Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴՈՒ

Ապրիլ 19,2006 00:00

«ԴՈՒ ՔՈ՛ ՏԵՂԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՏՈՒՐ» Աշտարակի դատախազությունը փորձում է քավության նոխազ դարձնել Արագածոտնի մարզում կատարված ընտրակեղծիքների մասին բացահայտումներով հանդես եկած ընտրական հանձնաժողովի նախագահին: Մինչ ապրիլի 14-ի խորհրդարանական ճեպազրույցում 2003-ի ընտրությունների եւ 2005-ի հանրաքվեի ընթացքում կատարված խախտումների մասին բացահայտումներով հանդես գալը՝ Օշական գյուղի բնակիչ, թիվ 04/30 եւ թիվ 14/32 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահ Սպարտակ Եղիազարյանն ապարդյուն փորձել էր այս հարցով ընդունելության արժանանալ ՀՀ նախագահի աշխատակազմում եւ պաշտպանության նախարարի մոտ: Նաեւ փորձել էր դիմել դատախազություն, սակայն դիմումը չէին վերցրել: Այժմ, երբ «ջինը շշից» արդեն բաց է թողնված՝ Արագածոտնի մարզի դատախազ Հ. Զաքոյանն արդեն ինքն էր ծանուցագիր ուղարկել՝ պահանջելով պարզաբանումներ տալու համար անհապաղ ներկայանալ դատախազություն: Հիշեցնենք, որ ընտրական հանձնաժողովում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Սպարտակ Եղիազարյանն «Ազգային միաբանության» ճեպազրույցում վկայել էր, թե իր ընտրատեղամասում նախագահական ընտրությունների առաջին փուլում 1-ին տեղում Ստեփան Դեմիրճյանն էր, 2-րդ տեղում՝ Արտաշես Գեղամյանը, իսկ Ռոբերտ Քոչարյանը ստացել էր ձայների միայն 12%-ը: Բայց քանի որ պայման էր դրվել Քոչարյանի օգտին 60% ապահովելու վերաբերյալ, ապա նրա օգտին են հաշվառվել նաեւ Դեմիրճյանին եւ Գեղամյանին տրված քվեները: Սպարտակ Եղիազարյանը պնդել էր, որ նույն մեխանիզմը կիրառվել է ամբողջ մարզում: Ըստ նրա՝ սահմանադրական հանրաքվեի ժամանակ էլ ընտրական հանձնաժողովներին նախօրոք բաժանվել էին տեղամասերի ընտրացուցակները, որոնցում նշված էին բնակիչների անձնագրային տվյալները եւ ստորագրությունները: Նախօրոք կազմված ցուցակներով ներկայացվել է 1649 «այո», թեեւ իրականում հանրաքվեին մասնակցած 60 հոգուց միայն 30-ն էր քվեարկել «այո»: Սպարտակ Եղիազարյանը դարձյալ շեշտել էր, թե նման գործընթաց է եղել ամբողջ մարզում: Ապրիլի 17-ին դատախազություն հրավիրված Սպարտակ Եղիազարյանից հետաքրքրվել են, թե ովքեր եւ ինչու են իրեն դրդել անել նման հայտարարություններ: Նաեւ փորձել են անուններ կորզել, թե ովքեր են իրեն ստիպել ընտրակեղծիքներ անել. «Պատասխանեցի, թե չեմ ասի: Եթե չասելու համար պատիժ կա՝ տվե՛ք, ես պատրաստ եմ»: Սակայն ընդհանուր առմամբ՝ նա հրաժարվել է որեւէ պարզաբանում տալ, մինչեւ ապրիլի 20-ին կայանալիք իր ասուլիսը: Գրավոր պարտավորվել է, թե ապրիլի 20-ին ժամը 12-ին կայանալիք ասուլիսից հետո կներկայանա դատախազություն եւ կներկայացնի բացատրություններ: Իր այս քայլը պրն Եղիազարյանն այսպես բացատրեց, որ եթե դատախազությանն անուններ տար՝ հետո պարտավորված կլիներ չհրապարակել դրանք: Նաեւ հավանական համարեց, որ այդ մարդիկ կզգուշացվեին, նախապես միջոցներ ձեռք կառնվեին: Պաշտոնական քննությունից բացի՝ նաեւ այլ կարգի քննություն է տարվում: Թեեւ Սպարտակ Եղիազարյանն անկուսակցական է՝ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը զեկուցել է, թե նա «Ազգային միաբանության» անդամ է: Ուղղակի զավեշտ է, որ ընդդիմադիր կուսակցության անդամին կարող էին նշանակել ընտրական հանձնաժողովում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ: «Եթե ես «Ազգային միաբանությունից» էի՝ դուք ո՞նց ինձ նշանակեցիք հանձնաժողովի նախագահ,- դաշնակցական մարզպետի տրամաբանության վրա զարմանում է Սպարտակ Եղիազարյանը՝ եւս մի փաստարկ հավելելով:- Չէ՞ որ 2005-ի հանրաքվեի ժամանակ ընտրական հանձնաժողովների աշխատանքը բոյկոտեցին ե՛ւ «Արդարություն» դաշինքը, ե՛ւ «Ազգային միաբանությունը»: Եթե նույնիսկ այդ կուսակցության անդամ լինեի՝ այդ ո՞նց կարող էի մնալ հանձնաժողովում»: Մարզպետը նաեւ իրականությանը չհամապատասխանող լուր է տարածել, թե ճեպազրույցում Սպարտակ Եղիազարյանը հայտարարել է, որ ոստիկաններն են իր նկատմամբ ճնշումներ գործադրելով պարտադրել կատարել կեղծիքներ: Այս կապակցությամբ նրա հետ «կանխարգելիչ» զրույց է ունեցել նաեւ Աշտարակի ոստիկանապետը: Սույն պատմության շարունակությունը կռահելի է՝ իր իսկ «ինքնախոստովանական» հայտարարությունների հիման վրա կփորձեն պատասխանատվության ենթարկել Սպարտակ Եղիազարյանին, որ դաս լինի այլ ընտրական հանձնաժողովների ղեկավարներին, որոնք հանկարծ ու կփորձեն նույնպես հրապարակավ ապաշխարել կատարված կեղծիքների համար: Ե՛վ ասուլիսում, ե՛ւ մեր զրույցի ընթացքում Սպարտակ Եղիազարյանը պատրաստակամություն հայտնեց պատասխանատվություն կրել իր հանցանքի համար: Նշենք, որ հանձնաժողովի նախագահի գործողությունները համապատասխանում են «Քրեական օրենսգրքի» 150 հոդվածին՝ «Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը», որը պատժվում է 2-5 տարի ժամկետով ազատազրկմամբ: Սակայն Սպարտակ Եղիազարյանի մեղքը թեթեւացնող հանգամանք է թերեւս նրա ինքնախոստովանությունը: Բացի այդ՝ մեր զրույցի ընթացքում հիշեցրեց, որ իր բացահայտումներում անընդհատ շեշտել է. «Գործընթացն իրականացվել է ամբողջ մարզում, այդ թվում՝ նաեւ ես եմ մասնակցություն ունեցել: Թող ԱԺ խմբակցությունների մեկական ներկայացուցիչներով հանձնաժողով ստեղծեն եւ ուսումնասիրեն ամբողջ մարզի արդյունքները՝ տեսնեն, իմ ասածները ճի՞շտ են, թե՞ սխալ: Ինձ ասում են՝ «հլը դու քո տեղը պատասխան տուր…»: Չէ՛, հանցագործության վերաբերյալ իմ հայտարարությունները վերաբերում են ամբո՛ղջ մարզին եւ ոչ միայն իմ տեղամասին: Ընդունում եմ, որ ես արել եմ, բայց նաեւ ընդգծում եմ՝ չէ՞, որ ամբողջ Արագածոտնում է այդպես եղել: Եթե մենակ ինձ են դատելու… իրենց խնդիրն է»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Արագածոտնի մարզպետին մերձ աղբյուրները պնդում են, թե Սպարտակ Եղիազարյանի բացահայտումների պատճառն այն է, որ նա համագյուղացիներին եւ այլոց շուրջ 1800 դոլարի պարտք է կուտակել «մսի գործով», եւ այս հայտարարություններով փորձում է ապահովել քաղաքական աստառ՝ պարտքերն անպատիժ չվերադարձնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել