Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ

Ապրիլ 20,2006 00:00

ԼՂՀ ԱԺ-Ն ՀՍՏԱԿԵՑՆՈՒՄ Է ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ Ըստ ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի՝ այս խնդիրն են լուծելու ապրիլի 21-ին անցկացվելիք Ղարաբաղի խնդրով լսումները: – Ձեր հանձնաժողովի նախաձեռնած լսումները հրատապ էին մինչ Ռամբույեի հանդիպումը, երբ միջնորդները հույս էին հայտնում, որ 2006-ին պետք է լուծվի ղարաբաղյան հարցը: Իսկ այժմ լսումները փոքր-ինչ ժամանակավրե՞պ չեն, երբ կարգավորման գործընթացում կարծես չկա որեւէ տեղաշարժ: – Չեմ կարծում, թե ժամանակավրեպ են, կամ լսումները կարող են խանգարել բանակցային գործընթացին: Ընդհակառա՛կը: Մենք այս լսումները չենք պայմանավորում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ ընթացող բանակցությունների որեւէ զարգացմամբ: Մենք լսումները պայմանավորում ենք այն անհրաժեշտությամբ, որ ԼՂՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը փորձեն այս միջոցով գալ ղարաբաղյան կարգավորման սկզբունքների շուրջ ընդհանուր համաձայնության: – Հայաստանի խորհրդարանից մեծ պատվիրակություն է մասնակցելու այս լսումներին: Սակայն նրանց շարքում կարծես չկան բանակցությունների մանրամասներին լավատեղյակ անձինք, որոնք կարող էին ճշգրիտ պատասխաններ տալ լսումների մասնակիցների հարցերին: – Կարծում եմ, որ Հայաստանի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն այս առումով բավական իրազեկ անձնավորություն է, քանի որ նաեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ է: Նա լսումների ընթացքում կներկայացնի բանակցային գործընթացի շուրջ Հայաստանի ԱԺ-ի արտաքին հարաբերությունների տեսակետը եւ կանդրադառնա այն զարգացումներին, որոնց ինքը մասնակցել է որպես ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամ: Պատվիրակության կազմում է նաեւ Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, որը Դարթմունդյան վեհաժողովի ձեւաչափում ներկայացնում է հայկական կողմը: Կարծում եմ, պրն Սարգսյանն էլ կունենա որոշակի ասելիք: – Նախապես տեղեկատվություն տարածվեց, թե լսումներին մասնակցելու է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Ի՞նչը խոչընդոտ դարձավ, որ պրն Օսկանյանը չմասնակցեց լսումներին: – Չեմ կարծում, թե նախապես որոշված էր, որ Հայաստանի արտգործնախարարը պետք է մասնակցի: Համենայնդեպս՝ մենք չենք ունեցել այդպիսի հստակ արտահայտված մտադրություն: Վարդան Օսկանյանը պարզապես հրավիրված չէ այս լսումներին: Թեեւ որեւէ խոչընդոտ էլ չկա նրա մասնակցության համար: Լսումների ընթացքում բանակցային գործընթացի շուրջ տեղեկատվությամբ հանդես կգա ԼՂՀ արտգործնախարարը: – Ի՞նչ փաստաթուղթ եք նախատեսում ընդունել այս լսումների արդյունքում: – Ամենայն հավանականությամբ՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերը, խումբ-խմբակցությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ, որի նախագիծն արդեն համաձայնեցված է «ՀՅԴ-Շարժում-88» դաշինքի պատգամավորական խմբի, «Հայրենիք» եւ «Ժողովրդավարություն» խմբակցությունների միջեւ: – Հայտարարության մեջ արտացոլվա՞ծ է այն մոտեցումը, որ փետրվարին հրապարակեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Այն է՝ Հայաստանը պետք է դուրս գա բանակցություններից եւ իր տեղը զիջի Ղարաբաղին: – Նախ ճշտենք, որ ԼՂՀ նախագահը չի հնչեցրել նման միանշանակ գնահատական: (Հիշեցնենք, որ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում Արկադի Ղուկասյանը համոզմունք էր արտահայտել, թե բանակցային գործընթացին Ղարաբաղի միանալու միայն մեկ ձեւ կա՝ Հայաստանը պետք է հրաժարվի բանակցել Ադրբեջանի հետ. «Քանի դեռ Հայաստանը խոսում է Ադրբեջանի հետ առանց Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանը չի համաձայնի բանակցել Ղարաբաղի հետ».- Ա. Ի.): Եվ երկրորդ՝ ո՛չ: Չեմ կարծում, թե մենք պետք է այժմ փորձենք ԼՂՀ Ազգային ժողովի մակարդակով ինչ-որ բան հուշել Հայաստանին: Մենք ներկայացնելու ենք մեր դիրքորոշումը: – Ձեր գնահատմամբ՝ այս միասնական հայտարարությունը որեւէ անդրադարձ կունենա՞ բանակցային գործընթացի եւ կողմերի դիրքորոշումների վրա: – Մենք այդպիսի նպատակ մեր առջեւ չենք դրել, որ ազդենք բանակցային գործընթացի վրա: Ընդգծում եմ՝ մեր նպատակը մեկն է. խորհրդարանում այժմ ներկայացված քաղաքական դիրքորոշումների համաձայնեցում այն սկզբունքների շուրջ, որոնք մեզ համար ընդունելի են կարգավորման բանակցային գործընթացն առաջ տանելու համար: Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել