Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՏԱՐՎԵԼ ԵՆ ԻՐԱԿԱՆԻՑ ՑԱԾՐ ԱՐԺԵՔՈՎ

Ապրիլ 20,2006 00:00

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը 2001-2003 թթ. մասնավորեցման ծրագրի կատարման հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատի ուսումնասիրություններն ուղարկել էր գլխավոր դատախազին: Ստացվել է դատախազության պատասխանը:

Բավական ծավալուն այդ պատասխանում մասնավորապես նշված է, թե գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն ուսումնասիրել է մասնավորեցման ծրագրի ցանկում չընդգրկված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման (2001-03 թթ.) վերաբերյալ ԱԺ վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ նշված հարցադրումները:

Կատարված ուսումնասիրություններով պարզվել է. «Որպես կանոն, վաճառվող գույքը ներկայացվել է գնահատման «Ընկերությունների աջակցման եւ պետական գույքի գնահատման գործակալություն» ՊՌԱԿ-ին: Վերջինս, խախտելով ՀՀ կառավարության 1994թ. փետրվարի 25-ի թիվ 92 որոշման 1-ին կետը՝ սահմանել է ոչ թե գույքի մեկնարկային գինը, այլ իրականացրել է գնահատում «հաշվեկշռային մեթոդով»: Ավելին, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գնահատումը կրել է ձեւական բնույթ: Օտարումները կատարվել են այլ գներով»: Նշված են օրինակներ՝ «Սապֆիր» ՓԲԸ-ին պատկանող «Ծաղկաձորի» հանգստյան գոտին՝ 814, 92քմ մակերեսով շինությունը եւ 0,22 հա զբաղեցրած հողատարածքը 3 մլն դրամով վաճառվել է Տիգրան Պետիկյանին: Գույքի գնահատված արժեքը եղել է 908 մլն դրամ, այն դեպքում, երբ կառավարության 2001թ. հուլիսի 31-ի թիվ 695 որոշմամբ հաստատված կարգով՝ «դրա նվազագույն արժեքը կկազմեր 8149,2 դոլար»: Դարձյալ «Սապֆիրին» պատկանող Երեւանում գտնվող 3000 քմ մակերեսով պահեստային շենքը 6 մլն դրամով օտարվել է Լիդա Մարգարյանին. «Ընդ որում, պահեստի գնահատված արժեքը եղել է 35,595 մլն դրամ, սակայն գնորդը վճարել է գնահատված արժեքի ընդամենը 16,8 %-ը»: Ըստ դատախազության՝ 2 դեպքում էլ խախտվել են կառավարության 1994թ. փետրվարի 25-ի որոշման պահանջները:

Նույնաբնույթ խախտումներ են արձանագրվել նաեւ Երեւանի թիվ 1 մանկական պոլիկլինիկային պատկանող 4246,5 քմ մակերեսով եւ 18.771,42 հազ. դրամ գնահատված արժեքով շենքը կառավարության 2002թ. մարտի 29-ի որոշմամբ ուղղակի վաճառքի ձեւով 7.500.000 դրամով (մեկ քմ-ի համար վճարել է շուրջ 1800 դրամ կամ 3,5 դոլար) «Մետրոպոլ» ՍՊԸ-ին օտարելիս: «Հատկանշական է, որ ցածր գնահատելու նախապայմաններից է եղել այն հանգամանքը, որ շենքը «գտնվում է անմխիթար, խարխուլ վիճակում» եւ գնորդը «շենքը գնելու դեպքում պարտավորվում է այն վերակառուցել՝ ներդնելով մոտ 500.000 դոլար»: «Նման բացատրությունը չէր կարող իրավական հիմք ծառայել գույքը գնահատված արժեքից ցածր վաճառելու համար,- նշված է դատախազության պատասխանում,- բացի այդ, գնորդի կողմից իր համար շահույթ ստանալու նպատակով կատարված ներդրումը բավարար չէ պետական սեփականություն հանդիսացող գույքը գնահատված կամ հաշվեկշռային արժեքից պակաս վաճառելու համար»:

Երեւանի «Սեբաստիա» հյուրանոցի 4032 քմ մակերեսով եւ 178.541,7 հազ. դրամ գնահատված արժեքով շենքը կառավարության 2002թ. ապրիլի 1-ի որոշմամբ ուղղակի վաճառքի ձեւով 25 հազար դոլարին համարժեք դրամով (1քմ՝ 6,3 դոլար) օտարվել է «Սեբաստիա» հյուրանոց» ՍՊԸ-ին՝ հյուրանոցում բնակվող փախստական 33 ընտանիքներին համարժեք տարածքով ապահովելու կամ դրամական փոխհատուցում տալու պայմանով. «Հիշատակված խախտումների հետեւանքով շուրջ 160 մլն դրամ գումար պակաս է վճարվել պետական բյուջե»:

Երեւանի Կորյունի 10 հասցեում գտնվող Բժշկական ուսումնարանի շենքը կառավարության որոշմամբ ուղղակի վաճառքի ձեւով, 100 հազար դոլարով օտարվել է «Հայկ-Արա» ՍՊԸ-ին՝ 3 տարում 74 մլն դրամ ներդնելու եւ 5 տարի ժամանակով շենքն անհատույց ուսումնարանին տրամադրելու պայմանով: «Հարկ է նշել, որ թեեւ օտարվող շենքը համարվել է վթարային, սակայն այնտեղ ուսումնական գործընթացը չի դադարեցվել առ այսօր»,- պարզել է դատախազությունը:

Մեկ այլ դեպքում՝ կառավարության 2003թ. օգոստոսի 8-ի որոշմամբ 100 հազար դոլարով, ուղղակի վաճառքով, «Սպեյշլթի» այ քեըր» բժշկական կենտրոնին է օտարվել Մոսկովյան 15 հասցեում գտնվող 1134,3 քմ մակերեսով եւ 109.495,2 հազ. դրամ արժեքով «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների գործակալություն» ՓԲԸ-ի շենքը: Օրինակները բազմաթիվ են:

Դատախազությունը նշել է, որ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը, որ պարտավոր է եզրակացություն տալ կառավարությանը մասնավորեցման հարցերի շուրջ՝ մի շարք դեպքերում անհամաձայնություն հայտնելով նման ձեւով ու գնով գույքի օտարմանը, տարակուսանք է հայտնել, որ մի դեպքում պետական կազմակերպությունների կարիքների համար Պետական գույքի կառավարման վարչությունը շենքեր չի տրամադրում, իսկ մեկ այլ դեպքում՝ պետական շենքերը ցածր եւ արտոնյալ գներով՝ օտարում է մասնավոր անձանց: «Վարչության նման մոտեցումը պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման գործընթացում ՀՀ պետբյուջեին զգալի վնաս է պատճառել, քանի որ անշարժ գույքը գնահատվել ու օտարվել է իրական (միջին շուկայական) արժեքից ակնհայտ պակաս արժեքով»,- նշել է դատախազությունը:

Սակայն ձեռնարկված միջոցները միայն հետեւյալն են. «Բացահայտված խախտումների պատճառներն ու դրանց կատարմանը նպաստող պայմանները վերացնելու, այդպիսիք հետագայում բացառելու նպատակով միջնորդագիր է ներկայացվել Պետական գույքի կառավարման վարչություն: Ուսումնասիրության արդյունքներով հաղորդում է ներկայացվել ՀՀ վարչապետին»:

Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել