Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐՈՂ

Ապրիլ 18,2006 00:00

ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ ՏՀԱՃ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ Երեկ ասուլիսում զգուշացրեց ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանի ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարները հանդիպել են լորդ Ռասսել-Ջոնսթոնին՝ քննարկելու ԼՂ հարցով հանձնաժողովի հետագա աշխատանքները: Տիգրան Թորոսյանը կարեւորեց, որ հանձնաժողովն իսկապես զբաղվի 1416 բանաձեւի հանձնարարականների կատարման վերահսկողությամբ. «Պետք է մեխանիզմներ մշակվեն՝ ընթացքն արձանագրելու համար: Երկրորդ՝ շատ կարեւոր է, որ հանձնաժողովի կազմը վերանայվի, եւ լորդ Ռասսել Ջոնսթոնը նույնպես համաձայնեց դրան: Արդեն կան պայմանավորվածություններ, եւ կարծում եմ՝ այդ հանձնաժողովի վերջնական տեսքը կլինի այնպիսին, որ կմասնակցեն մարդիկ, որոնք իսկապես տեղյակ են ընթացքին»: Հանձնաժողովի կազմում մասնավորապես կլինեն Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակություններից երկուական հոգի՝ պատվիրակության ղեկավարը եւ ընդդիմության ներկայացուցիչը, մեր երկրների հարցով երկուական զեկուցողները եւ այլք: Տիգրան Թորոսյանը նաեւ հայտնեց, որ հանձնաժողովը հոկտեմբերին այցելելու է Հայաստան, Ադրբեջան եւ Ղարաբաղ, իսկ մինչ այդ՝ հունիսյան նստաշրջանի ընթացքում տեղի կունենա հանձնաժողովի նիստը: Մայիսի վերջին-հունիսի սկզբին Հայաստան կայցելի ԵԽԽՎ Մեծ Բրիտանիայի պատվիրակ Էդուարդ Օ254Հարան, որը պիտի պատրաստի տեղեկատվական զեկույց Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում հուշարձանների վիճակի մասին:?«Առավոտ»-ը հիշեցրեց, որ նախորդ ասուլիսում անդրադառնալով այն հանգամանքին, որ ԵԽԽՎ-ն որոշեց առաքելություն ուղարկել ե՛ւ Ադրբեջան, ե՛ւ Հայաստան՝ Տիգրան Թորոսյանը նշել էր, թե այդ կապակցությամբ հավասարության նշան դնելու շուրջ իր անհամաձայնությունն անպայման հայտնելու է ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին: Հետաքրքրվեցինք, թե այս նստաշրջանի ընթացքում եղա՞վ նման զրույց, եւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը պարզաբանեց, որ Թերի Դեւիսի հետ հանդիպման ժամանակ քննարկում է եղել հուշարձանների խնդրի վերաբերյալ: Ըստ Տիգրան Թորոսյանի՝ ինքն ասել է, թե «չի կարելի է հաշվի չառնել այն հանգամանքը, որ հուշարձանները կարող են վնասվել տարբեր հանգամանքներում, մասնավորապես՝ պատերազմի ժամանակ եւ խաղաղ ժամանակներում միտումնավոր որեւէ երկրի քաղաքականության հետեւանքով: Եվ այստեղ պետք է հստակություն մտցվի եւ տարբերություններն արձանագրվեն»: Թերի Դեւիսը համաձայնել է այս դիտարկմանը, սակայն նաեւ նշել, թե «ցավալի է որեւէ իրավիճակում որեւէ հուշարձանի վնասվելը»: Հետաքրքրվեցինք, թե ինչպես մեր դեպքում Հին Ջուղայի խաչքարերն են՝ մեր ընդդիմախոսները փաստական հանգամանքներ մատնանշո՞ւմ են, որ Հայաստանի տարածքում էլ ավերվել են ադրբեջանական հուշարձաններ: Տիգրան Թորոսյանն ի պատասխան հայտնեց, թե բոլոր կողմերը պետք է ներկայացնեն իրենց առաջարկությունները, ցուցակ՝ այս կամ այն հուշարձանը տեսնելու վերաբերյալ. «Երբ մենք ստանանք ցուցակը նաեւ Հայաստանում գտնվող հուշարձանների մասին՝ պիտի այս ուղղությամբ եւս շատ մանրակրկիտ աշխատանք արվի, քանի որ չի բացառվում, թե ադրբեջանցիները կարող են ուղղակի ասել, որ մի բաց դաշտում 50 կամ 100 տարի առաջ ադրբեջանական հուշարձան է եղել՝ հայերը վերացրել են եւ այժմ որեւէ հետք չկա: Ուրեմն մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած հարցադրմանը տալ լիարժեք եւ բավարար պատասխան: Եվ այս նպատակով շաբաթվա վերջին կհրավիրեմ համապատասխան կառույցների ներկայացուցիչների եւ մասնագետների, որ ճշտենք իրենց խնդիրները եւ, որ իրենք կարողանան լիարժեք աշխատել: Մենք հետո որեւէ մեկից չպետք է բողոք ունենանք»: Տեղեկացրեց, թե նստաշրջանի օրերին՝ ապրիլի 12-ին ադրբեջանցիներն արդեն տարածել էին առաջարկություն հանձնարարական ընդունելու վերաբերյալ, որը կոչվում է «Հայաստանի տարածքում Ադրբեջանի կարեւոր մշակութային, պատմական հուշարձանների վիճակը»: Ըստ պրն Թորոսյանի՝ «այնտեղ կեղծ գիտական հիմքի վրա հղումներ անելով տարբեր մարդկանց (վստահ եմ նաեւ, որ հղումները իրականությանը չեն համապատասխանում), փորձ է արվում ներկայացնել մի պատկեր, թե Հայաստանի ամբողջ տարածքի վրա եղել են բազմաթիվ ադրբեջանական հուշարձաններ, եւ դրանց ճնշող մեծամասնությունը ոչնչացված են կամ ոչնչացման եզրին են: Սա ինչքան էլ ադրբեջանական տարբեր կառույցների ընդհանուր քաղաքականության շրջանակներում գտնվող կեղծիքների տարածման շարքից է, այդուամենայնիվ, նման հարցերին պետք է ունենալ ամենալուրջ վերաբերմունք: Եվ այն ամենը, ինչ այստեղ հիշատակված է, պիտի ունենա հստակ պատասխան: Հակառակ դեպքում, ուղղակի հույս ունենալ, որ մենք արդար ենք եւ այլն՝ նման հաստատագրումները ոչ մի լավ բանի չեն հանգեցնելու: Արդար լինելուց բացի՝ պետք է նաեւ լավ աշխատել: Կյանքը ցույց է տալիս՝ այնտեղ, որտեղ լիարժեք աշխատանք կա, հաջողություն է լինում. այնտեղ, որտեղ ուղղակի ցանկություններ են եւ հայտարարություններ, կարող են մեզ սպասել նաեւ տհաճ անակնկալներ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել