Լրահոս
Օրվա լրահոսը

Մահ՝ բժիշկների պատճա՞ռով

Ապրիլ 21,2006 00:00

Ծննդաբերությունն ավարտելուց հետո բժիշկները հեռացրել են նաեւ կնոջ երիկամը

Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազության ավագ քննիչ Ա. Վարդանյանի որոշումը այս օրերին վիճարկվում է նույն համայնքի դատարանում: «Էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքում մինչ վիրահատության ավարտը մահացել է 1977թ. ծնված Սյուզաննա Բադալյանը: Նախ, նա կեսարյան հատումով ունեցել էր իր երկրորդ զավակին: Կեսարյան հատումից անմիջապես հետո բժիշկ Երվանդ Հարությունյանը, առանց Բադալյանի եւ նրա ամուսնու՝ Արման Քրմոյանի համաձայնության, հանձն է առնում աջ երիկամի հեռացումը: Դատախազության քննիչը փաստի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճում է՝ բժիշկներ Երվանդ Հարությունյանի, Սոնա Խաչատրյանի եւ Շուշանիկ Գրիգորյանի «մասնագիտական պարտականություններն անբարեխղճորեն եւ ոչ պատշաճ կատարելու մեջ՝ նրանց արարքում հանցակազմի բացակայության հիմքով»: Բժիշկ Ե. Հարությունյանն այս ընթացքում հասցրել է «իր դիմումի համաձայն» ազատվել աշխատանքից, իսկ նախաքննության փուլում՝ վկայի կարգավիճակով ծանոթանալու փորձաքննության եզրակացություններին: 6-ամյա եւ 8,5 ամսական տղաների հորը՝ Ա. Քրմոյանի միջնորդությունը՝ նշանակել կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն՝ հանձնաժողովի կազմից բացառելով Ե. Հարությունյանի կողմից որպես փորձագետ առաջարկված բժիշկ մասնագետների մասնակցությունը, մերժվել է «անհիմն լինելու» պատճառաբանությամբ: Մահացած կնոջ ամուսինը պատմում է. «Ե. Հարությունյանը հետազոտել եւ հավաստիացրել է, որ իր կողմից ղեկավարված բաժանմունքը մասնագիտացված է վիրահատություններում: Ցուցակ տվեցին, ասելով՝ դեղերը ճարի: Նրանք չունեին պլազմա, արյուն, անգամ սիստեմա: Երբ ասացին, թե կինս սիստեմայի տակ է, վազել եմ այն բաժանմունքը, ուր կինս էր. սիստեմա չկար: Իսկ նա մահացել էր. ասես չորս օրվա դիակ լիներ»: Դեպքի մասին տեղյակ չի պահվել դատախազությանը: Դիակը հերձվել է 3-րդ օրը: Արման Քրմոյանը հանգուցյալ կնոջը տեղափոխել է Հերացու դատաբժշկական կենտրոն, քանի որ «Էրեբունիում» դիահերձողը հրաժարվել էր իր գործը կատարել: Ա. Քրմոյանը համաձայն չէ, որ կինը երիկամային հիվանդություն է ունեցել. «Հարց է ծագում՝ ինչպե՞ս կարող էր հիվանդ օրգանիզմում զարգանալ առողջ պտուղ, առանց որեւէ բարդությունների, այն էլ՝ երիկամների խնդրի պարագայում, երբ հղիության ժամանակ այդ օրգանի դերն ամենակարեւորներից մեկն է»,- հարցնում է Ա. Քրմոյանը:

Դատախազությունը «բժիշկների սխալների» մեջ նշում է ընդամենը. «Ս. Բադալյանի վիրահատությունից առաջ պետք է կազմակերպվեին անոթային վիրաբույժի կոնսուլտացիաներ, մինչ կեսարյան հատման սկիզբը Ս. Բադալյանի ներքին սիներակում տեղադրեին ֆիլտր, որով կկանխեին թրոմբի առաջացումը»: Այս դեպքում ինչպե՞ս հասկանալ եզրափակիչ մասը. «Բադալյանի հետ առնչվող բժիշկները բարեխղճորեն ու պատշաճ կարգով են իրականացրել իրենց մասնագիտական պարտականությունները, օբյեկտիվորեն զրկված են եղել Բադալյանի կյանքը փրկելու հնարավորությունից»: Դատախազության կողմից տրվել է նաեւ այսպիսի գնահատական. «Ս. Բադալյանը բարդագույն վիրահատական վիճակի է հասել սեփական մեղքով», սակայն ոչ մի խոսք այն մասին, թե ծնունդ ընդունելուց հետո արնաքամ կնոջ երիկամը հեռացնելու (երկրորդ վիրահատությամբ) իրավունքը ո՞վ էր տվել:

Այս տարվա մարտի 2-ին ՀՀ գլխավոր դատախազության նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Վ. Գրիգորյանը պաշտոնապես հայտարարել էր, թե կարճման որոշումը օրինական է. «Այն վերացնելու հիմքեր չկան»: Այժմ խոսքը դատարանինն է:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել