Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ նախագահը խեղաթյուրե՞լ է դատախազությանը

Ապրիլ 21,2006 00:00

Սա
է հետեւում գլխավոր դատախազության եւ կառավարության պարզաբանումներից Երեկ
ե՛ւ գլխավոր դատախազության հասարակական կապերի եւ լրատվության բաժինը, ե՛ւ կառավարության
տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություններ
տարածեցին նախօրեին ԱԺ-ի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած՝ 2001-2003
թթ. սեփականաշնորհման ծրագրի կատարման հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատի
ուսումնասիրությունների շուրջ դատախազության պատասխանի վերաբերյալ: Մեջբերելով
ԱԺ-ի հրապարակումից, թե դատախազության «ուսումնասիրության արդյունքներով հաղորդում
է ներկայացվել ՀՀ վարչապետին»՝ կառավարությունը պարզաբանում է. «Իրականում, ԱԺ նախագահին
դատախազության ուղարկած փաստաթղթում նման ձեւակերպում չկա: Ծավալուն այդ փաստաթղթում,
որից մեջբերվել են ընդամենը հատվածներ՝ չհիշատակելով փաստաթղթում առկա ձեռնարկված
միջոցառումների մասին, ՀՀ վարչապետի հետ կապված կա ընդամենը հետեւյալ ձեւակերպումը.
«Նկատի ունենալով, որ արձանագրված թերությունները որոշ դեպքերում պայմանավորված են
օրենսդրության մեջ առկա թերություններով ու բացթողումներով, ինչն անհարկի չարաշահումների
տեղիք է տալիս, համապատասխան բարելավումներ անցկացնելու վերաբերյալ առաջարկություն
է ներկայացվել ՀՀ վարչապետին: Նշված հաղորդման քննարկման արդյունքները վկայում են
այն մասին, որ այդ ոլորտում արդեն իսկ ձեռնարկվել են մի շարք արդյունավետ քայլեր»:
Կառավարությունը նաեւ ընդգծում է, թե «բարելավումներ անցկացնելու վերաբերյալ առաջարկությունը»
եւ «դատախազության հաղորդումը» տարբեր հասկացություններ են. «Բացի այդ՝ ԱԺ-ի պաշտոնական
հաղորդագրության մեջ տեղ են գտել որոշ նյութեր, որոնք ՀՀ գլխավոր դատախազի 2005թ.
մարտի 9-ի՝ ԱԺ նախագահին ուղղված գրության մեջ առկա չեն, այդ թվում` մասնավորեցման
կոնկրետ դեպքերին արված անդրադարձը»: Դատախազությունն իր հերթին նույնպես
պարզաբանել է, թե իրենց փաստաթղթում «հանգամանորեն արտացոլվել են ինչպես արձանագրված
խախտումներն ու օրենսդրական բացերը, այնպես էլ ՀՀ կառավարության իրավասու կառույցների
կողմից ձեռնարկված համարժեք միջոցները: Մասնավորապես, տեղեկատվություն է ներկայացվել
այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված մի շարք առաջարկությունների
հիման վրա ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ԱԺ են ներկայացվել օրենսդրական ակտերում
համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծեր, կառավարության
կողմից ընդունվել են մի շարք ենթաօրենսդրական ակտեր, ձեռնարկվել են միջոցներ պետության
խախտված գույքային իրավունքները վերականգնելու վերաբերյալ եւ այլն»: Հաղորդման մեջ
նշվում է, թե ձեռնարկել են մի շարք միջոցառումներ՝ պայմանագրերի վերանայման, դրանցով
պետության նկատմամբ նախատեսված պարտավորությունների կատարման ուղղությամբ, ինչպես
նաեւ՝ հարուցվել են մի շարք քրեական գործեր: Այսպիսով, ըստ գլխավոր դատախազության՝
իրենց հաղորդումները «հրապարակվել են հատվածաբար եւ համարժեքորեն չեն արտացոլում
թե՛ ՀՀ դատախազության եւ թե՛ ՀՀ կառավարության գործունեությունն այդ ոլորտում»: Ավելին՝
անգամ նշվում է, թե 2004 թ. մասնավորեցման հաշվետվության վերաբերյալ ԱԺ վերահսկիչ
պալատի եզրակացությունը դեռեւս պաշտոնապես չի էլ ուղարկվել դատախազություն: «Անհարկի
թյուրիմացություններից խուսափելու նկատառումով առաջիկայում գլխավոր դատախազության
կողմից կամփոփվի եւ կհրապարակվի այդ ուղղությամբ համապատասխան մարմինների ձեռնարկած
միջոցառումների մասին հանգամանալից տեղեկատվություն»,- խոստացված է հաղորդման մեջ:
Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել