Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր քույրը մենք ենք»

Ապրիլ 20,2006 00:00

Երեկ «Հայելի» ակումբի հյուրեր տեր Ղեւոնդ
քահանա Մայիլյանը եւ տեր Մխիթար քահանա Ալոյանը պնդում էին, որ Հայաստանում քույր
եկեղեցի չունեն: Նրանք եկել էին քննարկելու աղանդավորության քայքայիչ գործունեությանն
առնչվող խնդիրները, պայմանով, որ ակումբ հրավիրված մյուս հյուրի՝ Քրիստոնեական մշակութային
միջազգային ծառայությունների ղեկավար Լեւոն Պարտագճյանի հրավերը չեղյալ համարվի:
Վերջինս ներկա չէր եւ քահանան իրենց պայմանը բացատրեց նրանով, որ իրենք չեն կարող
մի սեղանի շուրջ նստել Հայ առաքելական եկեղեցու հավատավորների շարքերը խարխլող բողոքականների
«դուստր ձեռնարկությունների» ղեկավարների հետ: Ըստ հայ եկեղեցականների, Հայաստանում
տարբեր անվանումների տակ գործող աղանդավորական կազմակերպությունները մտնում են կրթօջախներ
եւ կասկածելի բովանդակությամբ գրականություն բաժանում: Սեփական նախաձեռնությամբ ակումբին
հյուրընկալված Ալեքսանդր Ամարյանը («Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական
եւ օգնության կենտրոնի» նախագահ) տեղեկացրեց, որ ներկայում Հայաստանում գրանցված
է նմանատիպ 57 կազմակերպություն, սակայն մենք չունենք մի կառույց, որը ուսումնասիրի
դրանց գործունեությունը: Նա քահանաներին հորդորեց խնդիրը լուծելու համար չխուսափել
աղանդավորների հետ հանդիպումից: Նաեւ տեղեկացրեց, որ իր ղեկավարած կազմակերպությունը
իրավական, սոցիալական, հոգեբանական օգնություն է ցույց տալիս աղանդներից տուժածներին
եւ հիշեց իրենց ուղղված դիմումներից մեկը, երբ աղջիկը ամուսնացել է հայ երիտասարդի
հետ եւ մոլոկան հայրը աղջկան պատժելու համար նրան մեղադրել էր տնից գողություն անելու
մեջ: Մի քանի դեպք էլ հիշեց, երբ 12-ամյա աղջիկը ինքնասպանություն էր գործել: Նրանց
տանը ոչ մի խաղալիք չէր հայտնաբերվել, միայն կրոնական գրականություն: Ալ.
Ամարյանը հրապարակեց ԱՄՆ դեպարտամենտի վերջին տվյալները, համաձայն որոնց՝ Հայաստանում
այժմ կա 300-350 հազար աղանդավոր: Նրանցից առաջինը Հայաստանում է հայտնվել 1975թ.:
Բանախոսը նաեւ զարմանք հայտնեց, թե ինչու են մեզ մոտ գրանցում կազմակերպությունների,
ինչը արգելված է Եվրախորհրդի անդամ երկրներում: Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին
հարց ուղղվեց, թե ինչո՞ւ ավելի ակտիվ չեն պայքարում այդ չարիքի դեմ: Ասացին, որ եկեղեցին
պետք է հզորանա, ինչի համար ժամանակ է պետք: Իսկ որպես ակտիվ հակագործունեություն,
քահանաներից մեկն ասաց, որ սովորաբար Զատիկի տոնի կապակցությամբ տնօրհնեքի արարողություն
պետք է արվի ծխի անդամների տներում: Բայց եղել է դեպք, երբ քահանան տնօրհնեքի արարողություն
է կատարել մեկի տանը եւ տանտիկնոջ ամուսինը ընդդիմացել է: Քահանան ավելացրեց, որ
աղանդավորության շրջանում ուսումնասիրություններ կատարելու համար եկեղեցականը չի
կարող հավատափոխ լինել եւ մտնել նրանց շարքերը, դրանով պետք է զբաղվի ԱԱԾ-ն, քանի
որ դա ազգի անվտանգության խնդիր է: ԱԱԾ-ում մինչեւ 1991թ. գործել է աղանդավորության
դեմ պայքարի 5-րդ վարչությունը, որն այսօր չկա: Տեր Մխիթարը ներկաների ուշադրությունը
հրավիրեց այն հանգամանքին, որ աղանդավորները Հայաստան են եկել մեր դիակների (երկրաշարժ,
պատերազմ) վրայով՝ բարեգործական եւ այլ կազմակերպությունների անվան տակ: Բանախոսը
հայտարարեց, որ իրենք Հայաստանում չունեն քույր եկեղեցի՝ «մենք ենք մեր քույրը»:
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել