Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԵՄ

Ապրիլ 18,2006 00:00

«ՉԵՄ ԻՄԱՆՈՒՄ՝ Ո՞Ր ԱՊՈՒՇՆ Է ԴԱ ԱՍԵԼ» Ասում է ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը «17+1» ձեւաչափի առաքելության ավարտված լինելու մասին՝ մոռանալով, որ այդ պնդումն արել էր «Հանրապետության» քաղխորհրդի անդամը: ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանն «Առավոտին» ապրիլի 3-ին տեղեկացրել էր, թե «սառույցը շարժվել է» եւ «17+1» ձեւաչափի նիստում մշակել են ժամանակացույց. «Առաջիկա 15 օրում նախապատրաստելու ենք նախաձեռնող խմբի եւ համակիրների մեծ ժողով, որտեղ կընդունվի հայտարարագիրը: Դրանից հետո կհավաքվեն ստորագրություններ: Իսկ դրանից 15-20 օր հետո կանցկացվի շարժման հիմնադիր ժողով, որտեղ կընդունվեն հիմնադրույթները եւ կընտրվի ղեկավար մարմին»: Փորձեցինք պարզաբանումներ ստանալ, թե ինչու, չնայած այդ ժամկետն արդեն սպառված է՝ այդպես էլ չկա տեղեկություն որեւէ «մեծ ժողովի» մասին: Արշակ Սադոյանը պարզաբանեց. «Աշխատանքային խումբն ինտենսիվ աշխատում է: Փաստաթղթերն արդեն պատրաստ են: Մենք ենթադրում էինք, որ կուսակցություններն իրենց համախոհների շրջանում աշխատանքներ կտանեն 200 հոգանոց նախաձեռնող խումբ ձեւավորելու համար: Բայց բեռը նորից ընկնում է աշխատանքային խմբի վրա: Եվ շարունակվում են կոնտակտները նախաձեռնող խմբի պոտենցիալ անդամների հետ: Կարող է մի քիչ ձգձգվի, բայց այդ գործընթացն այլընտրանք չունի՝ ուզած-չուզած պետք է իրականացնենք: Նախաձեռնող խմբի ժողովը ծրագրում ենք ապրիլի վերջին: Կարող է՝ ուշացվի մեկ շաբաթով»: Որպես այս ձգձգումների պատճառ՝ պրն Սադոյանը նշեց. «Որոշակի բարդություններ կան, պասիվություն են ցույց տալիս որոշ կուսակցությունների ներկայացուցիչներ»: ԱԺԴ նախագահը հրաժարվեց որոշակիացնել, թե որ կուսակցություններն են դրանք՝ չցանկանալով այս հարցին անդրադառնալ առանց այդ կուսակցությունների «հիմնավոր պատասխանի՝ ուղղակի նախնական խոսակցությունների հիման վրա»: Սակայն երբ հետաքրքրվեցինք, թե արդյոք «Հանրապետությունը» մասնակցո՞ւմ է «17+1» ձեւաչափի ամեն երկուշաբթի գումարվող նիստերին (երեկ միավորման նիստ չի եղել՝ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրվա կապակցությամբ), պրն Սադոյանը պատասխանեց. «Հանրապետություն» կուսակցությունն ակտիվ մասնակցություն չի ցուցաբերում աշխատանքային խմբի գործունեությանը»: Հիշեցնենք, որ այդ կուսակցության քաղխորհրդի նիստում որոշվել էր, որ առաջիկա ամիսներին «Հանրապետությունը» չի մասնակցելու որեւէ նոր ձեւաչափի ձեւավորման: Եվ հենց «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն էլ հայտարարել էր. «17-ի ֆորմատն իր առաքելությունը?կատարել է: Այն խնդիրը, որը այդ ֆորմատը դրել էր իր առջեւ սահմանադրական հանրաքվեի հետ կապված՝ այդ խնդիրն արդեն ետեւում է մնացել»: Սակայն երբ պրն Սադոյանին խնդրեցինք մեկնաբանել այն գնահատականները, թե քանի որ «17+1» ձեւաչափը ստեղծվել էր հանրաքվեի կապակցությամբ՝ իր խնդիրը լուծել եւ այլեւս սպառված է, նշեց. «Չեմ իմանում, թե որ ապուշն է դա ասել: Քանի որ՝ հենց հանրաքվեի ընթացքում հարց արծարծվեց, թե քանի որ կեղծվում է քվեարկությունը՝ առաջիկայում դարձյալ կկեղծվեն ընտրությունները, ուստի Հայաստանում պետք է պայքար գնա հանուն քաղաքացիական հասարակության: Խնդիր չեմ տեսնում, թե քանի որ այս կազմավորումը ձեւավորվել է հանրաքվեի ընթացքում՝ հիմա պետք է ասել, որ հանրաքվեն ավարտվել է, հարցերն էլ՝ վերջացել: Եթե հիշում եք՝ ե՛ւ Վազգեն Մանուկյանը, ե՛ւ մյուսները հաճախ պատկերավոր ասում էին, թե տիզի պես պետք է կպնենք եւ այս հանրաքվեն պատճառ դարձնենք, որ Հայաստանում ստեղծվի քաղաքացիական հասարակություն: Եվ այժմ զարմանում եմ, որ ինչ-որ մարդիկ կարող են ասել, թե առաքելությունը կատարված է: Սա ուղղակի նշանակում է, թե նրանք իրենց որոշումներից հետ են կանգնում, կամ խուսափում՝ անհասկանալի պատճառներով»: Վերջերս, սակայն, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն էլ ասաց, թե կամաց-կամաց ե՛ւ «Արդարություն» դաշինքը, ե՛ւ «17+1» միավորումը սկսում են ֆորմալ ակումբային տեսք ունենալ, որտեղ մարդիկ հավաքվում եւ քննարկում են ապագա եւ այսօրվա հարցերը. «Ես չեմ տեսնում, որ այդ ֆորմատներից մեկնումեկի հզորացումով պետք է որոշվեն 2007-ի մեր անելիքները, ինչ-որ նոր ֆորմատ պետք է ստեղծել»: Սակայն Արշակ Սադոյանը չհամաձայնեց մեր այն նկատառմանը, թե ակումբներում գործողություններ չեն իրականացվում՝ ընդամենն ընթանում են զրույցներ. «Չեմ կարծում, թե դա ասելով՝ Վազգեն Մանուկյանը նկատի ուներ, որ ակումբն ընդամենը խոսարան է: Հավանաբար միտքը եղել է այն, թե քանի որ «17+1+8» շարժումն իր առջեւ նպատակ է դնում վեր կանգնելով գաղափարական տարաձայնություններից՝ մշակել ընդհանուր գործունեության հիմքերը՝ բնական է, որ նեղգաղափարական վեճեր կա՛մ չեն լինի, կա՛մ կլինեն մեղմ ակումբային: Համենայնդեպս, շարժումը միաձույլ մի ամբողջություն չի՝ տարբեր մոտեցումներով, մասնակցության աստիճանի տարբերություններով ուժերի միավորում է: Եվ այս պայմաններում, ինչ-որ չափով, դա կարող է ունենալ ակումբային տեսք էլ»: Նկատեք, որ միավորման մասին խոսելով՝ Արշակ Սադոյանը գործածեց «17+1+8» բանաձեւը: Սակայն ինչպե՞ս է ստացվում, որ թվերը չեն փոխվում, թեեւ անընդհատ փոխվում են այս ձեւաչափի գումարելիները: Մարքսիստական կուսակցությանն իրենք հեռացրին, Պահպանողական կուսակցությունն ինքը հեռացավ, ՀԺԿ-ն այլեւս չի մասնակցում, «Հանրապետությունն» առկախել է մասնակցությունը, սակայն չի փոխվում միավորման թիվը, եւ հակառակը՝ ավելանում է: Մաթեմատիկական այս առեղծվածի սադոյանական բացատրությունն էր. «17+1»-ն ընդամենն անուն է, որին սովոր են, ուստի ընթացքում չեն փոխում՝ 16 կամ 15 դարձնելու համար: Ամեն դեպքում, այսօր բացի Ձեր նշած կուսակցություններից՝ մնացածը որեւէ հայտարարություն չեն արել, թե դուրս են գալիս այս ձեւաչափից»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել