Լրահոս
Օրվա լրահոսը

Այլընտրանքը

Ապրիլ 21,2006 00:00

Այլընտրանքը երրորդ ուժն է Երկրի քաղաքական իրավիճակը նոր խնդիրներ է առաջ քաշում: Իրեն սպառել է թե իշխանությունը, թե ընդդիմությունը: Աթոռներին սերտաճած իշխանությունը չի կարողանում եւ չի էլ ուզում երկիրը տանել ժողովրդավարացման ուղիով, տնտեսությունը դուրս բերել բեւեռացված իրավիճակից: Ընդդիմությունը իր թվաբանական տարբեր գործողությունների անկայուն ձեւաչափերով չի կողմնորոշվում իր անելիքների մեջ եւ, հետեւաբար, հավատ ու վստահություն չի ներշնչում ժողովրդին: Խորհրդարանում հայտնված ընդդիմադիր օրենսդիրներից շատերն օգտվելով միայն պատգամավորական արտոնություններից ու աշխատավարձից՝ իրենց անգործությունն ու անկարողությունը փորձում են թաքցնել բոյկոտի շղարշի տակ: Այս իրավիճակում Հայաստանի քաղաքացին հոգնել է իշխանությունից, հիասթափվել ընդդիմությունից: Նա ուզում է տեսնել նոր քաղաքական դեմքեր՝ իրագործելի ու հստակ գաղափարներով, քաղաքական չվարկաբեկված կենսագրությամբ: Ասել է թե՝ ժողովրդին անհրաժեշտ է նոր՝ երրորդ ուժ, այդ բաց դաշտը լրացնելու համար: Երրորդ ուժի դերին է հավակնում նաեւ «Ժողովրդավարություն եւ Աշխատանք» կուսակցությունը: Ապրիլի 20-ին կայացավ կուսակցության հերթական՝ 2-րդ համագումարը: Կուսակցության առաջնորդ Սպարտակ Մելիքյանը իր ելույթում երկրում ստեղծված փակուղային իրավիճակը կապեց նաեւ տնտեսական դաշտում գործող անհավասար պայմանների հետ: Լինելով միջին բիզնեսով զբաղվող գործարար՝ բանախոսն անձամբ առնչվել է այդ խոչընդոտներին եւ իր հիմնադրած կուսակցության կարգախոս է ընտրել «Արժանի տեղ փոքր եւ միջին բիզնեսին» սկզբունքը եւ իր հետագա ողջ գործունեությունը ուղղելու է դրա իրականացմանը նպաստելուն: Տնտեսական դաշտում տարվող գայլային քաղաքականությունը, իշխանությունների ու նրանց ստեղծած կլանների ու օլիգարխների կամայականությունները անմիջական ազդեցություն են ունենում երկրի սոցիալ-տնտեսական ոլորտի եւ, հետեւաբար, բարոյահոգեբանական մթնոլորտի վրա: Բիզնեսում ստեղծված անհավասար պայմաններում, երբ մենաշնորհների արժանացած ու գերշահույթ ստացող օլիգարխները հարկային դաշտում արտոնյալ են, կարող են ազդել անգամ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների վրա, իսկ փոքր ու միջին բիզնեսը խեղդվում է հարկային բեռի տակ, ինչի պատճառով շատերը պարզապես հեռանում են բիզնեսի աշխարհից, եւ պակասում են հարկային մուտքերը, աշխատատեղերը: «Հայաստանին ու մեր ժողովրդին այսօր ամեն ինչից առավել պակասում է երկու կարեւորագույն նախապայման՝ ժողովրդավարություն եւ աշխատանք: Ինչո՞ւ երկուսը միասին: Որովհետեւ ժողովրդավարությունն առանց աշխատանքի ուտոպիա է, իսկ աշխատանքը առանց ժողովրդավարության՝ ստրկություն»,- ասում է ԺԱԿ-ի առաջնորդ Սպարտակ Մելիքյանը: Նախագահը չթաքցնելով առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրենց նպատակը՝ իր կուսակիցներին համոզմունք հայտնեց, որ խորհրդարանում ունենալով իրենց ներկայացուցիչները, երրորդ ուժի դերը հավակնող ԺԱԿ-ը ջանք ու եռանդ չի խնայելու տնտեսական դաշտում այս ապօրինությունները վերացնելու ուղղությամբ, ինչը բնականաբար կունենա իր դրական հետեւանքները երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական եւ բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման գործում: Խորհրդարանական ընտրություններին ԺԱԿ-ը մասնակցելու է միայնակ, սակայն կուսակցության առաջնորդը չի բացառում իրենց գաղափարներին մոտ քաղաքական ուժի հետ միավորման որեւէ տարբերակ: ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել