Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀԱ

Ապրիլ 21,2006 00:00

ԱՀԱ ՁԵԶ ԵՎՍ ՄԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂ Ճարտարագիտական համալսարանի 18 տարվա ռեկտոր Յուրի Սարգսյանը, պարզվում է, արդեն շուրջ մեկ ամիս է՝ ռեկտորի պաշտոնակատար է: Փետրվարին լրացել է նրա 65 տարին, որից հետո նա ՀՀ վարչապետին եւ ԿԳ նախարարին բանավոր հրաժարական է ներկայացրել: «Հենց լրացավ 65 տարիս, շատ աշխույժ կերպով մամուլը հետաքրքրվում էր իմ տարիքով: Բոլոր ռեկտորները մի քանի տարի անցել էին սահմանը, դուք նրանց չէիք հիշում, բայց բոլորդ հիշում էիք իմ ծննդյան օրը, կինս նույնիսկ խանդում էր, որովհետեւ այդքան կին (նկատի ունի լրագրողներին- Հ. Բ.) երբեք ինձնով չէր հետաքրքրվել»,- լրագրողներից մի փոքր վիրավորված՝ ասաց Յուրի Սարգսյանը: Դեռ փետրվարին, երբ պրն Սարգսյանը բանավոր հրաժարական է ներկայացրել, երկար ժամանակ կառավարությունը նպատակահարմար չի գտել ընդունել այն, որովհետեւ Յու. Սարգսյանը դեռ շատ անավարտ ծրագրեր ունի, որոնք այս պահին ղեկավարում է. «Հենց հիմա մեր ստրատեգիական պլանն եմ գրում, դրա անգլերեն տարբերակն եմ գրում՝ եվրոպական սիմպոզիումի շրջանակներում»: Բանավոր հրաժարականից հետո պրն Սարգսյանը վարչապետի ու նախարարի հետ պայմանավորվել եւ որոշել է, որ անորոշ ժամանակով կտեղափոխվի պաշտոնակատարի կարգավիճակի: Թերեւս այս պայմանավորվածություններն են եղել պատճառը, որ պրն Սարգսյանի հրաժարականը մի տեսակ գաղտնի էր պահվում: Ըստ Յու. Սարգսյանի, ռեկտորի թափուր տեղի համար առաջիկայում հայտարարություն կլինի, ընտրությունները կկազմակերպվեն այս ուսումնական տարվա վերջին, բայց նոր ռեկտորը կպաշտոնավարի նոր ուսումնական տարվանից: Էթիկական առումով պրն Սարգսյանը ձեռնպահ է մնում ապագա ռեկտորի հավանական թեկնածուների անուններ տալուց, բայց կարծում է, որ իր գործը կարող է շարունակել այն մարդը, ով բուհի իրականացրած բարեփոխումների շրջանում իր հետ է եղել: «Եզրակացությունները թողնում եմ ձեզ»,- ասաց պրն Սարգսյանը՝ գրեթե հաստատելով մեր այն ենթադրությունը, թե դա բուհի նախկին պրոռեկտոր, ԱԺ պատգամավոր, դաշնակցական Ոստանիկ Մարուխյանն է: «Ինչո՞ւ չէ, նա ինձ հետ է եղել միշտ»,- Ո. Մարուխյանի մասին ասաց Յու. Սարգսյանը: ԳԱԱ նախագահի իր թեկնածության մասին լուրերին պրն Սարգսյանն այսպես է արձագանքում. «Արտաքին դիտորդի դերում եմ, որովհետեւ այստեղ մեծ պլաններ ունեմ, աշխատում եմ օրը 10-12 ժամ: Չգիտեմ՝ ինչքան պահանջարկված կլինեմ ընտրողների կողմից: Այս ուղղությամբ ես ոչ մի քայլ չեմ անում, եթե իմ թեկնածությունը լինի դոմինանտ, ես դա հաշվի կառնեմ, բայց չեմ նախանձում ընտրվողին, ակադեմիայում լուրջ բարեփոխումների շրջան է գալիս»: Յուրի Սարգսյանի մեծագույն ցանկությունն է զբաղվել գիտական գործունեությամբ. «Ես եղել եմ մեխանիզմների եւ մեքենաների տեսության ամբիոնի վարիչ, ուր պահպանվել է իմ առանձնասենյակը, իմ անձնական գրադարանը, այնտեղ պրոֆեսոր եմ, հավանաբար կվերադառնամ այդ պարտականություններին»: Յու. Սարգսյանին հիշեցրինք մի քանի ամիս առաջ Ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտորի ընտրություններում բուհի խորհրդի նախագահ Արեստ Բեգլարյանի արած այն հայտարարությունը, որ 2 բուհերի միջեւ տարածքային խնդիր կա, որ իրենց չի բավարարում եղած տարածքը, եւ որ խնդրի պատճառը իր եւ Յու. Սարգսյանի անձնական վատ հարաբերություններն են: «Դրանք արհեստածին հարցեր են, երբեք խնդիրներ չեն եղել, խորհրդային ժամանակներում եղել է որոշում, որտեղ նրանց ամրագրվել է այն տարածքը, որտեղ նրանք այսօր գտնվում են: Ես եղել եմ ռեկտոր, ստորագրել եմ, թույլ եմ տվել: Տարածքային հարցերը առաջացել են այդ ինստիտուտից, մենք տարածքային հարցեր չունենք: Դա նույնն է, որ ես ունենամ պրետենզիաներ հանրային գրադարանի տարածքների նկատմամբ, ցանկացած կազմակերպություն կարող է ունենալ որոշակի հավակնություններ կամ երազներ այլ կազմակերպության տարածքների վրա»: Երեկ մենք ԿԳ փոխնախարար Արտակ Սահրադյանին եւս դիմեցինք՝ իբրեւ Ճարտարագիտականի ռեկտորի հնարավոր հավակնորդի: Պարզվում է, նա պրոֆեսոր չէ, ինչը պարտադիր պայման է այդ պաշտոնի համար: Իսկ դոկտորականը նա առաջիկայում կհասցնի պաշտպանել: «Դոկտորականս կապ չունի դրա հետ, ես ռեկտոր եղել եմ, ես, դեռեւս 34 տարեկանում, երբ ստեղծվեց Պոլիտեխնիկական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղը, առաջին 5 տարիների ղեկավարն եմ եղել, այնպես որ, անցել եմ բուհական համակարգով եւ չի եղել մի պաշտոն, որ սկսած ասիստենտից, ավագ դասախոս, ամբիոնի վարիչ, դեկանի տեղակալ, ուսումնամեթոդական վարչության պետ, որով անցած չլինեմ: Նման մտադրություն (ռեկտոր դառնալու- Հ. Բ.) չունեմ, զարմացած եմ, որ այդքան շատ խոսակցություններ եղան այդ մասին»: Լինելով գիտության գծով փոխնախարար, պարզվում է, պրն Սահրադյանը սահմանափակվում է միայն իր գիտական աստիճանը բարձրացնելով: Իսկ, օրինակ, ԳԱԱ անցուդարձից նա, իր ասելով, տեղյակ չէ. «Այդ խնդիրները ակադեմիայինն են, դա պետության, կառավարության գործն է, այդ պորցեսներն ընթանում են կանոնակարգով»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել