Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 19,2006 00:00

ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ Այնպես է ստացվում, որ գրեթե միշտ ցեմենտի շուկայի երկու խոշոր արտադրողները գները բարձրացնում-իջեցնում են միաժամանակ եւ միեւնույն չափով: «Արարատ» եւ «Միկա ցեմենտ» գործարանները ցեմենտի գինը 12.5%-ով թանկացրել են: Նախկինում 1 տոննան արժեր 32 հազար դրամ, իսկ այժմ՝ 36 հազար դրամ: Թանկացման հիմնական պատճառը գազի գնի բարձրացումն է: Բոլորովին վերջերս «Միկա լիմիթիդ» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը «Արմինֆոյին» ասել էր, որ «ես չեմ կարծում, թե ցեմենտի գինը կլինի այնպիսին, ինչպես տարածաշրջանի հարեւանների մոտ, սակայն, այդուհանդերձ, այն փոքր-ինչ կբարձրանա՝ 7-8 տոկոսով, ոչ ավելի»: Մինչդեռ Մ. Բաղդասարովի հավաստիացումներից ընդամենը 10 օր անց ցեմենտի գները բարձրացան ոչ թե 7-8, այլ 12-13 տոկոսով: Ներկայումս գազի գինը արդյունաբերական ձեռնարկությունների համար հաշվառված է 94.5 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց՝ նախկին 79.1 դոլարի փոխարեն: «Միկա ցեմենտ» գործարանից «Արմինֆոյին» ասել են՝ քանի որ գազի գինն աճել է 19.4 տոկոսով, իսկ ցեմենտինը՝ 12.5, այս շաբաթվանից իրենք արտադրանքի գինը եւս 1000 դրամով պատրաստվում են բարձրացնել: Մինչդեռ բոլորովին պարտադիր չէ, որ ցեմենտի գինը բարձրացնեն նույնքան, որքան գազի գինը, դա կախված է նրանից, թե տվյալ արտադրանքի գնի մեջ գազի կոմպոնենտն ինչ չափով է ազդում: Այս առնչությամբ մեզ չհաջողվեց «Միկա ցեմենտ» գործարանի որեւէ բաժնից տեղեկատվություն ստանալ, քանի որ աշխատակիցներն իրար վրա էին գցում «պատասխանատվությունը», իսկ գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանի խոսքերով՝ «ինձնից հասնում է միայն արտադրել, ես ի՞նչ անեմ, որ չեն ուզում պատասխանել, ես միայն արտադրանքիս տերն եմ»: «Արարատ ցեմենտից» էլ խոստացան պարզաբանումներ տալ, բայց չտվեցին: Իհարկե, ցեմենտի գնի բարձրացման համար հիմք է հանդիսացել ոչ միայն գազի սակագնի բարձրացումը: Մերոնք որոշել են տեղական ցեմենտի գները մոտեցնել միջազգային շուկայի գներին: Մ. Բաղդասարովն էլ էր մատնանշել, որ հարեւան Ադրբեջանում եւ Իրաքում գները հասնում են մինչեւ 120 դոլարի՝ մեկ տոննայի դիմաց, Վրաստանում՝ մինչեւ 100 դոլարի, մինչդեռ Հայաստանում գինը կազմում է 65-67 դոլար: Ստացվում է մոտավորապես նույն պատկերը, երբ «Գազպրոմը» մի օր որոշեց ռուսական գազի գինը կրկնակի բարձրացնել՝ ասելով, թե նախկինում գործում էին արհեստականորեն ցածր գներ եւ այն պետք է համապատասխանեցնել համաշխարհային շուկայի գներին: Այս համատեքստում մի բան, այնուամենայնիվ, անորոշ է մնում. ինչո՞ւ «Արարատ ցեմենտ» եւ «Միկա ցեմենտ» գործարաններն այդ ամենի մասին գլխի ընկան միաժամանակ: Նախկինում նույնպես հայկական շուկայում ցեմենտի գները բարձրանում եւ իջնում են նույն չափով, նույն ժամանակահատվածում: Մի քանի ամիս առաջ երկու գործարանները մի քանի օրով չաշխատեցին՝ հանրապետությունում ստեղծելով ցեմենտի արհեստական դեֆիցիտ, որի հետ կապված ցեմենտի գները բարձրացան: Այդ ժամանակ «Միկա» ընկերությունից պարզաբանեցին, որ իրենք ցեմենտը թանկացրել են, քանի որ բարձրացել են նաեւ նավթի ու դիզվառելիքի գները, իսկ չեն աշխատել՝ պրոֆիլակտիկ աշխատանքներ կատարելու, էկոլոգիական ֆիլտրեր տեղադրելու համար: Գործարանից նաեւ հավաստիացրին, որ «Արարատի» հետ ոչ մի համաձայնության չեն եկել. «Այստեղ մենաշնորհային դիրք ոչ ոք չունի, ով ինչ գնով ուզում, այդքանով էլ վաճառում է»: «Մուլտի գրուպի» լրատվականի պետը շուկայի դեֆիցիտը բացատրեց այսպես. «Իրանի, Իրաքի եւ Վրաստանի հետ պայմանագրեր էինք կնքել, արտադրանքի բավականին մեծ խմբաքանակ արտահանվել է այդ երկրներ, որի արդյունքում 2-3 օր Հայաստանում ցեմենտի դեֆիցիտ է նկատվել»: Վերջերս հրավիրած ասուլիսում Մ. Բաղդասարովն ասել էր, որ «Արարատի» եւ «Հրազդանի» միջեւ ոչ մի տարաձայնություն չկա, քանի որ, ըստ էության, երկու ձեռնարկություններում արտադրվող ողջ արտադրանքը, գործնականում, իրացվում է. «Եթե ձեռնարկություններից մեկը փորձի ցեմենտը վաճառել ավելի էժան գնով, ապա՝ միայն ի վնաս իրեն: Միեւնույն է, որքան էլ մենք ցեմենտ արտադրենք, ամբողջը կգնեն: Եթե ոչ Հայաստանում, ապա Վրաստանում, եթե ոչ Վրաստանում, ապա Իրանում, ոչինչ չի մնա»: Այս երկու արտադրողները ցեմենտի գնի բարձրացման համար եկե՞լ են համաձայնության, թե՞ ոչ, դժվար է ասել: Ըստ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանի, դա դժվար ապացուցվող խախտումներից է. պետք է ունենալ հիմնավոր փաստ՝ կա՛մ գրավոր փաստաթուղթ, կամ բանակցություններին մասնակցած վկա, կամ այլ հավաստի տվյալներ, իսկ ավելի լավ կլինի՝ այդ բոլորը միասին: Այսինքն, միայն ենթադրությունը, թե շուկայում տեղի ունեցող գործընթացները խոսում են հակամրցակցային համաձայնության մասին, դեռեւս բավական չէ՝ փաստը ապացուցված համարելու եւ որեւէ ընկերության այդքան մեծ (շրջանառության մեկ տոկոսի չափով) տուգանքների ենթարկելու համար: Իսկ առանց բավարար հիմնավորման տուգանելը, ըստ հանձնաժողովի դիրքորոշման, ամենեւին չի նպաստի տնտեսական մրցակցության զարգացմանը: Ամեն դեպքում հանձնաժողովը պատրաստ է քննարկել ցանկացած տվյալ կամ փաստաթուղթ, որը կվկայի «Արարատի» ու «Միկա ցեմենտի» միջեւ հակամրցակցային պայմանավորվածության մասին: Բացի այդ, ըստ մամուլի քարտուղարի, երկու գործարանները Հայաստանի ցեմենտի շուկայում գերիշխող դիրք ունեն եւ պարտավոր են վեց ամիսը մեկ հանձնաժողով ներկայացնել իրենց վարքագծի, գնային փոփոխությունների վերաբերյալ հաշվետվություններ եւ հիմնավորել դրանք. «Սա գերիշխող սուբյեկտների վարքագծի վերահսկողության նոր միջոց է եւ հաշվետվություններում ներկայացվող ամեն մի տվյալ հանձնաժողովի մասնագետների կողմից հետազոտվում է մանրազնին, ուստի հաշվետվություններն ստանալուն պես կքննարկվեն այս հարցերը եւս»,- նշեց Ա. Ուդումյանը: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել