Լրահոս
Օրվա լրահոսը

Լոնդոնը

Ապրիլ 18,2006 00:00

Լոնդոնը «յան տվեց» Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին ասել է, թե չի կարողանալու աջակցություն ցուցաբերել Վաշինգթոնին՝ Իրանին ռազմական հարված հասցնելու դեպքում, եթե անգամ այդ ակցիան հավանության արժանացած լինի միջազգային հանրության կողմից, հղում անելով «Սքոթլանդ օն սանդի» թերթին՝ փոխանցում է «Նոյյան տապանը»: «Լավագույն դեպքում մենք կաջակցենք դիվանագիտական հարթության մեջ արվող քայլերին, սակայն մենք չենք կարող մեր ռեսուրսները տրամադրել ռազմական հարվածի համար»,- ըստ վերոհիշյալ թերթի, փոխանցել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության աղբյուրը: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, իրանական միջուկային խնդրի լուծման հարցում դիվանագիտական ջանքերը շարունակելու օգտին է արտահայտվել Միջազգային քաղաքականության բրիտանական հայտնի վերլուծաբանական կենտրոնը (ՄՔԿ): «Երկարաժամկետ առումով իրանական խնդրի միակ լուծումը, ընդգծել է Իրանի վերաբերյալ ՄՔԿ-ի զեկույցի հեղինակներից Ալեքս Բիգհեմը, ժողովրդավարության հաստատումն է: Սակայն այդ գործընթացը չի կարելի պարտադրել, ինչպես Իրաքի դեպքում՝ դա կհարվածի բումերանգի պես»: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ ամենաազդեցիկ սենատորներից մեկը՝ Միտչ Մակքոնելը Ռուսաստանին եւ Չինաստանին կոչ է արել պաշտպանել Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների սահմանման ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի առաջարկությունը: Մակքոնելը համարում է, որ Վաշինգթոնը պետք է շարունակի ճնշումը Մոսկվայի եւ Պեկինի նկատմամբ, որպեսզի նրանք վերանայեն իրենց ներկայիս դիրքորոշումը, հաղորդում է «Ասոշիեյթեդ պրեսը»: ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ռիչարդ Լուգարը կոչ է արել նախագահ Բուշի վարչակազմին՝ Իրանի հետ նրա միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցություններ սկսել: «Կարծում եմ, որ այդպիսի բանակցություններն օգտակար կլինեն»,- ասել է ամերիկացի օրենսդիրը ABC հեռուստաընկերության կիրակնօրյա հարցազրույցի ժամանակ: Դեմոկրատ սենատոր Քրիստոֆեր Դոդդը, իր հերթին, համոզմունք է հայտնել, թե ԱՄՆ-ը սխալ է վարվում Իրանի հետ՝ դիվանագիտական բանակցություններ վարելու իրավունքը զիջելով իր եվրոպացի դաշնակիցներին: «Ուղիղ բանակցությունները ամենեւին չեն նշանակի, որ մենք նրանց հետ համաձայն ենք եւ նրանց պաշտպանում ենք»,- Fox հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է նա: Իսկ ամերիկացի հայտնի քաղաքական գործիչ Հենրի Քիսինջերը չի բացառել Իրանի նկատմամբ գործողությունների ցանկացած տարբերակի նախապատրաստումը (ընդհուպ մինչեւ միջուկային զենքի կիրառում) Պենտագոնում: «Միջուկային ուժի գործադրումը պետք է լինի վարչակազմի կողմից քննության առնվող վերջին տարբերակը»,- ասել է Քիսինջերը: Օրերս նույն խնդրին են անդրադարձել նաեւ ԱՄՆ դաշնակիցներ Պակիստանի եւ Սաուդյան Արաբիայի ղեկավարները, կոչ անելով Իրանի միջուկային խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել