…որոնք միայն առաջին հայացքից են, որ միմյանց հետ կապ չունեն
Գրականագետներից ո՞ր մեկն է ինքնաթիռ վարել կամ, ենթադրենք, ձուկ որսացել Կուբայի ափերին: Ու՝ եթե ոչ, ապա ինչպես են մեզ «բացատրելու» Էքզյուպերի, Բախ կամ Հեմինգուեյ: Կամ՝ որ Մուրակամին արեց այն, ինչ ուզեցել, բայց չէր արել Իոնեսկոն: Որովհետեւ «Լառուսը» թերթելիս ռնգեղջյուրն էր աչքին զարնել: Իսկ ով է ոչ միայն Չարենցի, այլ թեկուզեւ սեփական աչքերով տեսել Արմիկին ու Մագդային, որոնց Չարենցը նույն օրերում էնքան տարբեր է սիրել: Եվ հետո՝ Մուրակամին Կոբո Աբեին է շարունակում, թե Իոնեսկոյին:
* * *
Դիոգենեսն օրը ցերեկով վառած լապտերով մարդ էր ման գալիս ու չէր գտնում: Էսօր ոնց որ թե մարդիկ կան, Դիոգենեսը չկա:
* * *
«Հուլիոս Կեսար» գեղարվեստական ֆիլմում մի հանճարեղ երկխոսություն կա, որը հնչում է այն պահին, երբ Կեսարն արդեն պաշարել է գալլերի վերջին ամրոցը եւ պաշարյալները ելք են փնտրում.
– Եթե մենք մեռնենք, մեզ հետ կմեռնեն նաեւ մեր աստվածները:
– Իսկ ի՞նչ է, կարծում ես մեր աստվածներն ուզում են, որ իրենց ստրուկնե՞րը երկրպագեն:
* * *
Ք.Ծ.Ա. III դար: Հանիբալը պաշարել է Հռոմը: Հավերժական քաղաքի շրջակայքում հողը պարզապես չի երեւում՝ այնքան շատ էին զորքերն ու վրանները: Եվ հենց այդ ժամանակ հռոմեացի ազնվատոհմիկներից մեկը գնեց բոլոր այն հողերը, որոնց վրա բանակել էին «հանիբալցիները», եւ՝ խիստ բարձր գնով: Հռոմը չընկավ: Ի դեպ, էդպիսի «հողային» խնդիր մենք էլ ենք ունեցել. 1023 թվականին, լեզուս էլ չի պտտվում, մայրաքաղաք Անին կտակով հանձնել ենք բյուզանդացիներին:
* * *
Երբ կայսրերը տրիումֆով մտնում էին Հռոմ, նրանք իրենց կառքերի վրա, հենց իրենց կողքերին մեկական ստրուկ էին կանգնեցնում, որոնք մի առաքելություն ունեին ընդամենը՝ անընդհատ կայսեր ականջին շշնջալ. «Հիշիր, որ դու մահկանացու ես», որպեսզի տրիումֆով եւ ժողովրդի ցնծագին ընդունելությամբ արբած որեւէ մեկն իրեն չհամեմատեր հանկարծ աստվածների հետ, որովհետեւ դա կլիներ նաեւ իր կործանումը:
… Ստրուկները ստրուկներ չեն ունենում:
* * *
Երգերը, երեւի թե, լավագույնն են բնութագրում ազգի հոգեկերտվածքը, նրա աշխարհընկալումն ու ինքնաճանաչումը: Չէ, էն երգերն ի նկատի չունեմ, որոնք ստեղծվել են էն ժամանակ, երբ մեզ էին կոտորում, բայց երգերում կոտորողը մենք էինք, ոչ էլ «սարսափ» երգերը՝ «վեր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա», այլ ապագայի «խոստում» տվողները.
Թե Մասիսին բան պատահի,
Ազգովի կդառնանք ֆիդայի…
Անգամ կարեւորն այն չէ, որ ոչ թե ազգին, երկրին, պետությանը, այլ՝ ԼԵՌԱՆԸ: Կարեւորն էն է, թե Մասիսին ի՞նչ կարող է պատահել. գործի՞ց են հանելու, կտրելո՞ւ են քննությունից, ստուգա՞րք չեն դնելու, ասելու են՝ 7-ից հետո տուն էկար՝ դուրս կանե՞նք (կարծես թե էն, ինչը 7-ից հետո պետք է լինի՝ 7-ից առաջ չի կարող լինել)… կարող ա գրիպ ընկնի կամ անգինա ու սկսի փռշտալ, հազալ, տաքությունը բարձրանա կամ էլ, հանկարծ…
Իսկ հիմա մեզ շատ ավելի կարեւոր խնդիրներ են մտահոգում: Զորօրինակ՝ ուղղագրական. ո՞րն է ճիշտը, ինչպե՞ս պետք է գրել՝ Ներո՞ւ, թե՞ Պերու, Իրա՞ն, թե՞ Իրաք, հունի՞ս, թե՞ հուլիս…
ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ