Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՈՒՆ «ԽՆԱՄԻ ՎԱԼՈԴԻ»

Ապրիլ 21,2006 00:00

Ռ.
Քոչարյանի խնամի, ԱԺ պատգամավոր Վլադիմիր Բադալյանի «խաթեր» Երեւանի քաղաքապետարանը
հրաժարվել է իր ընդունած որոշումից: «Հարգելի խմբագրություն, Խորենացի 26
շենքի վաճառքից հետո այժմ էլ ցանկանում են մեր ձեռքից խլել 40 տարի առաջ տեղադրված
ավտոտնակները, որոնց թույլտվությունը եղել է դեռեւս 1965-ին՝ շրջանային գործադիր
խորհրդի կողմից: Ավտոտնակները տեղադրվել են մեր միջոցներով, կանոնավոր կատարել ենք
վճարումներ: Միգուցե մենք այս երկրի քաղաքացիները չենք, իսկ խոշոր սեփականատերն այնքան
հզոր է, որ Երեւանի քաղաքապետը խոնարհվում է նրա առաջ: Հակառակ դեպքում նա չէր վերացնի
եւ ուժը կորցրած չէր ճանաչի իր ձեռքով մեզ տված որոշումը՝ մեր ավտոտնակների սեփականացման
մասին: Այժմ մեր գործը գտնվում է դատարանում: Մենք գնալու ենք մինչեւ վերջ եւ թույլ
չենք տալու, որ մեր կողմից 40 տարի օգտագործվող ավտոտնակները խլեն մեր ձեռքից»,-
այս նամակն «Առավոտին» են հասցեագրել Խորենացի 26ա շենքի բնակիչները, ներկայացնելով
վարձակալության ու սեփականության վկայականներ, վճարման կտրոններ եւ այլ ապացույցներ:
Նրանց խնդիրը ծագել է իրենց շենքի շարունակությունը կազմող եւ «Երառսպասարկում»
ՓԲԸ-ին պատկանող թիվ 26 շենքի վաճառքից հետո: Ինչպես հայտնի է, օրերս ի հայտ եկավ
կառավարության «գաղտնի» ու չհրապարակված որոշումներից մեկը՝ 2005թ. սեպտեմբերի 8-ի
թիվ 1468-Ա որոշումը, որով հիշյալ ընկերությանը պատկանող Խորենացի 26ա հասցեի 5 հարկանի
շինությունը՝ 3441,2 քմ ընդհանուր մակերեսով, ուղղակի վաճառքի ձեւով օտարվել է Վլադիմիր
Բադալյանին պատկանող «Գիլի» ՍՊԸ-ին, «Երառսպասարկմանը» թույլ տալով տարածքի 10 տարվա
անհատույց օգտագործման տարբերակը: Տարածքը պետական սեփականություն էր եւ «Երառսպասարկման»
կարծիքը հարցնող չկար: Գործարքը կարող էր «չհուզել» նաեւ նույն բակի բնակիչներին,
եթե այս տարվա մարտի սկզբին նրանցից երեքին չկանչեին դատարան՝ որպես պատասխանող:
Հայցվորը Երեւանի քաղաքապետարանի «Երառսպասարկում» ՓԲԸ-ն էր, որը դատարանից պահանջում
էր չեղյալ համարել հիշյալ բակում տասնամյակներ առաջ տեղադրված 3 ավտոտնակների համար
2004 եւ 2005թթ.-ին քաղաքապետ Ե. Զախարյանի տված որոշումները եւ դրանց հիման վրա
Կադաստրից հատկացված 3 սեփականության վկայականներն ու հողի վարձակալության պայմանագրերը:
Հայցվորի հիմնավորումն այս է. «2001թ. փետրվարի 11-ին տրված 669774 վկայականի համաձայն,
«Երառսպասարկում» ՓԲԸ-ի անվամբ Խորենացու 26 հասցեում սեփականության իրավունքով գրանցվել
են 3441,2 քմ մակերեսով շենք-շինություններ, 19,8 եւ 22,8 քմ-ներով ավտոտնակներ եւ
99 տարի ժամանակով 1847 քմ վարձակալության իրավունքով հողամաս»: Մեծ ուշադրություն
պետք չէ՝ նկատելու, որ հայցադիմումում չի նշվում, թե հիշյալ վկայականը Կադաստրի ո՞ր
ստորաբաժանումն է տվել եւ ո՞ւմ որոշման հիման վրա՝ քաղաքապետի՞, թե՞ կառավարության:
Նշում չկա նաեւ գլխավոր հատակագծի գոյության մասին: Դա արդեն կասկածի տակ է դնում
հիշյալ վկայականի հիշյալ ժամանակից փաստացի գոյությունը, հատկապես, որ ավտոտնակների
տերերի փաստաբանը մինչ օրս չի կարողանում ստանալ գործի նյութերում իբրեւ թե առկա
սույն փաստաթղթի օրինակը: Կենտրոնի կադաստրից ստացված գրության համաձայն, նշված վկայականի
համար հիմք է հանդիսացել Երքաղխորհրդի գործկոմի 1952 թ. տված որոշումն ու գլխավոր
հատակագիծը: Թեպետ ավտոտնակների տերերը բարեխիղճ ձեռքբերողներ են եւ գործարքներն
արել են օրենքով սահմանված կարգով, սակայն նրանք դատարան են կանչվել որպես պատասխանողներ,
իսկ նրանց ապօրինի՝ օրենքի խախտումով որոշում եւ վկայականներ տվողները (տվյալ դեպքում՝
քաղաքապետարանը եւ կադաստրը) դատարանում հանդես են գալիս ընդամենը երրորդ անձի կարգավիճակով:
Փաստաբանի միջնորդությամբ այս խնդիրը շտկվել է եւ նրանք նստել են պատասխանողի աթոռին:
Սակայն իրավիճակը դրանից չի փոխվել: Հայցվոր կողմը տեղեկացնում է, որ իրենց հողամասում
վեճի առարկա են երեք ավտոտնակներ, որոնք օրինականացվել են առանց վարձակալի՝ «Երառսպասարկում»
ընկերության համաձայնության: Նախ նշենք, որ ավտոտնակների թիվն այս տարածքում ոչ թե
3-ն է, այլ՝ 8-ը: Պարզապես մյուս 5-ը ֆինանսների սղության պատճառով մինչ օրս չեն
սեփականացրել ավտոտնակները, սակայն որպես վարձակալներ շարունակում են կանոնավոր վճարումներ
կատարել: Թերեւս ընկերությունը գտնում է, որ նրանց գործը հեշտ է՝ կքանդի որպես ապօրինի
կառույցներ: Երկրորդ կարեւոր հանգամանքն այն է, որ արդեն պատասխանող կողմ ճանաչվելուց
հետո քաղաքապետարանի ներկայացուցիչը տեղեկացրել է այն մասին, թե քաղաքապետ Ե. Զախարյանը
մտադիր է վերանայել իր տված որոշումները: Քաղաքապետն արդեն ստորագրել է որոշում՝
ապրիլի 10-ին, որով ուժը կորցրած է համարվել Արշավիր Մարտիկյանին, Սուրեն Հակոբյանին
եւ Արթուր Վարդանյանին իր տված որոշումները: Պատասխանող ճանաչված տուժողների փոխհատուցման
մասին առայսօր որեւէ խոսակցություն չի եղել: Դատական պրոցեսը շարունակվում է: ՌՈՒԶԱՆ
ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել