Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԱԺ-Ն ՀՍՏԱԿԵՑՆՈՒՄ Է ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Ապրիլ 20,2006 00:00

Ըստ
ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի՝
այս խնդիրն են լուծելու ապրիլի 21-ին անցկացվելիք Ղարաբաղի խնդրով լսումները: –
Ձեր հանձնաժողովի նախաձեռնած լսումները հրատապ էին մինչ Ռամբույեի հանդիպումը, երբ
միջնորդները հույս էին հայտնում, որ 2006-ին պետք է լուծվի ղարաբաղյան հարցը: Իսկ
այժմ լսումները փոքր-ինչ ժամանակավրե՞պ չեն, երբ կարգավորման գործընթացում կարծես
չկա որեւէ տեղաշարժ: – Չեմ կարծում, թե ժամանակավրեպ են, կամ լսումները կարող
են խանգարել բանակցային գործընթացին: Ընդհակառա՛կը: Մենք այս լսումները չենք պայմանավորում
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ ընթացող բանակցությունների որեւէ զարգացմամբ:
Մենք լսումները պայմանավորում ենք այն անհրաժեշտությամբ, որ ԼՂՀ Ազգային ժողովում
ներկայացված քաղաքական ուժերը փորձեն այս միջոցով գալ ղարաբաղյան կարգավորման սկզբունքների
շուրջ ընդհանուր համաձայնության: – Հայաստանի խորհրդարանից մեծ պատվիրակություն
է մասնակցելու այս լսումներին: Սակայն նրանց շարքում կարծես չկան բանակցությունների
մանրամասներին լավատեղյակ անձինք, որոնք կարող էին ճշգրիտ պատասխաններ տալ լսումների
մասնակիցների հարցերին: – Կարծում եմ, որ Հայաստանի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների
հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն այս առումով բավական իրազեկ անձնավորություն
է, քանի որ նաեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության
անդամ է: Նա լսումների ընթացքում կներկայացնի բանակցային գործընթացի շուրջ Հայաստանի
ԱԺ-ի արտաքին հարաբերությունների տեսակետը եւ կանդրադառնա այն զարգացումներին, որոնց
ինքը մասնակցել է որպես ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամ: Պատվիրակության կազմում
է նաեւ Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, որը Դարթմունդյան
վեհաժողովի ձեւաչափում ներկայացնում է հայկական կողմը: Կարծում եմ, պրն Սարգսյանն
էլ կունենա որոշակի ասելիք: – Նախապես տեղեկատվություն տարածվեց, թե լսումներին
մասնակցելու է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Ի՞նչը խոչընդոտ դարձավ,
որ պրն Օսկանյանը չմասնակցեց լսումներին: – Չեմ կարծում, թե նախապես որոշված
էր, որ Հայաստանի արտգործնախարարը պետք է մասնակցի: Համենայնդեպս՝ մենք չենք ունեցել
այդպիսի հստակ արտահայտված մտադրություն: Վարդան Օսկանյանը պարզապես հրավիրված չէ
այս լսումներին: Թեեւ որեւէ խոչընդոտ էլ չկա նրա մասնակցության համար: Լսումների
ընթացքում բանակցային գործընթացի շուրջ տեղեկատվությամբ հանդես կգա ԼՂՀ արտգործնախարարը:
– Ի՞նչ փաստաթուղթ եք նախատեսում ընդունել այս լսումների արդյունքում: –
Ամենայն հավանականությամբ՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերը, խումբ-խմբակցությունները
հանդես կգան համատեղ հայտարարությամբ, որի նախագիծն արդեն համաձայնեցված է «ՀՅԴ-Շարժում-88»
դաշինքի պատգամավորական խմբի, «Հայրենիք» եւ «Ժողովրդավարություն» խմբակցությունների
միջեւ: – Հայտարարության մեջ արտացոլվա՞ծ է այն մոտեցումը, որ փետրվարին հրապարակեց
ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Այն է՝ Հայաստանը պետք է դուրս գա բանակցություններից
եւ իր տեղը զիջի Ղարաբաղին: – Նախ ճշտենք, որ ԼՂՀ նախագահը չի հնչեցրել նման
միանշանակ գնահատական: (Հիշեցնենք, որ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում
Արկադի Ղուկասյանը համոզմունք էր արտահայտել, թե բանակցային գործընթացին Ղարաբաղի
միանալու միայն մեկ ձեւ կա՝ Հայաստանը պետք է հրաժարվի բանակցել Ադրբեջանի հետ. «Քանի
դեռ Հայաստանը խոսում է Ադրբեջանի հետ առանց Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանը չի համաձայնի
բանակցել Ղարաբաղի հետ».- Ա. Ի.): Եվ երկրորդ՝ ո՛չ: Չեմ կարծում, թե մենք պետք է
այժմ փորձենք ԼՂՀ Ազգային ժողովի մակարդակով ինչ-որ բան հուշել Հայաստանին: Մենք
ներկայացնելու ենք մեր դիրքորոշումը: – Ձեր գնահատմամբ՝ այս միասնական հայտարարությունը
որեւէ անդրադարձ կունենա՞ բանակցային գործընթացի եւ կողմերի դիրքորոշումների վրա:
– Մենք այդպիսի նպատակ մեր առջեւ չենք դրել, որ ազդենք բանակցային գործընթացի
վրա: Ընդգծում եմ՝ մեր նպատակը մեկն է. խորհրդարանում այժմ ներկայացված քաղաքական
դիրքորոշումների համաձայնեցում այն սկզբունքների շուրջ, որոնք մեզ համար ընդունելի
են կարգավորման բանակցային գործընթացն առաջ տանելու համար: Հարցազրույցը
վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել