Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանները ֆինանսապես անկախ չեն

Ապրիլ 20,2006 00:00

Դատարանները ֆինանսապես անկախ չեն Դատական համակարգի բյուջեի մակարդակը ցածր է «Արդյունավետ եւ կենսունակ դատական համակարգ ունենալու համար անհրաժեշտ է ձեւավորել երաշխիքների համակարգ, որոնք մասնավորապես առնչվում են արդարադատության իրականացմանը մասնակցող, արդարադատությունն իրականացնող պաշտոնատար անձանց եւ օրենսդրական դաշտի կատարելագործմանը։ Այստեղ առաջին հերթին կարեւորվում է համապատասխան իրավական եւ սոցիալական երաշխիքների ապահովումը»,- երեկ «Առավոտին» ասաց ՀՀ Վճռաբեկ դատարանի բյուջետային բաժնի պետ Մհեր Անանյանը։ Ըստ նրա՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված 1985թ. դեկտեմբերի 13-ի դատական իշխանության անկախության հիմնական սկզբունքների համաձայն՝ յուրաքանչյուր պետություն պարտավոր է հատկացնել բավարար ֆինանսական միջոցներ, որպեսզի դատական իշխանությունը կարողանա պատշաճ ձեւով իրականացնել իր լիազորությունները։ «Թերֆինանսավորումը դժվարություններ է առաջացնում դատարանների համար, ինչն անմիջական ազդեցություն է ունենում հազարավոր քաղաքացիների վրա»,- շարունակեց զրուցակիցս։ Նա տեղեկացրեց, որ Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովը (CEPEJ) պարբերաբար անդրադառնում է դատական համակարգերի համար բավարար եւ արդարացի միջոցների առկայության խնդրին։ Մասնավորապես, հանձնաժողովն իր «Նոր նպատակ արդարադատության համակարգերի համար, յուրաքանչյուր դատական գործի վարումը արդյունավետ եւ կանխատեսելի ժամկետներում» ծրագրում անդրադառնալով այս խնդրին, գտնում է, որ արդարադատության պատշաճ իրականացման համար անհրաժեշտ են հետեւյալ ռեսուրսները. – համապատասխան կրթություն ստացած եւ լավ վարձատրվող դատավորներ եւ դատական ծառայողներ, – դատավարությունների վարման, դատական գրառումների կատարման, ձայնագրման եւ հրապարակման համար անհրաժեշտ սարքավորումներ, – լավ վերանորոգված աշխատավայրեր։ Ըստ Մ. Անանյանի, հանձնաժողովը հրապարակել է «Արդարադատության եվրոպական համակարգեր. հաշվետվություն», որում ներկայացված են Եվրախորհրդի 40 անդամ երկրներում փաստերի եւ տեղեկատվության հավաքագրման հարցախույզի արդյունքները։ Ներկայացված երկրների վերաբերյալ տարբեր տեղեկատվությունների ուսումնասիրությունից պարզվել է, որ «Հայաստանում դատական համակարգի բյուջեի մակարդակը բավականին ցածր է նույն տնտեսական աճի տեմպեր հայտարարագրող եւ գրեթե նույնատիպ դատական համակարգեր ունեցող մի շարք երկրների դատական բյուջեների մակարդակից»։ Մասնավորապես, հիշյալ երկրների պետական բյուջեում դատական համակարգի ընդհանուր ծախսերի մակարդակը զգալիորեն գերազանցում է Հայաստանի նույն ցուցանիշին. 1. Հայաստան 0.4 2. Բուլղարիա 0.7 3. Ռուսաստան 0.9 4. Ռումինիա 1.7 7. Լիտվա 1.3 8. Սլովակիա 1.2 Հայաստանի դատական համակարգի ընդհանուր ծախսերի ցածր մակարդակն է վկայում նաեւ մեկ այլ ցուցանիշ՝ մեկ անձին բաժին ընկնող դատական ծախսերի մակարդակն ըստ տարբեր երկրների: Այստեղ Հայաստանը զիջում է, օրինակ, Էստոնիային մոտ 12 անգամ: «Հատկանշական է, որ այս երկրները դեռ ոչ վաղ անցյալում թե՛ կոռուպցիայի առկայության եւ թե՛ դատական համակարգի կայացման առումով գտնվում էին գրեթե այն նույն իրավիճակում, ինչ ներկայումս Հայաստանը։ Հիշյալ երկրներում հակակոռուպցիոն ծրագրերի եւ բարեփոխումների իրագործման հիմքում դրվեց դատական համակարգերի բավարար ֆինանսավորման գաղափարը, որի արդյունքում այս երկրներում դատական համակարգի կայացման փուլը ներկայումս կայուն հիմքերի վրա է»,- գտնում է բաժնի պետը։ Վերջինս կարծում է, որ դատական իշխանությունում անհրաժեշտ է, որ «քաղաքականության մշակում-պլանավորում-բյուջետավորում» գործընթացը պետք է կարգավորվի օրենքով. «Եթե նույնիսկ օրենքով նման կարգավորումը բացակայում է, ապա ՀՀ Սահմանադրությամբ իշխանությունների տարանջատման սկզբունքը որդեգրած պետությունում դատական իշխանությունն ինքնուրույն պետք է ձեւավորի իր քաղաքականությունը, դրա իրականացման ծրագրերը եւ անհրաժեշտ դրամական միջոցները»։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել