Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿԱՍԵՑ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ

Ապրիլ 19,2006 00:00

ՀԱԿԱՍԵՑ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՍԴ-ն բավարարեց օմբուդսմենի հայցը Երեկ Սահմանադրական դատարան էին ներկայացվել փորձագետների գրավոր եզրակացությունները՝ կապված Կենտրոնի բնակիչներից «պետական կարիքների» անվան տակ կառավարության կայացրած որոշման սահմանադրականության հարցի հետ: ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանի եզրափակիչ խոսքը տեւեց 20 րոպե: Ա. Հարությունյանը պնդեց, որ «պետական կարիքի» անվան տակ կատարված գործողությունները կարդարացվեին, եթե կիրառվեր տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների դեպքերում, արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքներում, «երբ առկա կլիներ անհապաղ եւ անմիջական միջամտության հանգամանքը, շատերի համար հնարավոր ծանր հետեւանքներից խուսափելու անհրաժեշտությունը»: Նա շեշտեց սահմանադրական այն նորմերից մեկը, երբ հանրային կամ պետական կարիքների համար սեփական գույքը վերցնելուց պարտադիր է սեփականատիրոջ համաձայնությունը: Սակայն գործող քաղաքացիական օրենսգիրքը այդ նորմը պարտադիր չի համարել: ՀՀ իրավապաշտպանը նշեց, որ պատասխանողը (ՀՀ կառավարություն) չի առարկել նախորդ նիստում արված իր գնահատականին, որ սեփականության օտարումը հարկադիր օտարում էր, որ կատարվածը սեփականության իրավունքի սահմանափակում էր: «Պատասխանողների պնդումները հանգեցնում են նրան, որ հանրային-բացառիկ-գերակա շահ հասկացությունները անորոշ են, ինչը հնարավոր չէ նախատեսել մեկ ընդհանուր օրենքով, հետեւաբար, այդ հանրային-գերակա շահը հաշվի է առնում սեփականությունը վերցնելու մասին որոշում ընդունող գործադիր մարմինը: Գերակա շահը որոշելը դատարանի խնդիրն է»: «Առավոտի» հարցին, թե արդյոք այս գործով ներգրավված փորձագետների եզրակացությունները բավարարե՞լ էին իրեն, օմբուդսմենը պատասխանեց դրական: Անդրադառնալով հնարավոր տարբերակներից մեկին՝ «Հանրային շահի մասին օրենքին», Ա. Հարությունյանը կանխորոշեց. «Օրինակ, եթե ընդունված լիներ օրենք, կնախորդեին սեփականատերերի իրավունքների թույլատրելի շրջանակը սահմանելու վերաբերյալ քննարկումներ, հնարավոր էր, որ մերժվեր կամ հետաձգվեր նման ծրագրերի իրականացումը, հաշվի կառնվեին բոլոր հնարավոր հետեւանքները եւ ամբողջ գործընթացը իրավական առումով գրագետ ընթացք կունենար»: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի եզրափակիչ խոսքը տեւեց 8 րոպե: Կառավարության մեկ այլ ներկայացուցչի՝ Գեւորգ Մհերյանինը՝ մոտ 2 րոպե: Տեսական հարթության վրա կառուցելով իր խոսքը, Դ. Հարությունյանը խոսեց քաղաքի գլխավոր հատակագծի մասին: Վերջին անգամ հատակագիծը փոխվել է անցյալ տարի, նախորդը, ըստ նրա, 1971-ին էր հաստատվել, ինչը զարմանալի է այն առումով, որ 1971-ին հաստատ չէին նախագծված երկնաքերների հասնող առանձնատներն ու խաղատները: Ըստ Դ. Հարությունյանի՝ «գլխավոր հատակագիծը սեփականության օտարման պարտադիր հիմք է»: Դատավարությանը ներկա փորձագետներին ուղղվել էր հետեւյալ հարցը. «Պետության եւ համայնքների կարիքների համար քաղաքացիներից եւ իրավաբանական անձանցից հողամասեր վերցնելու վերաբերյալ որոշումներ ընդունելու համար հիմք են բնակավայրերի գլխավոր հատակագծերը: Արդյոք ՀՀ-ն բացառությո՞ւն է այդ շարքում, թե՞ ոչ»: Հարցն ընդունվեց վտարման զոհերի աղմուկով, ինչը ԱՆ-ի համար կանխատեսման առիթ դարձավ. «Հուզականությունը կարող է ազդել ՍԴ-ի վրա», ինչին ՍԴ նախագահը պատասխանեց. «Մի քիչ այն տարիքում չենք, որ հուզականությունն ազդի մեզ վրա»: Դ. Հարությունյանը հավելեց նաեւ, որ Երեւանի գլխավոր հատակագիծը հաստատել է կառավարությունը: Նկարչուհի Սեդա Դավթյանը «Առավոտին» փոխանցեց իրենց տեղահանությունը պատկերող իր ստեղծագործություններից, որոնք Բուզանդի 11 տան գույքի հետ գցված են փողոցում (200 կտավ): 2005թ. հուլիսի 17-ին ՀՀ վճռաբեկ դատարանի վճռով վերջնականապես հայտնվեցին փողոցում՝ երկու թոշակառու, հարսն ու տղան, իրենց մանկահասակ երեխաներով (5 տարեկան հաշմանդամ աղջնակով): Նրանց 12.500 դոլար է փոխհատուցվել՝ 250 քմ մակերեսով տան եւ այգու դիմաց: Նկարչուհին ասաց. «Իրերի մասին չեմ մտածում, այլ անարդարացի որոշման մասին»: Նա դիմել է ԵԴ, չնայած հակված չէ այնտեղ իր հարցի լուծվելուն: Սեդան 90 տարեկան իր վտարված սկեսրոջը «ի պահ» էր տվել հարազատներին, որպեսզի մասնակցի ՍԴ նիստին: ՍԴ-ն որոշեց, որ վիճահարույց կառավարության որոշումը եւ քաղաքացիական օրենսգրքի 218 հոդվածը չեն համապատասխանում սահմանադրությանը, սակայն նախկին կենտրոնաբնակներին թե ինչ է սպասվում, հայտնի չէ: Մինչեւ հոկտեմբերի 1-ը ժամանակ տրվեց կառավարությանը եւ ԱԺ-ին՝ նշված հակասությունը ուղղելու: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել