Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանող

Ապրիլ 19,2006 00:00

Ուսանող տնօրենն ընտրում է մասնագետներին Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Լուսինե Գրիգորյանին երկու տարի առաջ ոչ մասնագետ լինելու պատճառաբանությամբ աշխատանքից ազատել են: Օպտիմալացված ուսուցչուհին բողոքով դիմել է ԿԳ նախարարություն, որպեսզի դպրոցի տնօրենի որոշումը վերանայեն, քանի որ վերջինս «ոչ թե ոչ մասնագետներից է ազատվում, այլ փոխարենն իր բարեկամներին է տեղավորում աշխատանքի»,- «Առավոտին» պատմեց Լ. Գրիգորյանը: Նախարարության հանրակրթության վերահսկողության բաժնի աշխատակիցներն ահազանգի հետքերով գնացել են եւ պարզել, որ դիմումատուի նամակում նշված փաստերն իրականությանը համապատասխանում են. «Կոտայքի մարզպետարանի կրթության բաժնի հետ ուսումնասիրել ենք եւ պարզել, որ Լուսինե Գրիգորյանի՝ աշխատանքից ազատման հրամանը (01. 09. 2004թ.) հակասում է աշխատանքային օրենսդրությանը»,- գրում են նախարարության վերահսկիչները: Այս փաստաթուղթը ուղարկվել է նաեւ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանին, որպեսզի նա ուսուցչուհուն՝ աշխատանքում վերականգնելու հարցում հետեւողական լինի եւ միջոցներ ձեռնարկի դպրոցի հետագա գործունեությունը կանոնակարգելու ուղղությամբ: Սակայն մինչ օրս ոչինչ չի փոխվել: Նրան այդպես էլ աշխատանքի չեն վերականգնում: «Պատճառաբանում են, թե մասնագետ չեմ, բայց դպրոցի տնօրենն ինքն էլ լիարժեք մասնագետ չէ: Նա դեռ մանկավարժական համալսարանի ուսանող է եւ դիպլոմ չունի»,- կրթական չինովնիկներին ասում է Լ. Գրիգորյանը: Իսկ Աղավնաձորի դպրոցի նորընտիր տնօրեն Ռուդիկ Աղամալյանին պաշտոնն անցել է աներոջից, որը թոշակի անցնելու պատճառով պաշտոնաթող է եղել, սակայն այժմ նույն դպրոցում փոխտնօրեն է: Այս դպրոցի տնօրենի ընտրությունները եւս կասկածելի պայմաններում են անցել. ներկա չի եղել նախարարության փորձագետը: Օպտիմալացման անվան տակ, բացի Լ. Գրիգորյանից, 6 ուսուցչի էլ են ազատել, բայց միաժամանակ 10 հոգու ընդունել աշխատանքի. «Ես 14 տարվա մանկավարժական փորձ ունեմ: Նոր ընդունված ուսուցիչները տասնավարտ են եւ աշխատանքի անցնելուց հետո են միայն բուհ ընդունվել: Տնօրենը հարեւան գյուղերից իր ծանոթ-բարեկամներին է աշխատանքի տեղավորել եւ, աշխատավարձից բացի, 20 հազար դրամ էլ ճանապարհածախս է տալիս, ինչը դպրոցի համար ֆինանսապես ձեռնտու չի, իսկ նրանք, ում ազատել է՝ Աղավնաձոր գյուղի բնակիչներ են»: Դպրոցում լարված իրավիճակը հարթելու նպատակով ծնողները դիմել են մարզի կրթության վարչության պետ Հովհաննես Կոստանյանին, սակայն վերջինս ասել է, որ ոչինչ անել չի կարող: Այս ամենի հետեւանքով ծնողներից ոմանք երեխաներին տեղափոխել են Հրազդան քաղաքի դպրոցներ, ինչը եւս հաստատեց Աղավնաձորի գյուղապետ Արթուր Մնացականյանը. «Վեց երեխա գնացել է, այդ թվում եւ իմ երեխաները»: Մեզ հաջողվեց խոսել միայն գյուղապետի հետ: Պատրաստ ենք տպագրել նաեւ դպրոցի տնօրենի պարզաբանումը: Մարզի կրթության պատասխանատու Հ. Կոստանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «գործատուն դպրոցի տնօրենն է եւ ընդունող-ազատողն ինքն է»: Նա հրաժարվեց որեւէ այլ պարզաբանում տալ՝ ասելով, որ մեր հարցերն իրեն ուղղենք միայն գրավոր: Ինչը պատրաստվում ենք առաջիկայում անել: ԿԳ նախարարության հանրակրթության վերահսկման բաժնի պետ Նուրիջան Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե հետեւողական եղե՞լ են արդյոք, որ իրենց վերահսկիչների կողմից հայտնաբերած խախտումները շտկվեն, պրն Մանուկյանն ասաց. «Մարզպետարանից անընդհատ ասում են, որ հարցը կլուծեն: Ուսուցչուհին թող դիմի դատարան»: Իսկ թե ինչու դպրոցի տնօրենի ընտրություններին նախարարության փորձագետը ներկա չի գտնվել, Ն. Մանուկյանը տեղյակ չէր. «Ըստ կարգի՝ մարզպետարանի կրթության վարչությունից պետք է դիմեին մեզ, մենք ինքներս չէինք կարող ընտրությունների մասին իմանալ ու փորձագետ ուղարկել»: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել