Լրահոս
Օրվա լրահոսը

«ՁԵՌՆԱՐԿՉՈՒԹՅՈՒՆ»՝ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ

Ապրիլ 18,2006 00:00

«ՁԵՌՆԱՐԿՉՈՒԹՅՈՒՆ»՝ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ Ոչ բուհում, ոչ էլ նրա պատերից դուրս չգիտեն, թե ինչ է նշանակում «տեխնոլոգիա եւ ձեռնարկչություն» մասնագիտությունը: Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական համալսարանում 8 տարի գոյություն ուներ «Տեխնոլոգիա եւ ձեռնարկչություն» ֆակուլտետը եւ, համապատասխանաբար, մասնագիտությունը: Վերջերս ֆակուլտետը վերանվանվել է «Ֆիզիկա տեխնոլոգիա»: «Առավոտ» այցելած նախկին «Տեխնոլոգիա եւ ձեռնարկչություն» ֆակուլտետի 8 տարվա շրջանավարտները հավաստիացնում են, որ միայն բուհն ավարտելուց հետո են «գլխի ընկել», թե նման մասնագետի կարիք չկա: «Երբ աշխատանքի անցնելու համար դիմում ենք որեւէ ղեկավարի, զարմանում են, ասելով՝ այդպիսի մասնագիտության մասին առաջին անգամ են լսում»,- պատմում են շրջանավարտները: Մեր զրուցակիցները հավաստիացրին, որ դիմել են բանկային համակարգում, դպրոցներում եւ այլ հիմնարկներում աշխատելու, սակայն ստացել են միեւնույն պատասխանը՝ «չենք հասկանում, թե դա ինչ է նշանակում»: Ի դեպ, ուսանողները ժամանակին արտադրական, ուսումնական պրակտիկաներն անցկացրել են գործարաններում, քոլեջներում, նաեւ «Արդշինինվեստ» բանկում: Հինգ տարիների ընթացքում այս ֆակուլտետի ուսանողները անցել են 75 առարկա՝ մշակութաբանություն, մետաղահատ հաստոցներ, ավտոմատ նախագծման համակարգեր, փիլիսոփայություն, ավտոմոբիլ, նյութերի դիմադրություն, քաղաքական պատմություն, վիճակագրություն, կտրման տեսություն, ռոբոտոտեխնիկա եւ այլն: Ֆակուլտետի նախկին շրջանավարտները նշեցին, որ ուսումնառության ընթացքում իրենց՝ ապագա մասնագետներին, դասախոսները փայլուն ապագա են խոստացել, ասելով՝ «կտեսնեք, դուք սուպերմասնագետ եք դառնալու», օրինակներ բերելով, թե շրջանավարտներից ոմանք ինչ պատասխանատու աշխատանքների են անցել: Մեզ չհաջողվեց կապվել ֆակուլտետի նորանշանակ դեկան Գարիկ Եղիազարյանի հետ: Զրուցեցինք ֆակուլտետի դասախոս Ֆելիքս Չոբանյանի հետ: Ըստ նրա, զարգացած երկրներում կադրերի որակը շատ բանով կախված է բուհի հեղինակությունից. «Մեր երկիրը դեռ անցման շրջանի առաջին փուլում է եւ կադրերի որակը կապում են ոչ թե բուհի անվան ու մասնագետի որակի հետ, այլ տվյալ անձի: Մեզ մոտ բուհական մակարդակն այնպիսին է, որ ընդունվողները, չգիտես ինչու, անպայման պետք է ավարտեն՝ անկախ գիտելիքներից: Ու հետո էլ գնում են, աշխատանքի ընդունվում տարբեր մակարդակի միջնորդություններով»: Ֆ. Չոբանյանը խոստովանեց, որ ֆակուլտետի հիմնումը ի սկզբանե ձեւական բնույթ է կրել. «Վերջերս, երբ ֆիզիկան ընդգրկվեց եւ ֆակուլտետի անվանումն էլ փոխվեց, դա արդեն լավ է: Դպրոցներում այսօր տնտեսագիտություն, իրավաբանություն առարկաները ֆակուլտատիվ են: Հետագայում, երբ նշված առարկաները կլինեն հիմնական, ամեն ինչ կընկնի իր տեղը: Ես չեմ ընդունում, որ միայն դիպլոմում գրված մասնագետի որակավորումն են ընդունում որպես չափանիշ»: Հիշեցնենք, որ հանրապետության բուհերում պատրաստում են թե տնտեսագետներ, թե իրավաբաններ եւ, բնականաբար, առաջին հերթին աշխատանքի են ընդունվում կոնկրետ մասնագիտությամբ: Դատելով այս ամենից, ենթադրում ենք, որ ֆակուլտետը ստեղծվել է հենց իրենց՝ համալսարանի ղեկավարների «ձեռնարկչությունը» խթանելու (ուսման վարձը տարեկան ավելի քան 150.000 դրամ) եւ ոչ թե կոնկրետ մասնագետներ պատրաստելու համար: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել