Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏ,

Ապրիլ 20,2006 00:00

ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ, «ԱՌԸՆԹԵՐ» Նախագահի համար վերլուծություններ եւ հետազոտություններ պատրաստող ինստիտուտը ընդլայնվում ու ծավալվում է: Հարկատուների հաշվին: Այս տարվա պետբյուջեով 107 մլն դրամ է հատկացված նախագահի աշխատակազմին առընթեր Քաղաքական հետազոտությունների ինստիտուտին (ՔՀԻ): (Համեմատության համար նշենք, որ նույն բյուջեով ողջ հանրապետության տարածքում գործող մշակույթի տներին, ակումբներին եւ կենտրոններին միասին հատկացված է ընդամենը 18,8 մլն դրամ, այսինքն՝ գրեթե վեց անգամ ավելի քիչ, քան միայն այդ ինստիտուտին): Երկու տարի առաջ կառավարության որոշումով ստեղծված այդ ինստիտուտի խորհրդի նախագահն է Ռոբերտ Քոչարյանի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը, որը երեկ ՔՀԻ-ի կառուցվածքը ներկայացնելու համար ասուլիս էր հրավիրել, խորհրդի անդամներն են Ռ. Քոչարյանի օգնական Վիգեն Սարգսյանը եւ այդ ինստիտուտի փոխտնօրեն Լեւոն Անդրեասյանը: Ինստիտուտի տնօրենն է ոչ անհայտ Հովիկ Ասրյանը: Հետաքրքիր է, որ պարոն Իսագուլյանը կարեւորում էր ինստիտուտի սնումը պետբյուջեից՝ «ազատ ու անկախ աշխատելու համար»: Այդ «ազատ ու անկախ», բայց՝ նախագահին առընթեր ինստիտուտը ներկայումս տեղավորված է Գիտությունների ազգային ակադեմիայի գրադարանի շենքում, զբաղեցնում է վեց սենյակ: Սակայն մոտ ապագայում կտեղափոխվի Արշակունյաց 44 հասցեում գտնվող հինգհարկանի շենքը, որում դեռ վերանորոգման աշխատանքներ են գնում: (Շահավետ է «նախագահին առընթեր» լինելը): Այսօր 43 հոգանոց աշխատակազմ ունեցող ՔՀԻ-ն դեռ ընդլայնվելու է եւ վերջնական տարբերակում աշխատակազմի անդամների թիվը հասնելու է 72-ի, որոնք աշխատելու են ինստիտուտի յոթ բաժիններում: 72 բարձր վարձատրվող (աշխատավարձն այստեղ սկսվում է 150 հազար դրամից) աշխատակիցներ անելու են ամեն ինչ, որ երկրի նախագահի սեղանին ամեն օր դրվեն թարմ վերլուծություններ, առաջարկներ եւ հետազոտություններ՝ ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական, տարածաշրջանային, ռազմավարական եւ շատ այլ կարեւոր հարցերի մասին: Վերլուծություններ եւ հետազոտություններ կատարվում են անվճար՝ նախագահի, կառավարության, ԱԳՆ-ի եւ ՊՆ-ի համար: Սակայն նրանք, ովքեր որեւէ պատվեր կտան այս ինստիտուտին՝ ՀՀ-ից կամ նույնիսկ արտերկրից, ապա կարող են վստահ լինել, որ որոշակի գումարի դիմաց կստանան լուրջ եւ ծավալուն նյութ: Այսպես էր գովազդում իր ղեկավարած հիմնարկը պարոն Իսագուլյանը, որի հրավիրած ասուլիսի ողջ ժամանակի մեկ երրորդը նվիրված էր Ռոբերտ Քոչարյանին ուղղված շնորհակալություններին: Ի դեպ, նա հենց սկզբից զգուշացրեց, որ դեռ շատ է շնորհակալություն հայտնելու նախագահին, թեեւ գիտեր, որ «դա շատերի համար կարող է նույնիսկ տարօրինակ թվալ»: Հաշվի առնելով պարոն Իսագուլյանի մասնագիտական հակումները՝ «Առավոտը» հետաքրքրվեց արդյո՞ք ինստիտուտը իր հետազոտությունների եւ վերլուծությունների համար հիմք ընդունո՞ւմ է ազգային անվտանգության ծառայությունների մատուցած նյութերը: Պատասխանը միանշանակորեն դրական էր: Մեր հաջորդ հարցին՝ ուրիշ ի՞նչ աղբյուրներից եք օգտվում, պարոն Իսագուլյանը պատասխանեց, որ ներկայումս հինգ երկրներում՝ «ԱՄՆ, Անգլիա, Ռուսաստան, Վրաստան եւ Միջին Ասիա», գտնվում են իրենց փորձագետները, որոնցից ստացած նյութերն էլ դառնում են վերլուծության թեմա: Իմիջիայլոց, ՔՀԻ-ի աշխատանքների մեջ տեղ է գտել նաեւ «հասարակական տրամադրությունների հետազոտություն» կետը: Բայց քանի որ պարոն Իսագուլյանը շատ էր շնորհակալ երկրի նախագահից եւ շատ էր կարեւորում նրա դերը ՔՀԻ-ի կայացման գործում, չէինք կարող չմտահոգվել՝ եթե հասար ակական տրամադրությունների ուսումնասիրման արդյունքում նախագահին անհաճո արդյունքներ գրանցեք, կներկայացնե՞ք նրան իրականությունը: Պարոն Իսագուլյանի պատասխանը հնչեց շատ կտրուկ՝ «հավատացեք, որ մենք միայն 100%-անոց իրականությունն ենք ներկայացնում, քանի որ մեր պարտքն է նախագահին ամբողջական եւ ճշմարիտ ինֆորմացիա ներկայացնելը»: Այնուամենայնիվ, մեր մտահոգությունը մնաց. բա որ այդ դեպքում նախագահը բարկանա ու ՔՀԻ-ի բյուջետային մուտքերը պակասեցնի՞: Էլ ո՞ւմ պիտի պարոն Իսագուլյանը հաջորդ ասուլիսի ժամանակ այդքան շնորհակալություններ հայտնի: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել