Լրահոս
Օրվա լրահոսը

Չկոռումպացվածների շարքերը նոսրանում են

Ապրիլ 21,2006 00:00

Չկոռումպացվածների շարքերը նոսրանում են Հայաստանում կոռումպացված են ոչ միայն իշխանությունները, այլեւ ողջ հասարակությունը, իսկ ով զերծ է մնացել դրանից՝ գժի, կռվարարի եւ հարիֆի իմիջ է ձեռք բերում: Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը երեկ որոշել էր քննարկել ոչ թե իշխանությունների, այլ հասարակության կոռումպացվածությունը: Իսկապես, եթե հասարակությունն ինքն է կոռումպացված, ինչպե՞ս կարող է վերահսկել կոռուպցիայի մեջ թաղված իշխանություններին: Բացման խոսքում ՔԱՆ համակարգող Հովսեփ Խուրշուդյանը հիշեց, որ նախորդ տարվա հետազոտության տվյալներով ՀՀ բնակչության 30%-ը մասնակցել է ընտրակեղծիքներին, գոնե՝ ընտրակաշառք վերցնելով: Այսինքն՝ հասարակությունն իրեն լավ է զգում եղած պայմաններում, երբ հարցերը լուծվում են այդ ճանապարհով՝ կաշառք, ծանոթություն, զանգ ընկերոջը եւ այլն: Իսկ սկզբունքային պայքարի դուրս եկողները պիտակավորվում են եւ մեկուսանում շրջապատից: Այս եզրահանգմանն էր եկել «Հույս» հ/կ-ի նախագահ Կարեն Հակոբյանը, ով երեկ նախընտրեց ներկայանալ որպես «Պրոֆեսիոնալները՝ հանուն քաղաքացիական հասարակության» («ՊՀՔՀ») հ/կ-ի անդամ եւ հենց այս հ/կ-ի օրինակով ցույց տալ քաղաքացիական հասարակության բաղկացուցիչ մասի՝ հասարակական կազմակերպությունների մեջ կոռուպցիայի գոյությունը: Մեկ ամիս առաջ Կարեն Հակոբյանն իր հինգ գործընկերների հետ ասուլիս էր հրավիրել, որում արտահայտել էին իրենց անհամաձայնությունը՝ «ՊՀՔՀ»-ի ներսում կատարվող ապօրինությունների հանդեպ: Մեր ընթերցողին այս պատմությամբ չծանրաբեռնելու համար ասենք միայն, որ խոսքը հ/կ-ում ծանոթ-բարեկամներին դրամաշնորհային ծրագրի ղեկավար նշանակելու, անթափանց գործելաոճի եւ այլնի մասին էր: Ըմբոստները նույնիսկ դատարան էին դիմել, սակայն, ըստ Կ. Հակոբյանի՝ «երբ սովոր չես դատավորի հետ պայմանավորվել, ինքն է պայմանավորվում ում հետ հարկն է»: Արդյունքում Կ. Հակոբյանը եկել է տխուր եզրակացության. «Կոռուպցիան միայն փողը չէ: Կոռուպցիան սկսվում է գաղափարի խեղաթյուրումից, երբ ստեղծվում է վարքագծային, կառավարման մի մոդել, որում, ցավոք սրտի, պարզվում է, մենք մեզ առավել հարմար ենք զգում: ՀՀ-ում գործող այդ մոդելով՝ սկզբունքային մարդիկ չպետք է լինեն: Եթե փորձում ես մինչեւ վերջ գնալ, քեզ նայում են որպես կռվարար մեկի, ով փոխանակ մտածի ընտանիք պահելու մասին, ինչ-որ գաղափարներից է խոսում: Եթե պետական համակարգը կոռումպացված է, պետականին սերտաճած տնտեսականը կոռումպացված է, հասարակությունն էլ է այդ մոդելով գործում, մնում է կամ գնալ Հայաստանից, կամ սովորել կոռումպացվածությանը, կամ՝ հավաքել մեր նման բոլոր «գժերին» ու մի հատ գետտո ստեղծել»: Այս ամենը լավ ծանոթ էր ակադեմիկոս Անրի Ներսիսյանին, ում դեմ իր գործընկերները հալածանքներ էին սկսել այն բանից հետո, երբ նա պահանջել էր ստուգել ԳԱԱ ղեկավարության գործունեությունը: «Եթե հասարակության մեջ օրենքները չեն հարգվում, իսկ խախտողները չեն պատժվում՝ կոռուպցիան անխուսափելի է»,- որպես թեորեմ իրականությունը ձեւակերպեց մաթեմատիկոս ակադեմիկոսը: ԳԱԱ դեպքում օրենքն ասում է, որ ԳԱԱ ղեկավար մարմինը նախագահությունն է եւ ընդհանուր ժողովը: Այնինչ, Ֆադեյ Սարգսյանը երկար տարիներ միանձնյա էր ղեկավարում ԳԱԱ-ն: «Տեղի էր ունեցել իշխանության զավթում՝ Ֆ. Սարգսյանի եւ նրա ստեղծած «բյուրոյի» կողմից: Իրենք էին որոշում ֆինանսական հարցերը՝ որ հիմնարկին ինչքան փող տալ, որ շենքը վաճառել, եւ այլն: Տեղի էին ունենում շատ վատ բաներ, որոնց մասին բոլորը տասը տարուց ավելի գիտեին, բայց՝ լռում էին: Այդ թվում՝ ես: Դրա համար էլ մյուսներին չեմ մեղադրում»: Այնուամենայնիվ, մեկուկես-երկու տարի առաջ պարոն Ներսիսյանը որոշեց խոսել, եւ ինչպես սպասվում էր՝ պարզվեց, որ նա «հոգեկան հիվանդ» է: Լավ է, գոնե Ֆադեյ Տաճատիչի հեռանալուց հետո այդ պիտակը ակադեմիկոսի վրայից հանվեց: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել