Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ

Ապրիլ 18,2006 00:00

ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Անթիլիասում կայացած Գրողների համահայկական երրորդ համագումարի տպավորությունները լրագրողների հետ կիսելը առիթ էր, որ երեկ Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը փորձի մեղմել միության շենքի շուրջ ստեղծված լարվածությունը: Հիշեցնենք, որ Հայաստանից Լիբանան էր մեկնել 52 պատվիրակ, ընդ որում մեծամասամբ՝ գրականագետներ: «Առավոտը» պարզեց, որ ՀԳՄ պատվիրակության կազմում են եղել մշակույթի նախկին նախարարներ Ռոլանդ Շառոյանն ու Հովիկ Հովեյանը: Գրողների համահայկական համաժողովին մասնակցել է նաեւ Արամ Կարապետյանը (խոսքը ոչ թե «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդի, այլ կառավարության ներկայացուցչի մասին է-Գ. Հ)՝ ընդամենը վարչապետի ուղերձը կարդալու համար: «Այդ 52 հոգին մեր երկրի հայ գրողի արժանապատվությունն ու պատիվը վայելուչ պահելու գիտակցումով էին առաջնորդվում»,- ասաց Լ. Անանյանը՝ հավաստիացնելով, որ համաժողովը փայլուն է անցել: Սակայն, մեր աղբուրի պնդմամբ, հայաստանցի բանաստեղծներ Արմեն Մարտիրոսյանն ու Բագրատ Ալեքյանը հարբել ու ծեծկռտուք են սարքել Անթիլիասում: Ընդհուպ, Արամ Ա կաթողիկոսը զայրացել է ու ափսոսել, թե ինչու են վերջիններիս բերել Լիբանան: Հայաստանի պատվիրակության կազմում Լիբանան է մեկնել նաեւ մեկը, որը ոչ ՀԳՄ անդամ է, ոչ էլ հայաստանցի: Խոսքը թբիլիսցի թարգմանիչ Անահիտ Բոստանջյանի մասին է, որը լավ հարաբերությունների մեջ է Լեւոն Անանյանի հետ: «ԲՈՀ-ի ներկայացուցիչ Լիլիթ Արզումանյանին էլ տարել են համաժողովի, որովհետեւ Լեւոն Անանյանի որդու դոկտորականի հարցը կա»,- տարակուսանք էր հայտնում գրողներից մեկը: Հարցին, այնուամենայնիվ ինչո՞ւ երիտասարդ հայաստանցի գրողներին բախտ չվիճակվեց մասնակցել համաժողովին, երբ սփյուռքը ներկայացված էր հիմնականում երիտասարդներով, Լ. Անանյանը պատասխանեց. «Մեկ ամիս հետո Երեւանում տեղի է ունենալու երիտասարդ գրողների համահայկական ծաղկաձորյան խորհրդակցությունը: Կես տարի է՝ նրանք նախապատրաստվում են, վիթխարի կազմակերպչական աշխատանք պիտի տարվի»: Անդրադարձ եղավ նաեւ Վահան Թամարյանի մահից հետո Իսրայելյան 37 հասցեում գտնվող նրա տան վերջերս կայացած վաճառքին, որը ՀԳՄ հաշվեկշռում էր, հետեւաբար՝ բոլոր գրողների սեփականությունը: Անանյանը հայտարարեց, որ այդ գումարի մի մասով բնակարան են գնել Թամարյանի կնոջ՝ Շիրակուհու համար, իսկ մնացածը փոխանցել են համահայկական գրական հիմնադրամին: Իսկ ՀԳՄ աշխատակազմի աշխատավարձերը, ըստ Անանյանի, բարձրացվել է ոչ թե Թամարյանի տան վաճառքի, այլ ՀԳՄ աշխատակազմը կրճատելու հաշվին: Մեր տեղեկություններով, Վ. Թամարյանի տան փաստացի տերն է ԱԺ դաշնակցական պատգամավոր, գրող Ռուբեն Հովսեփյանը: Լ. Անանյանն այս առիթով «Առավոտին» սկզբում ասաց, որ իբր չի հիշում գնորդի անունը, հետո էլ «մտաբերեց», որ փաստաթղթերում կարդացել է ոմն Սիլվայի անուն: Նա նաեւ նշեց, որ 2005-ին ՀԳՄ նախագահ վերընտրվելուց հետո ինքը ստացել է ՀԳՄ 14-րդ համագումարի հավանությունը՝ բարելավել Գրողների միության շենքը. «Համագումարը հասկացավ, որ մենք էս տարածքում չենք տեղավորվում, հնարավոր չէ ոչ տպարան ստեղծել, ոչ հրատարակչություն: Ախր գոնե մի գրախանութ պիտի ունենանք էս քաղաքում, որտեղ խառն ապրանքների հետ գրքեր չեն վաճառի»: Կրկին անդրադարձ եղավ ՀԳՄ նախագահության անդամ, բանաստեղծ Հենրիկ Էդոյանի քրոջորդու՝ Արմեն Ստեփանյանի ծրագրին, որով նախատեսվում էր 11 հարկանի շինություն կառուցել ու 4 հարկը անհատույց հատկացնել Գրողների միությանը. «Ներդրողն ասաց, որ լավ կլինի, որ բազմահարկի մեջ ներառվի նաեւ Գրողների միության շենքը, բայց մենք վարչությամբ քննարկեցինք եւ մերժեցինք առաջարկը»: Վերոնշյալ առաջարկի դեպքում, Գրողների միությունը մի քանի տարով պետք է այլ տարածք տեղափոխվեր, ինչը նախագահի կարծիքով կկազմալուծեր իրենց աշխատանքը: Բացի այդ, «Ոչ մի առաջարկ, որը կապված կլինի Գրողների տան քանդման հետ, չհավատաք, որ իրականություն կդառնա, որովհետեւ նույն օրը ես հրաժարական կտամ»: Նա դժգոհեց լրագրողներից, որ շենքի չեղած վաճառքի մասին այդպիսի աղմուկ են բարձրացրել, «իսկ երբ պետությունը որոշեց եռակի բարձրացնել ստեղծագործական միությունների շենքերի կադաստրային արժեքն ու գույքահարկը, ոչ ոք այդ մասին չմտահոգվեց»: «Առավոտի» հարցին, ի վերջո, երբ է վաչության նիստում քննարկվելու Գրողների միության շենքի հարցը եւ հնարավոր առաջարկները, որոնք, ի դեպ, մշուշոտ ներկայացվեցին, Անանյանը պատասխանեց. «Մենք քննարկում ենք, երբ ժամանակ ենք ունենում, իսկ վարչության նիստ գումարվում է եռամսյակը մեկ»: Գրողների տան բարելավման եւս 2 առաջարկ կա, դրանցից մեկը, Անանյանի ասելով, ներկայացրել են ամերիկահայեր՝ «մտավորական ներկայացուցիչներ, ովքեր ուզում են Գրողների միության հոգսը թեթեւացնել»: Մյուսը պարսկահայ է, բայց «պարսկահայերին ոչ ճանաչում ենք, ոչ էլ»: Առայժմ ամեն ինչ, ըստ Անանյանի, սաղմնային փուլում է, սակայն Գրողների միությունում ոմանք հակված են մտածել, որ, ի վերջո, ամեն ինչ հօգուտ էդոյանի բարեկամի կլուծվի: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել