւս մեծ թափով շարունակվում էին կոալիցիոն աթոռակռիվն ու քաղաքական ամոթալի մուրացկանությունը։ Գաղափարական վակուումը հասել էր սպառնալի չափերի։ Իսկ հասարակության առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրները հասցրել էին սրվել ծայրաստիճան։ Եվ այդ պայմաններում ԺԱԿ-ին վիճակված էր նախ վերականգնել ընտրությունների արդյունքներից արդարացիորեն դժգոհ, քաղաքական ուժերի խոստումներից հուսախաբ եղած շարքային քաղաքացիների հավատը, ապա նաեւ գտնել նոր գաղափարի շուրջ նրանց միավորելու եւ հետագայում առաջնորդելու ուղիները։ Այսօր, հուրախություն բոլորիս, կարող եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ 2004թ. ապրիլին դժվար լուծելի թվացող այդ գերխնդիրը ներկա դրությամբ մեզ հաջողվել է հաղթահարել։ Ասածիս լավագույն վկայություններից է ԺԱԿ 15-հազարերորդ լրացված անդամատոմսը։ Անցած երկու տարվա փորձը մեզ ցույց տվեց, որ ԺԱԿ-ի որդեգրած գաղափարախոսությունը եւ կարգախոսը եղել են իրատեսական եւ կենսունակ։ Փաստը մնում է փաստ, որ ԺԱԿ-ին մեր համաքաղաքացիները անդամագրվել եւ անդամագրվում են ոչ թե պարզունակ շահադիտությանը տուրք տալով, այլ այն հաստատ համոզմունքով, որ Հայաստանին եւ մեր ժողովրդին այսօր ամեն ինչից առավել պակասում է երկու կարեւորագույն նախապայման՝ ժողովրդավարություն եւ աշխատանք։ Ինչո՞ւ երկուսը միասին։ Որովհետեւ ժողովրդավարությունն առանց աշխատանքի ուտոպիա է, իսկ աշխատանքն առանց ժողովրդավարության՝ ստրկություն: ԺԱԿ-ի նկատմամբ օրեցօր աճող գործնական հետաքրքրությունը անշուշտ ոգեւորում է մեզ, միաժամանակ մեր մեջ վերահաստատելով եւ ամրապնդելով այն համոզմունքը, որ նախորդ ընտրությունների ժամանակ հուսախաբված շարքային քաղաքացին այսօր դարձյալ պատրաստ է դրսեւորել քաղաքական ակտիվություն եւ վստահել նոր, առաջադիմական գաղափարախոսությանը։ Որպես ասվածի հիմնավորում, հարկ եմ համարում ընդգծել, որ ԺԱԿ-ն այսօր նաեւ տարածական առումով է ապահովել իր ներկայությունը Հայաստանի ողջ տարածքում։ ԺԱԿ-ի գրասենյակներ են ստեղծվել բոլոր մարզերում եւ մայրաքաղաքում։ Անկասկած, մեր համագումարի ընթացքում, նաեւ հետագա օրերին, համակողմանիորեն քննարկելու ենք կազմակերպչական բնույթի բազմաթիվ հարցեր՝ վերջնական լուծում տալով տարաբնույթ, ընթացիկ հիմնախնդիրների։ Միանշանակ կարեւորելով Հայաստանում ժողովրդավարության հետագա կայուն զարգացումը եւ իրապես վճարունակ, արժանավայել աշխատանքի պայմանների ստեղծումը, ԺԱԿ-ը միաժամանակ իր ծրագրային թիվ մեկ առաջնահերթությունն է համարում փոքր ու միջին բիզնեսի տեղի եւ դերի վերարժեւվորումը, նրա շահերին պաշտպան կանգնելը։ Մեր կարգախոսն է՝ «Արժանի տեղ փոքր ու միջին բիզնեսին» եւ այն արդեն արժանացել է տվյալ գործարար խավերի ջերմ արձագանքին եւ ընդունելությանը։ Ինչո՞ւ ենք մենք այդչափ կարեւորում փոքր ու միջին բիզնեսի զարգացումը Հայաստանում։ Նախ, շուկայական հարաբերությունների պայմաններում բիզնեսի այդ տեսակների կայացվածության մակարդակը ուղղակիորեն կանխորոշում է տվյալ երկրի թե՛ քաղաքական, թե՛ սոցիալ-տնտեսական ներուժի իրական վիճակը։ Հանրահայտ ճշմարտություն է, որ զարգացած երկրներում փոքր ու միջին բիզնեսը ապահովում են համախառն ներքին արդյունքի 60-70 եւ աշխատատեղերի առնվազն 70 տոկոսը։ Ցավոք, Հայաստանի պարագայում նման ցուցանիշների հեռանկարը առայժմ ներկայանում է խիստ մշուշոտ, ինչն էլ վկայում է փոքր ու միջին բիզնեսի կայացած չլինելու մասին։ Իհարկե, Հայաստանը ոչ թե զարգացած, այլ զարգացող երկիր է, հետեւապես համեմատությունը կարող է թվալ անտեղի։ Սակայն մեզ առավելապես մտահոգում են ոչ թե այդ ցածր ցուցանիշները, այլ փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ Հայաստանում դրսեւորվող ոչ կառուցողական, նույնիսկ՝ խոչընդոտող-կամայական մոտեցումները։ Ամենքին է հայտնի, որ անցած 4-5 տարիներին հայկական փոքր ու միջին բիզնեսը, որի ներկայացուցիչներից եմ ես, նաեւ ներկա գտնվողներից շատերը, մշտապես ենթարկվել են պետական, քաղաքական իշխանությունների, նրանց սերտաճած կլանների եւ օլիգարխների կամայականություններին։ Օրինակ, Հայաստանում ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հզոր մենաշնորհների եւ գերշահույթների տիրապետող օլիգարխները կարող են իրենց բիզնեսի տարեկան հաշվեկշիռը փակել վնասով կամ զրոյական ցուցանիշով եւ մնալ անպատիժ։ Ավելին։ Նրանք կարող են իրենց կամքը թելադրել օրենսդիր եւ գործադիր իշխանություններին։ Այն էլ այն դեպքում, երբ հարկային մարմինների վարչական տեռորը բառի բուն իմաստով հնձում է փոքր ու միջին գործարարներին։ Համոզված եմ՝ ներկա գտնվողներից շատերը կհաստատեն, որ անգամ ապօրինաբար պահանջված հարկային գերավճարները մուծելու համար փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները ստիպված են լինում առնվազն եռամսյակը մեկ անգամ երկար-բարակ, ստորացուցիչ հերթեր կանգնել ամենազոր հարկային շեֆերի շքամուտքերում։ Հարց է առաջ գալիս՝ բայց գոնե մեկ անգամ Հայաստանի կառավարությունում փորձե՞լ են թեկուզ իրենց գիտենալու համար պարզել, թե որքա՞ն փոքր ու միջին ձեռնարկություններ են լուծարվել անցած մեկ տարում, դրա պատճառով ինչքա՞ն հարկային մուտքեր չի ստացել Հայաստանի պետական բյուջեն կամ որքանո՞վ է պակասել վճարունակ աշխատատեղերի թիվը։ Անկասկած, երկրի գործադիր եւ օրենսդիր իշխանություններին այս հարցը չի հետաքրքրել եւ չի հետաքրքրում։ Այլապես՝ նրանք գոնե սթափ հետեւություններ կանեին կենսաթոշակառուների եւ սոցիալապես անպաշտպան մյուս խավերի կենսամակարդակի եւ եկամուտների իրական չափերի մասին, որոնք առայժմ մնում են սոցիալական զամբյուղի նվազագույն շեմից կրկնակի անգամ ցածր։ Կառավարությունը ամեն կերպ շրջանցում է այս թեման՝ հասկանալի պատճառներով փորձելով իրենից հեռացնել երկրում առկա խիստ մտահոգիչ սոցիալ-տնտեսական վիճակի, փոքր եւ միջին բիզնեսի առջեւ ծառացած վարչական եւ հարկային խոչընդոտների պատասխանատվությունը։ Եթե առաջնորդվելու լինենք ոչ պաշտոնական, բայց փորձագիտական հավաստի տվյալներով, ապա հնարավոր կլինի ասել, որ, օրինակ, 2005թ. բացված նոր փոքր ու միջին ձեռնարկությունների թիվը 1017215 տոկոսով պակաս է եղել փակվածների համեմատ։ Բերեմ ավելի կոնկրետ փաստ. նշված ժամանակամիջոցում իրենց ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցրել են շուրջ 10 հազար անհատ ձեռներեցներ։ Ուրեմն, ո՞ւմ են ծառայում Հայաստանի կառավարությունն ու խորհրդարանը։ Պատասխանը միանշանակ է՝ փողին, անձնական եւ կլանային շահերին։ Ինչո՞ւ ոչ՝ նաեւ երկրի ունեցվածքը հիմնովին յուրացնելու, ստվերային տնտեսությունը եւ կոռուպցիոն լծակները սեփական կարիքներին ծառայեցնելու գերնպատակին։ Եվ մի՞թե այսքանից հետո արժե զարմանալ, թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս է Հայաստանում կտրուկ ավելանում մի կողմից՝ նորահայտ միլիոնատերերի, նրանց զրահապատ լիմուզինների եւ շքեղ առաձնատների թիվը, իսկ մյուս կողմից՝ նույնքան կտրուկ նվազում շարքային հայ քաղաքացու եկամուտները, ծնելիության մակարդակն ու կյանքի միջին տեւողությունը: Ի դեպ, կյանքի միջին տեւողության մակարդակով Հայաստանը վաղուց հաստատվել է ասիական-աֆրիկյան անհուսալիորեն հետամնաց երկրների շարքում։ Իհարկե, այս մասին պետական վիճակագրությունը բոլորովին այլ թվեր է ներկայացնում։ Բայց սա այն դեպքերից է, երբ ակամա սկսում ես վերհիշել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետներից մեկի դիպուկ բնորոշումը. «Կա սուտ, կա անամոթ սուտ, բայց կա նաեւ վիճակագրություն»։ Ցավոք, Հայաստանի կառավարությունը, որպես գործելաոճ է ընտրել վերջին տարբերակը, որից բացառապես տուժում են Հայաստանի ժողովուրդն ու պետությունը։ Բայց, ո՞ւր մնացին երկնիշ տնտեսական աճը, կոռուպցիայի դեմ գիշեր ու զօր մղվող պայքարը կամ այդքան չարչրկված սոցիալ-տնտեսական բարեփոխումները։ Ավաղ, նման դատողությունները իրականում այլ բան չեն ենթադրում, քան, այսպես ասած, հայկական ավանդական «թոզփչոցի»։ Եվ դա ինքնըստինքյան հանրության կողմից ընկալվում է իբրեւ կառավարության եւ Ազգային ժողովի անկարողության վառ ապացույց։ Իսկ որ նրանք արդեն վերջնականապես են սպառել իրենց՝ նույնիսկ չեն կասկածում կոալիցիոն ուժերի ներկայացուցիչները։ Էլ չենք խոսում հուսահատության դուռը հասած մեր բժիշկների, գիտնականների, ազատամարտիկների եւ սոցիալապես խիստ խոցելի խավերի մասին, որոնց մինչ օրս վիճակված է բավարարվել կառավարության սին, հեքիաթային խոստումներով։ Ցավալի է, բայց փաստ, այս կառավարությունը եւ Ազգային ժողովը չկարողացան կյանքի նորմալ պայմաններ ստեղծել մեր գիտնականների եւ մտավորականների համար։ Արդյունքում, այսօր նրանք զբաղված են ոչ թե գիտական աշխատանքով, այլ օրվա ապրուստ հայթայթելով։ Հայաստանում թոշակառուներն ապրում են այնպիսի չքավորության մեջ, ինչը ոչ մի կերպ չի կարելի անվանել արժանավայել ծերություն։ Մեր կառավարությանը եւ ազգին պատիվ չի բերում Արցախյան ազատամարտի հերոսների եւ նրանց ընտանիքների խիստ անապահով վիճակը, որի պատճառով նրանցից շատերը գերադասում են լքել իրենց իսկ պաշտպանած հայրենիքը։ Այն տպավորությունն է ստեղծվում, որ կառավարության համար մեծ շռայլություն է գազի, լույսի, ջրի հարցերով նրանց որոշակի արտոնություններ տրամադրելը։ Ցավոք, ներկա կառավարության վարած տնտեսական քաղաքականության հետեւանքով հայ տղամարդը կորցրել է իր պատիվն ու հպարտությունը։ Նորմալ աշխատանք եւ աշխատավարձ չունենանալը արդեն իսկ լուրջ հարցականի տակ է դնում անապահով ընտանիքի համեմատաբար բարեկեցիկ ներկան եւ ապագան։ Սակայն ամենատարօրինակը եւ սարսափելին այն է, որ համատարած ձախողումներից հետո անգամ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը դեռ չեն կորցրել 2007թ. ընտրությունների արդյունքում վերարտադրվելու հույսը: Դատելով խորհրդարանական կոալիցիայի այսօրվա ինքնավստահ, նույնիսկ ինքնագոհ վարքագծից, ինչպես նաեւ ներքաղաքական դաշտում ուրվագծվող վերադասավորման փորձերից, նրանք 2007 թվականին դարձյալ պատրաստվում են գործի դնել թե՛ սեփական վարչա֊ֆինանսական ռեսուրսները, թե՛ խորհրդարանական ներկա ընդդիմության քաղաքական դիվիդենդները։ Ավելի ճիշտ՝ դրանց փշրանքները։ Փաստորեն, ԱԺ նախորդ ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերը հետապնդում էին մեկ գլխավոր նպատակ, հեղափոխական կոչերով ժողովրդին դուրս բերել փողոց եւ այդ ուժը ծառայեցնել ինչ-որ մութ նպատակների։ Ներկայացված լինելով ԱԺ-ում, ընդդիմության ներկայացուցիչները անցած տարիներին, փաստորեն, հանդես չեկան այնպիսի օրենսդրական նախաձեռնություններով, որոնք կարող էին նպաստել երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը։ Բայց փոխարենը մեր ընդդիմադիրները չհրաժարվեցին իրենց բարձր աշխատավարձերից եւ պատգամավորական այլ արտոնություններից։ Այո, մենք չենք թաքցնում, որ ԺԱԿ-ը պատրաստվում է մասնակցել 2007թ. խորհրդարանական ընտրություններին եւ ձգտելու է բավարար թվով տեղեր զբաղեցնել ապագա խորհրդարանում։ Բայց մեր ձգտումը ինքնանպատակ չէ, ինչպես վերոհիշյալ քաղաքական ուժերի դեպքում։ Ապագա խորհրդարանում տեղեր զբաղեցնելով, մենք առաջին հերթին ստանձնելու ենք փոքր ու միջին բիզնեսի շահերի պաշտպանությունը՝ ըստ ամենայնի նպաստելով երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացին։ Բնականաբար, քաղաքական խիստ մտահոգ իչ ներկա իրողությունների պարագայում միամտություն կլիներ ապավինել իշխանությունների եւ նրանց հետ դաշնակցած ընդդիմադիր ուժերի քաղաքական կամքին կամ իրատեսությանը։ 2005թ. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները եւ Սահմանադրական հանրաքվեն արդեն երիցս ապացուցել են, որ հատկապես ԱԺ մեծամասնությունը պատրաստ չէ քաղաքական կամք դրսեւորել ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացման հարցում։ Ասվածի հերթական ապացույցն է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, որտեղ ընտրակեղծիքների տեխնոլոգիան կատարելագործված է աննախադեպ վարպետությամբ։ Տեղին է հիշել, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների սույն փաթեթին, խիստ մասնակի եւ անորոշ վերապահումներով, իր համաձայնությունն է տվել խորհրդարանական ընդդիմությունը։ Իսկ այդ հանգամանքը ոչ մի կերպ չի կարող վկայել նրա քաղաքական կայուն սկզբունքների եւ վարկանիշի մասին։ Մեր վճիռը անփոփոխ է եւ ցանկացած պարագայում ԺԱԿ-ը ակտիվորեն մասնակցելու է 2007թ. խորհրդարանական ընտրություններին։ Ելնելով այն իրողությունից, որ խորհրդարանական կոալիցիան եւ ընդդիմությունը հավասարապես շահագրգիռ են սեփական վերարտադրության հարցում, մենք այսօր նախընտրում ենք հանդես գալ լոյալ, երրորդ ուժի դիրքերից։ Մեզ հաճախ են հարցնում՝ ընդհանրապես ի՞նչ է նշանակում երրորդ ուժ եւ ո՞րն է նրա առաքելությունը։ Ասեմ, որ երրորդ ուժը ցանկացած երկրում ձեւավորվում է ժամանակի պահանջով եւ քաղաքական գործընթացների ներքին պարտադրանքով։ Ավելի պարզ՝ երրորդ ուժը ի հայտ է գալիս այն իրավիճակներում, երբ իշխանությունները չեն կարողանում կառավարել հավուր պատշաճի, իսկ նրանց հակակշռելու կոչված ընդդիմությունը ի վիճակի չի լինում իրականացնել իրեն օրենքով վերապահված այդ շնորհակալ դերակատարությունը։ Մեր համոզմամբ, Հայաստանի քաղաքական դաշտում արդեն մի քանի տարի շարունակ տիրում է հենց այդպիսի հակասական, փակուղային իրավիճակ։ Եվ եթե ի սկզբանե առավել քան պարզ էին ԱԺ կոալիցիոն մեծամասնության շահադիտական, հեռագնա նպատակներն ու նրա կամայական վարքագծի բուն պատճառները, ապա որեւէ կերպ հնարավոր չէր ըմբռնել խորհրդարանի աշխատանքները կազմալուծելու նպատակով ընդդիմության հայտարարած բոյկոտի իմաստը։ Ակնհայտ է, որ մի քանի տարի շարունակվող այդ անիմաստ գզվրտոցից Հայաստանի օրենսդիր դաշտը չշահեց ոչինչ։ Իսկ տուժողը միայն ժողովուրդն էր։ Երրորդ ուժը, փաստորեն, կոչված է հանգուցալուծել նման փակուղային իրավիճակները՝ իր ակտիվ քաղաքական գործունեությամբ եւ նոր, առողջ գաղափարախոսությամբ ներազդելով գալիք քաղաքական զարգացումների տրամաբանության եւ արդյունքների վրա։ Մենք համոզված ենք, որ հայ ընտրողը ներկայումս ցանկանում է տեսնել միայն քաղաքական նոր դեմքեր, նոր գաղափարներ եւ նոր, չվարկաբեկված Ազգային ժողով։ Այդ առաքելությունը տվյալ պահին կարող է եւ պատրաստ է ստանձնել միմիայն երրորդ ուժը։ Մասնավորապես՝ այդ դերին է հավակնում նաեւ «Ժողովրդավարություն եւ Աշխատանք» կուսակցությունը։ Իհարկե, նման դիրքորոշումը գրեթե լիովին սահմանափակում է մեր հնարավորությունները քաղաքական ուժերի հետ շփման ընդհանուր եզրեր գտնելու հարցում։ Հետեւապես, ԺԱԿ-ը ներկա դրությամբ գերադասում է 2007թ. ընտրություններին մասնակցել առանց այլ ուժերի հետ միավորվելու: Դրա համար, համոզված եմ, մեր ներուժը լրիվ կբավարարի: Այդուհանդերձ, առայժմ չեմ ուզում շատ առաջ անցնել ներքաղաքական զարգացումներից եւ ի սպառ բացառել միավորման որեւէ տարբերակ։ Ըստ իս, չի բացառվում, որ ներքաղաքական դաշտում ենթադրվող գաղափարական եւ դիրքային տրանսֆորմացիաները, մի քանի ամիս անց կարող են հանգեցնել ուժերի նոր հարաբերակցության՝ մեծացնելով այլ ձեւաչափերի ստեղծման հնարավորությունները քաղաքական դաշտի բոլոր բեւեռներում։ Հարկ եղած դեպքում մենք կքննարկենք եւ կընդունենք ամենաօպտիմալ առաջարկությունը։ ԺԱԿ-ի քաղաքական պայքարի միջոցները 2007թ. ընտրությունների ժամանակ լինելու են միմիայն իր գաղափարախոսությունն ու կարգախոսը, որոնք ուղղակիորեն բխում են փոքր ու միջին գործարարների եւ սեփականատերերի 500 հազարանոց բազմության կենսական շահերից։ Մենք այսօր գտնվում ենք բավական նպաստավոր քաղաքական դիրքերում եւ հույս ունենք, որ հանձին ԺԱԿ-ի, Հայաստանի ապագա խորհրդարանում պարտադիր ներկայացված է լինելու փոքր ու միջին բիզնեսի շահերի պաշտպանությունը, նաեւ օլիգարխներին հակակշռելու պարտականությունը ստանձնած քաղաքական նոր ուժ։ Մեր գերագույն նպատակը եղել է եւ կա Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակի կտրուկ բարելավումը, ինչի համար Հայաստանում նախեւառաջ բացակայում է իշխանությունների քաղաքական կամքը։ ԺԱԿ-ում, սակայն, նաեւ լավ են գիտակցում, որ այսօր մեր երկիրը կանգնած է այնպիսի լրջագույն արտաքին մարտահրավերների առջեւ, որոնց հնարավոր է դիմակայել ազգովի, միասնաբար եւ առանց ներքին հասարակական-քաղաքական ցնցումների։ ԺԱԿ-ը ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական հանգուցալուծումը պատկերացնում է միայն ազգային ինքնորոշման իրավունքի շրջանակներում։ Բացի այդ, մենք համոզված ենք, որ փոքր ու միջին բիզնեսի զարգացումը, թեպետ անուղղակիորեն, բայց էապես կարող է փոխազդել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա։ ԺԱԿ-ը կարեւորում եւ գնահատում է Հայաստանի իշխանությունների կողմից վարվող կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունը, որը հնարավորություն է ընձեռում ակտիվ շփումներ եւ փոխշահավետ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի, աշխարհի եւ տարածաշրջանի բարեկամական այլ երկրների հետ։ Իհարկե, Ռուսաստանի պարագայում մեր միջպետական հարաբերությունները պետք է լինեն մյուսներից որոշակիորեն տարբերակված։ Սակայն ազգային շահերին առնչվող հարցերում Հայաստանի եւ Ռուսաստանի մոտեցումները պետք է կառուցվեն գլխավորապես փոխշահավետության սկզբունքի հիման վրա։ Հարգելի հյուրեր եւ համագումարի պատվիրակներ, չորս օրից հայ ժողովուրդը միասնաբար նշելու է Հայոց մեծ եղեռնի հերթական տարելիցը՝ վերստին քաղաքակիրթ աշխարհին հիշեցնելով իր արդար պահանջատիրության մասին։ Մենք գտնում ենք, որ վաղ թե ուշ Թուրքիան ճանաչելու եւ ընդունելու է իր կատարած ոճրագործության փաստը։ Մենք խոր երախտիքի խոսքեր ենք ցանկանում ուղղել ողջ առաջադեմ մարդկությանը եւ այն բարեկամական երկրներին, որոնք դատապարտել են հայ ժողովրդի նկատմամբ 20-րդ դարասկզբին իրականացված ահավոր ոճրագործությունը։ ԺԱԿ-ը որպես կայացած կուսակցություն, քաղաքական դաշտ է մտնում մեր ժողովրդի պատմական պահանջատիրությանը հետեւողականորեն հետամուտ լինելու վճռականությամբ։ Ավարտելով ելույթս, ցանկանում եմ եւս մեկ անգամ հավաստիացնել, որ ԺԱԿ֊ը գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է միմիայն ժողովրդանպաստ, հայրենանվեր հավակնություններից եւ նկատառումներից ելնելով։ Մենք վստահ ենք, որ ժողովրդավարության եւ աշխատանքի գաղափարախոսության իրական նշանակությունը եւ արժեքը խորապես գիտակցած մեր համաքաղաքացիները 2007թ. ընտրություններին կմասնակցեն պահի լրջությունը սթափ գիտակցելով։ R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել