Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահը

Ապրիլ 18,2006 00:00

Նախագահը հրաժարվում է կնիքը տալ Գյումրիի Սայաթ-Նովայի 9/9 ա շենքի հարցերով զբաղվելու են մարզի դատախազությունն ու դատարանը: «Առավոտը» մի քանի անգամ անդրադարձել է այս շենքի շուրջ ստեղծված իրավիճակին: Հիշեցնենք, որ այն կոոպերատիվ հիմունքներով անհատական վարկային միջոցների հաշվին կառուցված առաջին բազմահարկ շենքն էր, որի գլխավոր պատվիրատուն եղել է Գյումրիի քաղաքապետարանը, իսկ նախաձեռնողները երկրաշարժից առաջ նույն տարածքում բնակվող երկու հարեւան շենքերի 54 անօթեւան մնացած բնակիչները: Նրանք 1998-ին անհատական ֆինանսավարկային պայմանագրեր էին կնքել թե ՀՀ ֆինանսների նախարարության, թե «Շիրակինվեստ» բանկի հետ, որտեղ արձանագրվել էր յուրաքանչյուրի սենյակների քանակը, իսկ քաղաքապետ Միքայել Վարդանյանը իր 30.01.1998թ. որոշման մեջ «հիմք էր ընդունել այն, որ ընկերության անդամ-ընտանիքները ստանալու են բնակարան՝ նախկինում ունեցած բնակելի սենյակների քանակով»: Սակայն, ըստ բնակիչների, օրերից մի օր հայտնվել է Շիրակի մարզպետարանի լրատվության պատասխանատու Հասմիկ Մելքոնյանը եւ իրեն ներկայացնելով կառավարության լիազոր-ներկայացուցիչ, հայտարարել է, թե «կիսավարտ շենքը պետականացվել է եւ որ կատարվելու է բնակարանների վերաբաշխում ու բնակարանների սենյակների թվի կրճատում»: «Մեզ կարո՞ղ եք բացատրել, թե ո՞վ է Հասմիկ Մելքոնյանը, ի՞նչ կապ ունի մեր շենքի հետ, «սամազվաննեց» բնակբաշխման հանձնաժողովի նախագա՞հ է, որտեղ բնակարան կառուցվի՝ մեջ պտի ընկնի՞, որտեղ պետք է՝ հեռուստալրագրո՞ղ է, որտեղ էլ փող աշխատելու տեղ կա՝ մարզպետի խորհրդատուն ու կառավարության լիազոր-ներկայացուցի՞չն է»,- հարցնում են բնակիչները: Փայատերերից Սերգեյ Խաչատրյանի պատմելով՝ Հասմիկ Մելքոնյանը «որոշել» է, որ իրեն 2 սենյականոց չի հասնում, 1-ը «անօրինական» է եւ առաջարկել է բնակչին «լրացուցիչ գումար մուծել 2-ից 3 հազար դոլարի սահմաններում» ու տվել է ինչ- որ հաշվեհամար, որը իբրեւ թե ՀՀ ֆինանսների նախարարությանն է: Բնակիչը հարցում է կատարել նախարարություն, այնտեղ զարմացել են՝ «թե ի՞նչ գումար, ի՞նչ հաշվեհամար»: Ավելին, փայատերերի ասելով, այս կինը իրենց ներկայացնում է առանց կնիքի, բովանդակությամբ իրենց շենքի հետ ընդհանրապես առնչություն չունեցող թղթի մի կտոր, որով իբրեւ թե ինքը կատարում է նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Վահրամ Բարսեղյանի հրամանը եւ որ ինքը ՀՀ նախագահի 2005թ. հունիսի 6-ի ՆԿ-128 կարգադրությամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդամ է (ղեկավարն է՝ Խաչատուր Վարդանյան): Նրանց տեղեկություններով, շենքի 8 բնակարաններ արդեն վաճառված են կոոպերատիվի հետ ընդհանրապես կապ չունեցող անձանց, որոնք էլ իրենց հերթին սկսել են ձեւափոխություններ անել շենքում, գազիֆիկացնել բնակարանները: Ըստ կոոպերատիվի անդամների, նույն հաշվապահը, որը ոչ փայատեր է, ոչ կոոպերատիվի անդամ, բնակարան ունի տվյալ շենքում, ավելի ճիշտ՝ նրա երկու որդիները: Փայատերերը 2006թ. մարտի 5-ին Գյումրիի «Վերականգնող» սպառողական կոոպերատիվի ընդհանուր ժողով են անցկացրել ու ձայների մեծամասնությամբ՝ մասնակցել է 33 փայատեր եւ կոոպերատիվի նախագահ ընտրել Մկրտիչ Գրիգորյանին: Ի դեպ, ժողովի արձանագրության մեջ նշված է, որ Հ. Փորսուղյանը «ընդամենը 11 բնակիչների ձայներով ընտրված ոչ լեգիտիմ նախագահ է»: Տեղեկացնենք նաեւ, որ նրա լիազորությունները դադարել էին 2005-ին, չնայած նա ակտիվորեն շարունակել է ինքնագործունեությունը: Սակայն, ինչպես տեղեկացանք Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանից, կոոպերատիվի նախկին նախագահը չի հաշտվում իր լիազորությունների դադարեցման հետ, չի հանձնում կնիքը, հաշվապահական փաստաթղթերը, ավելին՝ դիմել է դատարան կոոպերատիվի անդամների որոշումն անվավեր ճանաչելու համար, իսկ նորընտիր նախագահն էլ իր հերթին դատարան է դիմել կնիքն ու հաշվապահական թղթերը պահանջող հայցով: Ներկա պահին բնակիչների բողոքներով Փորսուղյանի նկատմամբ նյութեր են նախապատրաստվում նաեւ Շիրակի մարզի դատախազությունում: «ԱՌԱՎՈՏԻ» իրավական բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել