Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր

Ապրիլ 20,2006 00:00

«Մեր քույրը մենք ենք» Երեկ «Հայելի» ակումբի հյուրեր տեր Ղեւոնդ քահանա Մայիլյանը եւ տեր Մխիթար քահանա Ալոյանը պնդում էին, որ Հայաստանում քույր եկեղեցի չունեն: Նրանք եկել էին քննարկելու աղանդավորության քայքայիչ գործունեությանն առնչվող խնդիրները, պայմանով, որ ակումբ հրավիրված մյուս հյուրի՝ Քրիստոնեական մշակութային միջազգային ծառայությունների ղեկավար Լեւոն Պարտագճյանի հրավերը չեղյալ համարվի: Վերջինս ներկա չէր եւ քահանան իրենց պայմանը բացատրեց նրանով, որ իրենք չեն կարող մի սեղանի շուրջ նստել Հայ առաքելական եկեղեցու հավատավորների շարքերը խարխլող բողոքականների «դուստր ձեռնարկությունների» ղեկավարների հետ: Ըստ հայ եկեղեցականների, Հայաստանում տարբեր անվանումների տակ գործող աղանդավորական կազմակերպությունները մտնում են կրթօջախներ եւ կասկածելի բովանդակությամբ գրականություն բաժանում: Սեփական նախաձեռնությամբ ակումբին հյուրընկալված Ալեքսանդր Ամարյանը («Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի» նախագահ) տեղեկացրեց, որ ներկայում Հայաստանում գրանցված է նմանատիպ 57 կազմակերպություն, սակայն մենք չունենք մի կառույց, որը ուսումնասիրի դրանց գործունեությունը: Նա քահանաներին հորդորեց խնդիրը լուծելու համար չխուսափել աղանդավորների հետ հանդիպումից: Նաեւ տեղեկացրեց, որ իր ղեկավարած կազմակերպությունը իրավական, սոցիալական, հոգեբանական օգնություն է ցույց տալիս աղանդներից տուժածներին եւ հիշեց իրենց ուղղված դիմումներից մեկը, երբ աղջիկը ամուսնացել է հայ երիտասարդի հետ եւ մոլոկան հայրը աղջկան պատժելու համար նրան մեղադրել էր տնից գողություն անելու մեջ: Մի քանի դեպք էլ հիշեց, երբ 12-ամյա աղջիկը ինքնասպանություն էր գործել: Նրանց տանը ոչ մի խաղալիք չէր հայտնաբերվել, միայն կրոնական գրականություն: Ալ. Ամարյանը հրապարակեց ԱՄՆ դեպարտամենտի վերջին տվյալները, համաձայն որոնց՝ Հայաստանում այժմ կա 300-350 հազար աղանդավոր: Նրանցից առաջինը Հայաստանում է հայտնվել 1975թ.: Բանախոսը նաեւ զարմանք հայտնեց, թե ինչու են մեզ մոտ գրանցում կազմակերպությունների, ինչը արգելված է Եվրախորհրդի անդամ երկրներում: Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին հարց ուղղվեց, թե ինչո՞ւ ավելի ակտիվ չեն պայքարում այդ չարիքի դեմ: Ասացին, որ եկեղեցին պետք է հզորանա, ինչի համար ժամանակ է պետք: Իսկ որպես ակտիվ հակագործունեություն, քահանաներից մեկն ասաց, որ սովորաբար Զատիկի տոնի կապակցությամբ տնօրհնեքի արարողություն պետք է արվի ծխի անդամների տներում: Բայց եղել է դեպք, երբ քահանան տնօրհնեքի արարողություն է կատարել մեկի տանը եւ տանտիկնոջ ամուսինը ընդդիմացել է: Քահանան ավելացրեց, որ աղանդավորության շրջանում ուսումնասիրություններ կատարելու համար եկեղեցականը չի կարող հավատափոխ լինել եւ մտնել նրանց շարքերը, դրանով պետք է զբաղվի ԱԱԾ-ն, քանի որ դա ազգի անվտանգության խնդիր է: ԱԱԾ-ում մինչեւ 1991թ. գործել է աղանդավորության դեմ պայքարի 5-րդ վարչությունը, որն այսօր չկա: Տեր Մխիթարը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ աղանդավորները Հայաստան են եկել մեր դիակների (երկրաշարժ, պատերազմ) վրայով՝ բարեգործական եւ այլ կազմակերպությունների անվան տակ: Բանախոսը հայտարարեց, որ իրենք Հայաստանում չունեն քույր եկեղեցի՝ «մենք ենք մեր քույրը»: ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել