Լրահոս
Օրվա լրահոսը

Արդուզարդ՝ պահակախմբի համար

Ապրիլ 20,2006 00:00

Երբեմն զավեշտներ կարելի է հայտնաբերել՝ ընթերցելով օրինագծերը

Ցավոք, մեր խորհրդարանում հատուկենտ են այն պատգամավորները, որոնք կարդում են օրենքների նախագծերը: Նրանցից մեկն «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանն է, որն ընթերցելով «ՀՀ զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախաձեռնությունը՝ բացահայտել էր, որ այն նախատեսում է լրացում, ըստ որի՝ պահակախմբի անձնակազմի ընդհանուր սենյակում պետք է լինեն ոչ միայն զինվորական երդման տեքստով պլակատ, շախմատ ու շաշկի, աղբազամբյուղներ, այլ օրենքով նաեւ նախատեսվում է.

«Պահարան՝ պահակախմբի անձնակազմի անձնական իրերի եւ արդուզարդի պիտույքների համար»:

Իր այս բացահայտման մասին նա բարձրաձայնեց անցած քառօրյայում օրենքի քննարկման ընթացքում: Դրան լրագրողներն այլեւս չէին մասնակցում. օրինագիծը ներկայացվեց սեփականաշնորհման շուրջ եռօրյա բանավեճերից հետո, օրվա վերջում: Վիկտոր Դալլաքյանն այս արդուզարդի խնդիրը պարզաբանելու նպատակով հարց էր ուղղել օրինագիծը ներկայացնողին՝ պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանին. «Միգուցե խոսքը շրթներկի, ստվերաներկի եւ դիմափոշո՞ւ մասին է, որոնք պետք է տեղավորվեն այդ պահարանում: Առանց այդ էլ, քանի որ Հայաստանը Եվրախորհրդի անդամ է՝ զինվորների մոտ կարող են առաջանալ այլ ասոցիացիաներ: Հասկանում եմ, որ կարող են կանայք լինել պահակախմբում: Բայց բանակի հիմնական մասը տղամարդիկ են: Կարող եք ուղղակի գրել, թե պահարանը նախատեսվում է անձնական իրերի համար»: Արթուր Աղաբեկյանը ընդունելի է համարել առաջարկը եւ խոստացել հանել արդուզարդի մասին հիշատակումն օրենքից:

Նույն ժամին քննարկվել է նաեւ «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախաձեռնությունը, որով նախատեսվում է հետեւյալ լրացումը. «Կին զինծառայողներին դիմելու դեպքում նրանց կոչում են զինվորական կոչումով եւ ազգանունով, կամ միայն կոչումով կամ ազգանունով՝ ավելացնելով «տիկին» կամ «հարգելի» բառերը: Օրինակ՝ «ենթասպա՛ Մինասյան», «լեյտենա՛նտ Կարապետյան» կամ «տիկի՛ն Մինասյան», «տիկի՛ն Կարապետյան», կամ «տիկի՛ն ենթասպա», «տիկի՛ն կապիտան» եւ այլն»: Վիկտոր Դալլաքյանն այս լրացման կապակցությամբ հարց է ուղղել Արթուր Աղաբեկյանին. «Իսկ եթե այդ անձնավորությունն օրիորդ է, եւ նրան ասում են՝ տիկին, ինքն ինչպե՞ս պիտի վարվի դիմողի հետ: Եվ ընդհանրապես՝ բանակում ինչպե՞ս է կանոնակարգվում օրիորդից-տիկին կամ տիկինից-օրիորդ գործընթացը»: Պաշտպանության փոխնախարարը պատասխանել է. «Մենք հանգամանորեն քննարկել ենք այդ հարցը»: «Արդարություն» խմբակցության քարտուղարը փորձել է ճշտել՝ «Օրիորդից տիկին սարքելո՞ւ, թե՞ հակառակը» ու արձանագրել, որ այս օրենքի ընդունումից հետո եթե հանկարծ մեկին դիմեն «օրիորդ» դիմելաձեւով՝ կարող է պատասխանատվության կանչվել կանոնագիրքը խախտելու համար: Եվ՝ հակառակը:

Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել