Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎՔԵ՞Ր ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ

Ապրիլ 20,2006 00:00

ԳԱԱ
նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսի 17-ին Երեկ Գիտությունների
ազգային ակադեմիայի նախագահությունը հրավիրել էր նիստ՝ որոշելու ԳԱԱ նախագահի ընտրության
օրը: Նիստը փակ էր, լրագրողներին չէին թողնում անգամ մոտենալ նիստերի դահլիճի դռներին:
Մեզ հաջողվեց, սակայն, պարզել, որ ԳԱԱ նախագահությունն արդեն ունի թեկնածուների որոշակի
շրջանակ, որոնց հարցը կքննարկվի առաջիկայում: Այս մասին նիստից հետո նախագահության
անդամները չցանկացան խոսել: Լենսեր Աղալովյանը ասաց, որ թեկնածուների մասին
լուրերը միայն խոսակցությունների մակարդակով են, եւ ամեն ինչ կպարզվի ընտրության
օրը՝ մայիսի 17-ին: Թեկնածուներն առաջադրվում են ժողովի մասնակիցների կողմից, ընտրությանը
մասնակցում են ակադեմիկոսներն ու թղթակից անդամները: Իսկ ընդհանուր առմամբ, ԳԱԱ նախագահությունը
նպատակ ունի դիմել կառավարությանը եւ ԱԺ-ին՝ ԳԱԱ կանոնադրության եւ «Գիտության եւ
գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու առաջարկով,
որի համաձայն ԳԱԱ նախագահը կընտրվի 2 ժամկետով, եւ նախագահի ընտրություններին էլ
կմասնակցեն նաեւ ինստիտուտների այն տնօրենները, ովքեր թղթակից անդամ կամ ակադեմիկոս
չեն: Սակայն սա հետագայի գործ է, մինչեւ գալիք ընտրություններ այս փոփոխությունները
իշխանության մարմինները չեն հասցնի իրականացնել: Եվ երեկվա նիստում Լ. Աղալովյանը
առաջարկել է, որ գոնե այս անգամ յուրաքանչյուր ինստիտուտից մի ներկայացուցիչ՝ ընտրված
գիտխորհրդի կողմից, գոնե խորհրդակցական ձայնով հանդես գա ընտրություններին: Այսինքն՝
ելույթներ ունենան, կարծիքներ հայտնեն՝ առանց քվեարկությանը մասնակցելու: «Այս օրերին
ԳԱԱ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Համբարձումյանը բաժանմունքների տնօրենների հետ
անցկացնում է խորհրդակցություններ, որտեղ քննարկվում է այն շրջանակը, որտեղից կարող
են ընտրվել պրեզիդենտի թեկնածուները»,- ասաց պրն Աղալովյանը: Նա դեռ չի որոշել՝ արդյոք
ծրագիր կներկայացնի՞, եթե խորհրդակցություններում ու զրույցներում իր անունն էլ շոշափվի:
Իսկ մեր տվյալներով, նրա անունն արդեն իսկ կա թեկնածուների շրջանում: Ինչպես նաեւ՝
Էդուարդ Ղազարյանինը, Ռադիկ Մարտիրոսյանինը, Յուրի Սարգսյանինը, Երեւանի հաշվողական
մեքենաների ինստիտուտի (Մերգելյանի ինստիտուտ) տնօրեն Ռոմիկ Աթոյանինը, ում անունը
ստվերում է պահվում եւ ով Ֆ. Սարգսյանի նախընտրած թեկնածուն է, թեեւ վերջինս այս
մասին բարձրաձայն չի ասում: Նիստից հետո Ֆադեյ Սարգսյանը որեւէ կարծիք չհայտնեց թեկնածուների
մասին, միայն ասաց, որ նշվող անուններից բոլորն էլ մոտ են ակադեմիային, կառավարությունն
էլ այս պահին որեւէ նախընտրած թեկնածու չունի: Մեր հարցին, թե ինչպես է զգում նա
իր նոր պաշտոնում, ասաց. «Ինչքան եմ աշխատել որ… լավ եմ զգում»: Մոլեկուլյար
կենսաբանության ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Ղարագյոզյանը երեկ առիթը բաց չթողեց՝
լրագրողների մոտ դեմ արտահայտվելու որոշ թերթերում (անուններ չենք նշում) արտահայտված
կարծիքին, թե Հայաստանում չկան այնպիսի գիտնականներ, որոնց աշխարհում ճանաչում են
եւ որոնք կարող են դառնալ ԳԱԱ նախագահ: «Դա գոնե պետք է ասի մի խոշոր գիտնական, եւ
ոչ՝ թղթակիցը. դա անհանդուրժելի է»: Պրն Ղարագյոզյանը, իր իսկ խոսքերով, հիմա խմորումների
մեջ է եւ չի կարող ասել, թե ում է տեսնում ԳԱԱ նախագահի պաշտոնում: Իսկ ինքը կհրաժարվի,
եթե առաջադրվի, քանի որ համարում է, որ ԳԱԱ նախագահը պետք է լինի հնարավորինս երիտասարդ:
Անրի Ներսիսյանը կարծում է, որ Ֆ. Սարգսյանի հրաժարականին նախորդած իրադարձությունները՝
կապված իր առաջադրած մեղադրանքների հետ, անկասկած իրենց ազդեցությունը կունենան գալիք
ընտրություններում. «Ազդեցություն կունենա այն առումով, որ ընտրելիս այդ խումբը,
թայֆան ավելի պակաս շանսեր կունենա»: Խոսքը ակադեմիկոս քարտուղարների եւ, այսպես
կոչված, բյուրոյի անդամների մասին է, որի կազմի մեջ են նաեւ Էդվարդ Ղազարյանը, Յուրի
Շուքուրյանը, ում անուններն այս օրերին շրջանառվում են իբրեւ թեկնածուներ: Եվ եթե
նրանցից որեւէ մեկի թեկնածությունն առաջադրվի, Անրի Ներսիսյանը հանդես կգա ելույթով:
Մեզ հետ զրույցում պրն Ներսիսյանն ասաց, որ նրանցից ոչ մեկն առաջադրվելու բարոյական
իրավունք չունի, քանի որ իր առաջադրած մեղադրանքներն ուղղված են ոչ միայն Ֆադեյ Սարգսյանին,
այլեւ ԳԱԱ ողջ նախագահությանն ու բյուրոյին: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել