Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԻՆԱԿԱՆԱՑՐԻՆ

Ապրիլ 20,2006 00:00

ՕՐԻՆԱԿԱՆԱՑՐԻՆ ԱՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ Բուզանդի փողոցի բնակիչների ունեցվածքի օտարմանը վերաբերող բոլոր ակտերը ընդունվել են Սահմանադրության փոփոխությունից առաջ: Այդ ժամանակաշրջանում, համաձայն Սահմանադրության 28 հոդվածի, որեւէ օտարում կարող էր կատարվել միայն օտարման ցանկացած մասնավոր դեպքի համար ԱԺ-ի ընդունված հատուկ օրենքի հիման վրա: Քանի որ Բուզանդի բնակիչների գույքի օտարումը կատարվել էր առանց Ազգային ժողովի, դա Սահմանադրության բացահայտ խախտում է: ՍԴ-ում սա՛ պետք է դառնար քննարկման մեխը, եւ գործին վերաբերող բոլոր ակտերը, որոնք կապված են Բուզանդի փողոցի բնակիչների սեփականության օտարման հետ, պետք է ճանաչվեին Սահմանադրությանը չհամապատասխանող, ունեցվածքը վերադարձվեր տերերին, եւ հատուցվեին նրանց կրած բոլոր վնասները: Իշխանությունները այլ կերպ վարվեցին. կեղծելով՝ փոխեցին Սահմանադրությունը եւ հանեցին օտարման համար մասնավոր օրենքների անհրաժեշտությունը՝ այդպիսով վերացնելով սեփականության անձեռնմխելիությունը ապահովող այս երաշխիքը: Այսինքն՝ իրենց գործողությունները Սահմանադրությանը հարմարեցնելու փոխարեն կատարեցին ճիշտ հակառակը եւ Սահմանադրությունը հարմարեցրին իրենց հակասահմանադրական գործողություններին: Իշխանությունները նաեւ մի թատրոն բեմադրեցին, որի բոլոր մասնակիցները՝ Սահմանադրական դատարանի անդամները, կառավարության ներկայացուցիչը եւ մարդու իրավունքների պաշտպանը, արհամարհեցին այն բացահայտ իրավաբանական ճշմարտությունը, որ փոփոխված Սահմանադրությունը չի կարող ետին թվով օրինականացնել գործարքի հիմքում ընկած հակասահմանադրական քայլը: Նրանք դիտարկեցին օտարման ակտերի սահմանադրականությունը ոչ թե այդ ակտերի ընդունման պահին գործող Սահմանադրության նորմերի համատեքստում, այլ փոփոխված Սահմանադրության համատեքստում: Սա շատ վտանգավոր նախադեպ է, որի արդյունքում ոչ միայն տուժեցին բուզանդցիների ոտնահարված իրավունքները, այլեւ ճանապարհ բացվեց նորանոր անարդարությունների համար: ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ Քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել