Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի ու վարչապետի ընդդիմության թեկնածուները կան

Ապրիլ 18,2006 00:00

ՀՀ նախագահի ու վարչապետի ընդդիմության թեկնածուները կան Բայց թեկնածուները, պարզվում է, դրա մասին տեղյակ չեն Ընդդիմադիր դաշտում գործող ձեւաչափերն ու դաշինքները՝ «Արդարություն», «17+» եւ այլն, դեռեւս անցյալ տարվա սահմանադրական հանրաքվեից հետո, կարծես թե, սպառել են իրենց: Հիմա ընդդիմությունը նոր «ֆորմատների» որոնումների մեջ է՝ աջ ուժերի միավորում, քաղաքացիական շարժում ու այլն, բայց դրանք այդպես էլ տեսքի չեն գալիս: Օրերս հայտնի դարձավ, որ մոտ ապագայում ընդդիմադիր դաշտում ծնունդ է առնելու մի նոր հասարակական կազմակերպություն: Այս մասին տեղեկությունները վաղուց են շրջանառվում, բայց ավելին՝ քչերին է հայտնի: Համենայնդեպս, ըստ որոշ տեղեկությունների, այդ նոր կազմակերպությունը, որի մեջ մտնում են «17+»-ի առանձին գործիչներ, փորձում են առաջիկա խորհրդարանական ընտրությունների շեմին նոր ձեւաչափ ստեղծելու հիմք դնել: Իսկ ձեւաչափի անդամները «17+» ձեւաչափում առավել քան հայտնի դեմքեր են լինելու: Խոսքը տվյալ դեպքում ԱԺՄ, «Ժառանգություն» եւ, այսպես կոչված, «մտավորականների ավագանու» մասին է: Վերջին օրերին առավել համառորեն շրջանառվող տեղեկությունների համաձայն, ընդդիմադիրները փորձում են նոր ձեւաչափ ձեւավորել, որի առանցքը լինելու են հասարակության կողմից ընդունված երկու քաղաքական գործիչներ՝ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ու «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ընդդիմադիր գործիչներից մի քանիսի դիտարկմամբ, այս երկու գործիչներն են, որ կարող են վայելել հասարակության վստահությունն ու առաջնորդել ժողովրդին: Ուստի, ընդդիմադիր առանձին շրջանակներ աշխատում են այս երկու կուսակցություններին ավելի մերձեցնելու ուղղությամբ: Ավելին, ասվում է նաեւ, թե իդեալական տարբերակ կլինի, եթե առաջիկա խորհրդարանական եւ, ինչու չէ, նաեւ նախագահական ընտրությունների ժամանակ Վ. Մանուկյանն ու Ր. Հովհաննիսյանը հանդես գան միասին՝ որպես ՀՀ նախագահի ու վարչապետի թեկնածուներ: Երեկ մենք փորձեցինք ճշտել, թե որքանո՞վ են այս խոսակցություններն իրականին մոտ ու արդյոք հնարավո՞ր է նման սերտ համագործակցություն հիշյալ կուսակցությունների միջեւ: «Ժառանգություն» կուսակցության քաղաքական հարցերով քարտուղար Վարդան Խաչատրյանն ասաց, թե դա խիստ կասկածելի է: «Չեմ կարող ասել, թե նման կոնկրետ քննարկումներ կան: Շփումները եղել են շատ ավելի լայն դաշտում, քան կոնկրետ խնդրի շուրջ: Խոսքը տվյալ դեպքում «17+»-ի շրջանակներում ընդդիմադիր ուժերի՝ հանրաքվեից հետո միասնական գործողությունների մասին է»,- ասաց Վ. Խաչատրյանը՝ հավելելով, թե հիմա ընդդիմությունը զբաղված է հանրաքվեի ընթացքում տեղ գտած կեղծիքների ու մարդու իրավունքների ոտնահարման հարցերը Եվրոպական դատարան հասցնելու խնդրով: Ըստ Վ. Խաչատրյանի, այդ գործով հիմնականում զբաղված է սահմանադրական հանրաքվեի վերահսկողությունն իրականացրած հանձնախմբի համակարգող անդամ Ռուբեն Թորոսյանը: Ինչ վերաբերում է Վազգեն Մանուկյանին, ում, ի դեպ, մեր տեղեկություններով, վերապահված է առաջիկա ընտրությունների ժամանակ ընդդիմության առանձին ուժերի կողմից ՀՀ նախագահի թեկնածուի դերակատարումը, ապա նա ասաց, թե իր եւ Ր. Հովհաննիսյանի հնարավոր դաշինքի մասին տեղեկությունները ֆանտաստիկայի ոլորտից են, առավել եւս, որ այդ ընտրությունների մասին խոսելը դեռ շատ վաղ է. «Դրանք դատարկ խոսակցություններ են»: Այդուհանդերձ, պարոն Մանուկյանն ասաց. «Ընդդիմության ներսում տարբեր գործիչների մեջ տարբեր փոխհարաբերություններ կան: Խոսել հիմա ընտրությունների մասին՝ անիմաստ եմ համարում, բայց ընդդիմադիր շրջանակներում տարբեր կոնֆիգուրացիայի քննարկումներ գնում են: Կան քննարկումներ, որոնց ես մասնակցում եմ, կան քննարկումներ, որոնց չեմ մասնակցում: Ավել բան ասել չեմ կարող»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել