Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԻԼԻԹ

Ապրիլ 18,2006 00:00

ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ Հայ շախմատիստուհին հայաստանցի մասնակիցներից միակն է, որ նաեւ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց: Թուրքիայի Կուշադասի քաղաքում ավարտվեցին շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնությունները, որոնցում, բացի չեմպիոններին ու մրցանակակիրներին որոշելուց, խաղարկվում էին նաեւ աշխարհի հաջորդ առաջնության ուղեգրեր: Տղամարդկանց մեջ (այստեղ հանդես էր գալիս 36 երկրի 138 շախմատիստ) Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց խորվաթ Զդենկո Կոժուլը, իսկ կանանցից (96 հոգի)՝ ռուսաստանցի Եկատերինա Ատալիկը, որն այստեղ ներկայացնում էր Թուրքիան: Ինչ վերաբերում է Հայաստանի տղամարդկանց եւ կանանց, նրանք մրցապայքարի երկրորդ հատվածում թուլացրին տեմպն ու զգալիորեն զիջեցին դիրքերը: Միայն Լիլիթ Մկրտչյանը, մեկնարկելով համեմատաբար ոչ այնքան հաջող, այնուհետեւ վերագտավ իր խաղն ու մրցաշարային աղյուսակում աստիճանաբար վեր բարձրանալով՝ վերջին տուրից հետո թայ բրեքին մասնակցելու իրավունք ստացավ ու դրանից հետո էլ նվաճեց Եվրոպայի բրոնզե մեդալակրի կոչումը: Ասենք, որ Լիլիթը մեր շախմատիստներից միակը եղավ, որ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց: Ըստ առաջնության պաշտոնական կայքի, Էլինա Դանիելյանն ամփոփիչ մրցաշարային աղյուսակում 96 մասնակցի մեջ 34-րդն է, Սիրանուշ Անդրիասյանը՝ 48-րդը, իսկ Նելլի Աղինյանը՝ 51-րդը: Տղամարդկանց առաջնությունում Աշոտ Անաստասյանը, որ նույնպես ուղեգրի արժանանալու հնարավորություն ուներ, 11-րդ տուրում պարտություն կրեց ու նահանջեց 25-րդ հորիզոնական: Սա մեր տղաների մեջ լավագույն ցուցանիշն է: Արտաշես Մինասյանը մրցաշարն ավարտեց 35-րդ տեղում, Տիգրան Քոթանջյանը՝ 39-րդում, Տիգրան Պետրոսյանը՝ 54-րդում, իսկ Արման Փաշիկյանը՝ 76-րդում: Կուշադասիում Վրաստանից հանդես էր գալիս հայազգի գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը: Ճիշտ է, նա նույնպես չկարողացավ ընդգրկվել 16 լավագույնների մեջ, սակայն գրաված 27-րդ տեղը վատ արդյունք չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել