Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը փոխել է դիրքորոշումը

Ապրիլ 19,2006 00:00

ԱԺ-ում երեկ աշխատանքները սկսեց Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 8-րդ նիստը:

Հանձնաժողովի համանախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարի-Անն Իզլեր Բեգենը ողջույնի խոսքում նշեց, որ եթե նույնիսկ ողջ Եվրոպայի հանրային կարծիքը դեռեւս ոչ լիովին է ընկալում «Նոր հարեւաններ» ծրագրի շրջանակում համագործակցությունը՝ «մեր պատվիրակության կազմում գոնե լիովին համոզված ենք, որ դուք եվրոպական արմատներ ունեք: Եվ առանց ժամկետներ նշելու՝ կասեմ, որ մի օր մենք բոլորս կդառնանք եվրոպական մի ընտանիքի անդամներ»: Ըստ նրա, հանձնաժողովի անդամները քաջածանոթ են Հայաստանի առջեւ ծառացած խնդիրներին, որոնցից կարեւորը Ղարաբաղի հիմնախնդիրն է. «Չենք կարծում, որ Ռամբույեի հանդիպումը տապալված էր, այլ գտնում ենք, որ այն ամփոփիչ, ավարտուն հանդիպում չէր»:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն իր ելույթում նշեց, որ եվրաինտեգրումը Հայաստանի համար քաղաքական առաջնահերթություն է. «Ժողովրդավարությունը մերը չէ ժառանգաբար, եւ մենք այդ արժեքների համար պետք է պայքարենք: Պետք է պայքարենք մեր բարեկամների հետ՝ նպաստելու այդ արժեքների առավել ամբողջական եւ հետեւողական արմատավորմանը Հայաստանում»: Նաեւ գրեթե բառացիորեն կրկնեց այն սահմանումները, որոնք հրապարակել են միջազգային կառույցների ներկայացուցիչները. «2006-ը կարող է լինել ԼՂ խնդրի հանգուցալուծման պատուհանի տարի, որովհետեւ այս տարի ընտրություններ չկան ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում»: Նշենք, որ ավելի ուշ՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը չկարողացավ որոշակի պատասխան տալ այն հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ ի վերջո՝ չարդարանա 2006-ի վերաբերյալ լավատեսությունը: Ըստ նրա՝ շատ բան պայմանավորված է հաջորդ ամսվա իրադարձություններով ու այն մոտեցումներով, որոնք կդրսեւորվեն մինչեւ նախագահների հաջորդ հանդիպումը. «Միայն դրանից հետո կարելի է ավելի հստակ կողմնորոշվել»:

Իսկ հանձնաժողովի նիստում իր ելույթում պրն Օսկանյանը շնորհակալություն հայտնեց տարեսկզբին Կովկասի թեմայով խորհրդաժողով կազմակերպելու համար, որի ընթացքում ԵՄ-ն արձագանքեց Նախիջեւանում հայկական հուշարձանների ոչնչացման, Թուրքիա-Հայաստան սահմանի փակ լինելու խնդրին եւ Ցեղասպանության ճանաչման հարցին: «Մենք ցանկանում ենք տեսնել այս հարցերի լուծումը,- ասաց ԱԳ նախարարը:- Հուսով ենք, ԵՄ-ն կկարողանա խնդիրը բարձրացնել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության բանակցությունների ընթացքում»: Իսկ տիկին Բեգենը լրագրողներին հայտնեց, թե Եվրամիությունը մշտապես Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանների բացման կողմնակից է եղել, եւ եվրոպական ընտանիք մուտք գործելու պահից Թուրքիայի առջեւ պետք է խնդիրը դրվի, այլապես հնարավոր չէ ԵՄ-ին մաս կազմել եւ հարեւանների հետ ունենալ փակ սահմաններ: Թուրքիայի առջեւ դրվելիք երկրորդ կարեւորագույն խնդիրը Հայոց ցեղասպանության ճանաչումն է, եւ այդ պատճառով ԵՄ-ն հորդորում է Թուրքիային, որ նախքան ԵՄ անդամ դառնալն իր հասարակության մեջ արծարծի այդ հարցը:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ ԱԳ նախարարը ելույթում հայտարարեց, որ եթե պաշտոնական Երեւանը նախկինում հայտարարում էր, թե կքննարկի հակամարտության հետեւանքների վերացման հարցերը Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի որոշումից հետո, ապա այսօր հայկական կողմը գնացել է լուրջ փոխզիջման. «Եթե Ադրբեջանը համաձայնվի այն իրողության հետ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, որը կարող իրագործվել ոչ անմիջապես, այլ ապագայում, ապա հայկական կողմը պատրաստ է հենց այսօր քննարկել հակամարտության հետեւանքների վերացման հետ կապված հարցերը՝ տարածքներ, փախստականներ եւ անվտանգության հետ կապված այլ հարցեր»: Վարդան Օսկանյանի կարծիքով՝ Եվրախորհրդարանը եւս պետք է ներգրավվի այս գործընթացում:

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել