Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԱՐՎԵՍՏԸ՝ ԴԵԳՈՒՍՏԱՑԻԱՅԻ ՆՅՈՒԹ

Ապրիլ 20,2006 00:00

Ըստ
Տիգրան Մանսուրյանի, դասական գործերը այս չափաբաժնով են հրամցվում Օրերս Մյունխենում
թողարկվել է Չարենցի 10 բանաստեղծությունների հիման վրա կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի
«Ars Poetica» չորսմասանի երգչախմբային կոնցերտը: Ըստ մեր տեղեկությունների, շուտով
Իտալիայի Բերգամոյի միջազգային փառատոնում կհնչի հիշյալ ստեղծագործությունը Հայաստանի
պետական կամերային նվագախմբի, կամերային երգչախմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար՝
Ռոբերտ Մլքեյան): Արտերկրում համերգային հայտագրերում ավելի հաճախ հանդիպող
Մանսուրյան ազգանունը դեֆիցիտ է հայաստանյան երաժշտական կյանքում: Ասվածը հիմնավորելու
համար տեղեկացնենք, որ 2005թ. ընթացքում ճանաչված կոմպոզիտորի ստեղծագործությունները
հայրենիքում հնչել են ընդամենը երկու անգամ՝ Գերմանիայից ժամանած «Ռոզամանդե» քառյակի
եւ Մերուժան Սիմոնյանի ղեկավարած կամերային նվագախմբի մեկնաբանմամբ: Հանդիպեցինք
ճանաչված կոմպոզիտորին: Հայրենիքում «հյուրի» կարգավիճակում գտնվող կոմպոզիտորից
խնդրեցինք իր տեսակետը հայտնել մի խնդրի շուրջ. «Ի վերջո, ի՞նչ է լինելու հայ դասական
արվեստի հետ (նկատի ունենք հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հազվադեպ կատարումները
Հայաստանում- Ս. Դ.), ո՞ւմ մեղադրել ստեղծված վիճակի համար կամ ումի՞ց պահանջել դասական
երաժշտության հանդեպ պատշաճ վերաբերմունք»: Ըստ Մանսուրյանի, մեզանում հայ
կոմպոզիտորների արվեստը կարծես դարձել է «դեգուստացիայի» նյութ. «Հատուկենտ լինում
է անդրադարձ կոմպոզիտորների երկերին եւ այդքանով համարվում է, որ տվյալ հեղինակի
գործը հնչեց, ու վերջ: Մինչդեռ, ցանկացած ստեղծագործություն, նույնիսկ բարձրարվեստ,
ուզում է ոչ թե մեկանգամյա, այլ պարբերաբար հնչել: Միայն այդ դեպքում երկը կհասնի
երաժշտասերին: Իսկ տարբեր քննարկումներ, օրինակ՝ մամուլով եւ հեռուստատեսությամբ,
այսօր թեմա են դարձրել միայն փոփ արվեստը»: Արվեստագետը վստահեցնում է, որ մեր կյանքը
էստրադայնացված է. «Կյանքի գոյության մեր տեսակը շոուն է՝ բոլոր բնագավառներում,
ինչի միջոցով մարդիկ պարզապես հանդիպում են միմյանց, ճշտումներ կատարում, հարցեր
լուծում եւ այս տեսակը մուտք է գործել անգամ պառլամենտ»: Ըստ կոմպոզիտորի, մեր պատկերացումները
բարձրակարգ երաժշտության մասին անտեղյակության հիմքի վրա են կառուցված. «Օրինակ,
գրականության մեջ տարբերում ենք գեղարվեստական գրականությունն ու լրագրությունը:
Դրանց համար կան տարբեր միություններ: Կամ՝ նկարիչները ճանաչվում են իրենց կտավներով,
կան նաեւ հագուստի նկարիչներ, որոնց անվանում ենք դիզայներներ: Չգիտես ինչու, թվարկածս
բնագավառներում ամեն ինչ ճիշտ ընդունում ու ընկալում ենք, ինչի հետ չենք կարողանում
համակերպվել երաժշտության բնագավառում: Մարդիկ, ովքեր նոտա չգիտեն, երգեր են գրում
ու հռչակվում կոմպոզիտորներ: Մեզանում չափանիշների համակարգ գոյություն չունի կամ
վերացել է»: Արվեստագետը չի ուզում մեղավորներ փնտրել եւ ինչ-որ անուններ
տալ, միայն ժամանակ առ ժամանակ կրկնում է, որ հասարակության տարբեր շերտերում կարելի
է հանդիպել տարբեր տարօրինակությունների, ուստի չես կարող ինչ-որ մեկին մեղադրել:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց ԱՄՆ-ում տեղի ունեցած մի արտառոց դեպքի մասին.
«Նյու Յորքի սիմֆոնիկ նվագախմբերից մեկը ձայնագրել էր սիմֆոնիա, ու դիրիժորը, որ
ղեկավարել էր նվագախումբը, նոտաճանաչ չի եղել: Դրա փոխարեն, մեծահարուստ է եղել ու
այնքան է սիրել այդ սիմֆոնիան, որ անգիր էր արել այն: Նա պարզապես վճարել է նվագախմբին,
հնչունային ռեժիսորին ու CD արտադրող ֆիրմային: Պատկերացնո՞ւմ եք, մարդիկ իմանալով
այս պատմությունը, գնում էին CD-ն: Սա ինչի համար պատմեցի՝ որ դասական արվեստում,
ցանկության դեպքում էլ, կարելի է շոու կազմակերպել: Իհարկե, երաժշտասերը գնում է
CD-ն, իմանալով, որ դա ոչ թե մասնագիտական, այլ սիրողական մակարդակի է: Երբ պրոֆեսիոնալի
ու սիրողականի տարբերությունը չկա կամ չեն ուզում տարբերակել, դա արդեն սարսափելի
է»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել