Լրահոս
Օրվա լրահոսը

Օթեւանով անօթեւա՞ն

Ապրիլ 19,2006 00:00

Գյումրեցիներին բնակարան են տալիս, բայց «ստրախովկի» համար չեն գրանցում

Աշոցք թաղամասի 6/1 շենքի բնակիչները, որոնց ժամանակին բնակբաշխում կատարելիս հանել են իրենց դոմիկներից, այժմ մնացել են օդի մեջ. ոչ նախկին դոմիկները կան, որ գնան վատից-լավից ապրեն, ոչ էլ, ըստ էության, Աշոցքի թաղամասում բնակարան ունեն, քանի որ նրանց մինչ օրս շենքում գրանցում չեն տվել: Նրանք «Առավոտին» դժգոհեցին, որ հերիք չէ իրենց տարել-գցել են անմարդաբնակ վայրեր՝ «տոննանոց» ցեխերի մեջ, տված բնակարանն էլ ավերակ է, ընդ որում, նույնիսկ այդ ավերակների վրա իրենց չեն ուզում գրանցել: «Առանց ամոթի՝ բնակարանատեր դարձնելու համար հախը գլխանց վերցրին՝ 1600 դոլար ու քյարն էն մնաց, որ մինչեւ հմի գրանցում չունինք: Էս շենքի վրա չգրանցին՝ խորհուրդ տալով մնալ հին հասցեի վրա, հին հասցեն էլ դոմիկներ էին, մաքրազարդում կատարեցին, գրանցումից էլ լրիվ հանին-շպրտին»,- բողոքեցին բնակիչները: Թեեւ նշված շենքը Աշոցք թաղամասի քիչ թե շատ պիտանի շենքերից է, որի ամրանները դեռ չեն «թռցրել», բայց այն գտնվում է Գյումրիի չոլերի մեջտեղում, որտեղ կենդանի շունչ գտնելը դժվար է: Այժմ շենքում բնակվում է երկու ծեր թոշակառու, իսկ մյուս բնակիչները՝ 15 ընտանիք, բնակարանները թողած՝ ընկել են դռնեդուռ, կեսը տներ են վարձել, մի մասն էլ վերադարձել է փտած տնակներ: Բնակիչների ներկայացմամբ՝ Ռոբինզոն Կրուզոյի պայմաններն իրենց հետ համեմատ դրախտ են. «Քանի անգամ ենք կոշիկ կորցրել ցեխերի մեջ, չհաշված, որ մենք էլ ենք կորել, սխալվիս իրիկունը մե քիչմ ուշ տուն գաս՝ գելերի բաժին կդառնաս, շենքում էլ՝ հազար հատ երեխա, չգիտես ինչղ ցեխերից անցնես՝ օր դպրոց տանիս, պատկերացրեք մի տեղ, ուր լույս քաշել են բնակիչներից մեկի խաթրի համար»: Շենքը զուրկ է եղել նաեւ դուռուպատուհանից, բնակիչները ճարահատյալ հանել-տեղադրել են տնակներինը:

Ըստ բողոքավորների, հիշյալ կառույցին պաշտոնական բացում են արել, կարմիր «լենտ» կտրել, շինարարն էլ՝ «ՀայՈւրալսիբստրոյի» ղեկավար Սեւուկ (անձնագրային անունը՝ Լյովա) Հարությունյանը, իբրեւ լավություն, 1997-ին այն առաջարկել է հիմնարկի աշխատակիցներին: Բայց լավությունը բնակիչների համար դարձել է իսկական պատուհաս: «Ջհանդամ թե տան փոխարեն ամրոց կառուցեց ցեխերի մեջ, բայց ըսպես էլ կրակը գցել կեղներ, կերթաս տեղեկանք վերցնելու՝ չեն տա, թե գրանցում չունիս, կերթաս բողոք քաղաքապետարան՝ առաջարկելով անօթեւանների ցանկում ընդգրկել, կպատասխանեն, թե տուն ես ստացել, եթե սխալվիս ըսես, թե կհանձնեմ տունը, թող ձեզի եղնի, նույն վայրկյանին կպատասխանեն, թե երբ ես ընդունել, օր հմի էլ կհանձնես»,- պատմեցին բնակիչները՝ երկրի նախագահին խնդրելով իրենց անօթեւանի կարգավիճակ ու գոնե ԲԳՎ ծրագրից օգտվելու իրավունք շնորհել: Նրանք զրկված են նույնիսկ ընտրություններին մասնակցելու հնարավորությունից:

Այս հարցի առնչությամբ մեզ չհաջողվեց պարզաբանումներ ստանալ շինարարից, քանի որ Գյումրիի լավատեղյակ աղբյուրների ասելով՝ նա, լինելով այլ շինկառույցների կապալառու, խաբելով, չվճարելով շինարարներին՝ «թողել-փախել» է Մոսկվա: Քաղաքապետարանում էլ մեզ պատասխանեցին, որ բացարձակապես մտադրություն չունեն «զանիտ արած» շենքը իրենց հաշվեկշիռ վերցնել: Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանն էլ տեղեկացրեց, որ իրենք այս հարցով դիմել են քաղաքաշինության, տարածքային կառավարման եւ ֆինանսների նախարարություններ՝ առաջարկելով բնակիչներին ճանաչել անօթեւան, շենքը դատարկել ու հանձնել քաղաքապետարանին, չնայած մարզպետարանը դեռ դրական պատասխան չի ստացել:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել