Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրմուղը հեղեղատարի փող չունի

Ապրիլ 20,2006 00:00

Իսկ քաղաքապետի հրամանը կառուցապատողների վրա չի ազդում

Նախօրեին տեղացած անձրեւը կրկին անանցանելի էր դարձրել Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք եւ Ավան համայնքներն իրար կապող կամրջին հարող ճանապարհահատվածը: Այդ տարածքում կրկին գետ էր գոյացել: 9.00-ի սահմաններում ավտոմեքենաները չէին կարողանում առաջ շարժվել, ինչի հետեւանքով մեծ խցանումներ էին առաջացել: Մի քանի մեքենա հենց փողոցի մեջտեղում փչացել էր, իսկ նյարդայնացած վարորդները ջրի մեջ կանգնած՝ թեւքերն ու շալվարները «քշտած» փորձում էին անսարքությունը վերացնել:

Մի քանի օր առաջ «Առավոտն» անդրադարձել էր այս խնդրին, սակայն քանի որ վերջին օրերին եղանակն անձրեւային չէր, քաղաքային իշխանություններն ականջի հետեւ են գցել ու ոչ մի քայլ չեն ձեռնարկել: Բանն այն է, որ կամրջի երկու ուղեանցումներում հեղեղատարները խցանված են եւ չեն մաքրվում: Հեղեղատարի մաքրման աշխատանքները Երեւանի «Ջրմուղ-կոյուղու» գործն է, եւ քանի որ խցանված հատվածը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն համայնքում, ապա մաքրման աշխատանքները «Ջրմուղ-կոյուղու» այդ համայնքի մասնաճյուղը պետք է կատարի: Ընկերության Քանաքեռ-Զեյթուն համայնքի մասնաճյուղի տնօրեն Գրիշա Տերյանի պարզաբանմամբ, «Հեղեղատար ցանցի վրա նոր օբյեկտներ են կառուցվել, եւ շինարարության ընթացքում ցանցը վնասվել է: Այլեւս չարժե հին հեղեղատարի վրա փող ծախսել, իրենք նոր նախագիծ են մշակել՝ այդ հատվածում նորը կառուցելու համար: Նոր հեղեղատարների տեղադրումը մեծ ծախսերի հետ է կապված եւ մեր մասնաճյուղն ի վիճակի չէ այդ հարցը միայն իր ուժերով լուծել: Խողովակները Ռուբինյանց փողոցից մինչեւ Մյասնիկյան փողոց պետք է փոխվեն, որի համար հսկայական գումարներ են հարկավոր, որոնք պետք է հատկացնի մեր վարչությունը: Այդ հատվածի հարեւան համայնքների ղեկավարներին վթարային իրավիճակի մասին եւս տեղյակ ենք պահել, նրանք նույնպես պետք է աջակցեն, որ հարցը լուծվի: Ձմռանը վիճակը շատ ավելի լուրջ էր, ստիպված ժամանակ առ ժամանակ հերթապահություն էինք սահմանում՝ ջուրը հեռացնելու համար, քանի որ վտանգ կար հարակից օբյեկտները քշել-տանելու»:

Հիշեցնենք, որ քաղաքապետը որոշում էր կայացրել մայրաքաղաքի գլխավոր հեղեղատարի՝ Գետառի վրա որեւէ շինություն չկառուցել: Սակայն թե նշյալ հասցեում, թե Գետառի՝ Արցախ-Ռոստոմյան խաչմերուկի մոտով անցնող հատվածում մի շարք շինություններ կան, որոնք հորդառատ անձրեւների դեպքում կարող են ավերակների վերածվել:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել