Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ ՈՐՈՇՈՒՄԸ «ԿՈՄՊՐՈՄԻՍԱՅԻՆ» Է

Ապրիլ 19,2006 00:00

ՍԴ ՈՐՈՇՈՒՄԸ «ԿՈՄՊՐՈՄԻՍԱՅԻՆ» Է ՀՀ ՍԴ-ի կայացրած երեկվա որոշման մասին ասաց ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանը կայացրեց մի որոշում, որը շատերը համեմատեցին 2003 թ. ապրիլի 16-ի՝ ՀՀ նախագահական ընտրությունների առնչությամբ ՍԴ կողմից հրապարակված «վստահության հանրաքվե» անցկացնելու մասին լղոզված որոշման հետ: Ինչպե՞ս է ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը մեկնաբանում ՍԴ որոշումը: Այս հարցով մենք դիմեցինք տիկին Ալավերդյանին, ով Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների տարածքից վտարվածների իրավունքների ոտնահարման փաստերով ոչ միայն դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարան, այլեւ այդ փաստերը ներառել էր 2005թ. տարեկան զեկույցում: Վերջինիս փոխանցմամբ, ՍԴ երեկվա որոշմանը երկու՝ որպես իրավական փաստաթղթի եւ այդ որոշման առնչությամբ ապագայում հնարավոր մեկնաբանության տեսանկյունից պետք է մոտենալ: Լ. Ալավերդյանի համոզմամբ, ՍԴ որոշումը թեեւ միանշանակ պատասխան է տալիս, որ մարդկանց սեփականության օտարման համար մատնանշված օրենքներն ու ՀՀ կառավարության որոշումները հակասահմանադրական են, բայց միաժամանակ բաց է մնացել այդ օտարման ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիների սեփականության իրավունքը վերականգնելու հարցը: «Եթե նկատի ունենանք այն, որ մենք ապրում ենք կոնկրետ ժամանակահատվածում եւ այս բոլորի ետեւում կանգնած են կոնկրետ մարդիկ, ընտանիքներ, որոնք իրենց տուժած են համարում ոչ միայն իրենց սեփականության իրավունքի, այլեւ մարդկային արժանապատվության եւ մարդկային այլ իրավունքների ոտնահարման իմաստով, ապա հենց սա է, որ մեկնաբանություն է պահանջում: Իսկ դա բխում է ՍԴ որոշման 4-րդ կետից՝ «Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով եւ հաշվի առնելով, որ ՀՀ Ազգային ժողովը եւ կառավարությունը պարտավոր են հնարավորինս սեղմ ժամկետներում քննության առարկա հիմնախնդրին առնչվող բազմաթիվ իրավական ակտեր Սահմանադրությանը եւ Սահմանադրական դատարանի որոշման պահանջներին համապատասխանեցնել եւ օրենքով հստակ կանոնակարգել Բացառիկ գերակա հանրային շահերով պայմանավորված հասարակության եւ պետական կարիքների համար սեփականության օտարման իրավական ռեժիմը, սույն որոշման մեջ Սահմանադրությանը չհամապատասխանող ճանաչված իրավական նորմերի ուժը կորցնելու վերջնական ժամկետ սահմանել օրենքի հիման վրա նման իրավական ռեժիմի ուժի մեջ մտնելու պահը, բայց ոչ ուշ, քան 2006թ. հոկտեմբերի 1-ը»: ՍԴ որոշման այդ կետը կրում է կոմպրոմիսային բնույթ, որից չի երեւում, որ այդ որոշմամբ եւ ներքին մեխանիզմներով հնարավոր է վերականգնել կոնկրետ գործընթացի ժամանակ տուժած մարդկանց իրավունքները: Ավելին, 4-րդ կետով, ըստ էության, հնարավորություն է տրվում, որ մեզ արդեն հայտնի իրավական պրակտիկայում նման որոշումների մեկնաբանությամբ շարունակվեն ոտնահարվել այլ խմբերի իրավունքները: Այնուամենայնիվ, որոշումը պահանջում է ավելի խորքային մեկնաբանություն, որովհետեւ պրակտիկան ցույց է տվել, որ շատ անգամ ձեւակերպումներում նախապես դրված իմաստները չէ՛, որ հնչում են գրավոր տեքստում: Այդ որոշումը թույլ չի տալիս հետապնդել մարդկանց շահերը վերականգնելու հնարավորությունը»,- նկատեց Լ. Ալավերդյանը: Իսկ արդյոք ՍԴ այս որոշումը կարո՞ղ է հիմք դառնալ, որպեսզի «պետական կարիքների» զոհերն ապագայում հնարավորություն ունենան դատական կարգով վերականգնել իրենց իրավունքները: Ըստ տիկին Ալավերդյանի՝ «իրավական իմաստով 4-րդ հոդվածն ամրապնդում է, որ մինչեւ օրենքները չհամապատասխանեցվեն ՀՀ Սահմանադրությանը, չվերանայվեն՝ դատարաններ դիմելն ապարդյուն է»: Բայց օրենքները կարող են, չէ՞, ապագայում ընդունվել այնպիսի ձեւակերպմամբ, որ ստացվի, թե այդ օտարումն արվել է, իրոք, պետության գերակա շահերը նկատի ունենալով: «Դրա համար էլ ես խիստ վերապահումներով եմ վերաբերում այս որոշմանը: Ու եթե որոշման առաջին երեք կետերով ՍԴ-ն անվերապահորեն ասում է, որ օտարումը հակասահմանադրական է, ապա 4-րդ կետով երեւում է մարդու իրավունքների նկատմամբ այն վերաբերմունքը, որն իրականում կա Հայաստանում»,- պարզաբանեց Լ. Ալավերդյանը: Իսկ ՍԴ-ն կարո՞ղ էր ավելին անել, քան մարդկանց սեփականությունից զրկելը հակասահմանադրական համարելը: «Տվյալ դեպքում խնդիրը այդ օրենքներն ու կառավարության որոշումները հակասահմանադրական ճանաչելն էր: Բայց ինձ անհանգստացնում է 4-րդ կետը, որը, ըստ էության, այդ որոշման կիրառման կարգն է: Դա կարող էր կամ չարվել, կամ արվել այլ ձեւով, ասենք՝ այնպիսի որոշում ընդունել, որը կհաստակեցներ մարդկանց իրավունքների վերականգնման հնարավորությունը, այնինչ այստեղ հակառակն է արված: Այնպիսի ժամանակահատված ու հնարավորություններ են տրվում գործադիր իշխանությանը, որոնք ապացուցում են, որ իշխանության շահերը առանձին քաղաքացիների շահերի նկատմամբ գերակա են»,- հայտարարեց ՀՀ առաջին օմբուդսմենը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել