Լրահոս
Օրվա լրահոսը

Այլընտրանքը երրորդ ուժն է

Ապրիլ 21,2006 00:00

Երկրի
քաղաքական իրավիճակը նոր խնդիրներ է առաջ քաշում: Իրեն սպառել է թե իշխանությունը,
թե ընդդիմությունը: Աթոռներին սերտաճած իշխանությունը չի կարողանում եւ չի էլ ուզում
երկիրը տանել ժողովրդավարացման ուղիով, տնտեսությունը դուրս բերել բեւեռացված իրավիճակից:
Ընդդիմությունը իր թվաբանական տարբեր գործողությունների անկայուն ձեւաչափերով չի
կողմնորոշվում իր անելիքների մեջ եւ, հետեւաբար, հավատ ու վստահություն չի ներշնչում
ժողովրդին: Խորհրդարանում հայտնված ընդդիմադիր օրենսդիրներից շատերն օգտվելով միայն
պատգամավորական արտոնություններից ու աշխատավարձից՝ իրենց անգործությունն ու անկարողությունը
փորձում են թաքցնել բոյկոտի շղարշի տակ: Այս իրավիճակում Հայաստանի քաղաքացին հոգնել
է իշխանությունից, հիասթափվել ընդդիմությունից: Նա ուզում է տեսնել նոր քաղաքական
դեմքեր՝ իրագործելի ու հստակ գաղափարներով, քաղաքական չվարկաբեկված կենսագրությամբ:
Ասել է թե՝ ժողովրդին անհրաժեշտ է նոր՝ երրորդ ուժ, այդ բաց դաշտը լրացնելու համար:
Երրորդ ուժի դերին է հավակնում նաեւ «Ժողովրդավարություն եւ Աշխատանք» կուսակցությունը:
Ապրիլի 20-ին կայացավ կուսակցության հերթական՝ 2-րդ համագումարը: Կուսակցության առաջնորդ
Սպարտակ Մելիքյանը իր ելույթում երկրում ստեղծված փակուղային իրավիճակը կապեց նաեւ
տնտեսական դաշտում գործող անհավասար պայմանների հետ: Լինելով միջին բիզնեսով զբաղվող
գործարար՝ բանախոսն անձամբ առնչվել է այդ խոչընդոտներին եւ իր հիմնադրած կուսակցության
կարգախոս է ընտրել «Արժանի տեղ փոքր եւ միջին բիզնեսին» սկզբունքը եւ իր հետագա ողջ
գործունեությունը ուղղելու է դրա իրականացմանը նպաստելուն: Տնտեսական դաշտում տարվող
գայլային քաղաքականությունը, իշխանությունների ու նրանց ստեղծած կլանների ու օլիգարխների
կամայականությունները անմիջական ազդեցություն են ունենում երկրի սոցիալ-տնտեսական
ոլորտի եւ, հետեւաբար, բարոյահոգեբանական մթնոլորտի վրա: Բիզնեսում ստեղծված անհավասար
պայմաններում, երբ մենաշնորհների արժանացած ու գերշահույթ ստացող օլիգարխները հարկային
դաշտում արտոնյալ են, կարող են ազդել անգամ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների
վրա, իսկ փոքր ու միջին բիզնեսը խեղդվում է հարկային բեռի տակ, ինչի պատճառով շատերը
պարզապես հեռանում են բիզնեսի աշխարհից, եւ պակասում են հարկային մուտքերը, աշխատատեղերը:
«Հայաստանին ու մեր ժողովրդին այսօր ամեն ինչից առավել պակասում է երկու կարեւորագույն
նախապայման՝ ժողովրդավարություն եւ աշխատանք: Ինչո՞ւ երկուսը միասին: Որովհետեւ ժողովրդավարությունն
առանց աշխատանքի ուտոպիա է, իսկ աշխատանքը առանց ժողովրդավարության՝ ստրկություն»,-
ասում է ԺԱԿ-ի առաջնորդ Սպարտակ Մելիքյանը: Նախագահը չթաքցնելով առաջիկա խորհրդարանական
ընտրություններին մասնակցելու իրենց նպատակը՝ իր կուսակիցներին համոզմունք հայտնեց,
որ խորհրդարանում ունենալով իրենց ներկայացուցիչները, երրորդ ուժի դերը հավակնող
ԺԱԿ-ը ջանք ու եռանդ չի խնայելու տնտեսական դաշտում այս ապօրինությունները վերացնելու
ուղղությամբ, ինչը բնականաբար կունենա իր դրական հետեւանքները երկրի սոցիալ-տնտեսական,
քաղաքական եւ բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման գործում: Խորհրդարանական ընտրություններին
ԺԱԿ-ը մասնակցելու է միայնակ, սակայն կուսակցության առաջնորդը չի բացառում իրենց
գաղափարներին մոտ քաղաքական ուժի հետ միավորման որեւէ տարբերակ: ՆԱԻՐԱ
ՎԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել